Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը մարտի 8-ին նախ՝ պայթեցրեց Արցախ մտնող գազատարը, ապա, 12 օր անգազ պահելուց հետո, փական տեղադրեց ու մեկ օր գազ տալուց հետո նորից փակել է։
Սա կոշտ վերաբերմունք է և խաղաղապահների պատասխանն էլ պետք է համարժեք կոշտ լինի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
Գազատարի հատվածն անմիջապես ադրբեջանական դիրքի մոտով է անցնում՝ կիրճեր են, սարեր են, Շուշիի և Զառիսլուի միջև հատվածում է։ Գազատար խողովակը փոխելը հեշտ չէ, ասաց նա, այսօր այդտեղ մեկ մետրաչափ ձյուն է նստած։
Գազատարի հատվածը պետք է վերցնել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ՝ որպես չեզոք գոտի, հումանիտար նկատառումներով՝ համամիտ է Վահրամ Բալայանը։
«Պիտի անեն․ այդ ռեսուրսն իրենք ունեն՝ խաղաղապահ ուժերի մասին է խոսքը։ Որովհետև զուտ հայկական կողմից միջամտությունը ցանկալի չէ այն առումով, որ նոր սրացում, նոր լարվածություն կառաջացնի։ Բայց քանի որ խաղաղապահ ուժերը նման առաքելություն են իրականացնում, իրենք այդ իրավասությունը ունեն նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ, որ ժողովրդի անվտանգությունը երաշխավորեն, պահեն»,-ասաց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։
Նա համոզված է, որ գազատարը փակելը ամբողջական շղթայի մի հատվածն է․ այն փորձերից է, որ կատարվում են Ադրբեջանի կողմից արցախահայության համար անտանելի պայմաններ ստեղծելու համար, որ հայրենիքը լքեն։
«Սկզբում բարձրախոսներով հայտարարություններ արեցին, որ լքենք մեր բնակավայրերը, ադրբեջանական երաժշտություն միացրին, այնուհետև ավտոմատից կրակեցին, ականանետից կրակեցին ու գազը փակեցին։ Այսինքն, սա այն շղթան է, որ կիրառում են՝ տեսնելու ժողովուրդը կդիմակայի՞, թե՞ չէ։ Պետք է համարժեք պատասխան լինի, մասնավորապես, խաղաղապահների կողմից, որոնք այդ առաքելությունն ունեն և իրենց հետ փափուկ խոսելու հետևանքը ահա սա է»,-նշեց Վահրամ Բալայանը։
Պետք է խաղաղապահների վերաբերմունքը կոշտ լինի նրանց հանդեպ, որովհետև, վերջ ի վերջո, մարդիկ առանց գազ ո՞նց պետք է ապրեն, կամ եթե ականանետով խփում են բնակավայրին, օրինակ, այդ ականանետի արկերից մեկն ընկել է Փառուխի գյուղապետարանի վրա, այնտեղ մանկապարտեզ կա, դպրոց կա, Խրամորթի խաղաղ բնակավայրն է թիրախավորվում։ Իսկ գազատարը մեկ՝ պայթեցնում են, մեկ՝ սարքում, մեկ՝ փակում․ սա մարդկանց ձեռք առնելու նման է՝ ասաց Վահրամ Բալայանը։
Այս պայմաններում ՄԱԿ-ի պաշտոնյաները չվարանեցին Շուշիում ադրբեջանական միջոցառման մասնակցել՝ խախտելով չեզոքությունը։ Վահրամ Բալայանը սա դատարապարտում է։
«Միջազգային կառույցները, մասնավորապես ՄԱԿ-ը, գերտերությունների ձեռքին խաղալիք է իրենց հարցերը լուծելու համար։ Պարզապես արձանագրումներ են անում, բայց գործնական ոչ մի բան։ Ինձ համար էլ է զարմանալի՝ եթե դա կառույց է, որը պետք է իսկապես մարդու իրավունքները պաշտպանի, ապա դա հակառակ մի բան է․ սա է իրականությունը»,-ասաց Վահրամ Բալայանը։
Նա ընդգծում է, որ պատերազմի ժամանակ էլ ՄԱԿ-ը չարձագանքեց, և հիմա էլ դրա շարունակությունն է։
Վահրամ Բալայանը Երևանում մասնակցեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած լսումներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի վերաբերյալ։ Նա կարևոր համարեց, որ Արցախի Ազգային ժողովի մասնակցությունը ևս ապահովված էր հուզող հարցերը համատեղ բարձրացնելու համար։ Այն հարաբերությունները, ինտեգրումը, որ եղել է 30 տարիների ընթացքում Արցախի Հանրապեության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական, անվտանգային համակարգում, ցավոք սրտի, այսօր չկա, փլուզվել է՝ նշեց Արցախի ԱԺ պատգամավորը, դեինտեգրացիայի նման ինչ-որ մի բան է ընթանում, պետք է հնարավորինս փորձենք սրան խանգարել, մեկտեղել երկու հայկական միավորների ուժերը․ ճանապարհը սա է։
Աննա Բալյան