կարևոր
3532 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-07 10:15
Հասարակություն

Պինդ պահեք... շողքը. «Փաստ»

Պինդ պահեք... շողքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերջին շրջանում ավելի ցայտուն է դրսևորում նշաններ, որոնք բնորոշ են հոգեվարք ապրող բռնատիրական ռեժիմներին և, հակառակը, ոչ մի կերպ բնորոշ չեն «ժողովրդական» կամ «ժողովրդի ընտրյալ» կառավարություններին, ինչպիսին սիրում է առիթ-անառիթ ներկայանալ ինքը՝ Փաշինյանը:

Ասվածի ամենից թարմ ու ցայտուն վկայությունը մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում արձանագրված աննախադեպ (էլի՝ աննախադեպ) խայտառակությունն էր: «Եռաբլուր» էր եկել Նիկոլ Փաշինյանը, ու նրա «պահպանության ծառայության» աշխատակիցները, ոստիկանների հետ համագործակցելով, հրմշտելով ու անշնորհքություն ցուցադրելով, տարածքից հեռացրեցին լրագրողներին:

Ամենից «ցնցողը» այդ ամենի «հիմնավորումն» էր, թե լրագրողները... հավատարմագրված չեն տվյալ «միջոցառումը», այն է՝ Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցելելը լուսաբանելու համար: Ու փաշինյանական իշխանության այդ ծառաները անգամ իրենց նեղություն չտվեցին ճշտել լրագրողների տվյալները:

Սա նշում ենք, որովհետև, եթե եղել էր «հավատարմագրում», ինչպես պնդում էին փաշինյանական իշխանության այդ ներկայացուցիչները, ապա պետք է լիներ նաև հավատարմագրված լրագրողների ցանկ՝ լրատվամիջոցների նշումով: Գործնականում Փաշինյանի պահպանության ծառայության աշխատողները խոչընդոտեցին տվյալ վայրում օրինական հիմքով ներկա լրագրողներին՝ կատարել իրենց մասնագիտական պարտականությունը: Առանց հավել յալ պրպտումների էլ պարզ է, որ լրագրողներին «տարածքից հեռացնելը» պահպանության ծառայության աշխատողների «գործատուի»՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն էր, որն էլ կատարվեց:

«Ժողովրդավարության բաստիոնի», «ժողովրդավարության աշխարհի չեմպիոն», իսկ իրականում պարզապես ոստիկանապետության վերածված Հայաստանի համար դա իսկապես էլ աննախադեպ էր: Առավել ևս զավեշտ է, երբ դա տեղի է ունենում լրագրող համարվող Փաշինյանի իշխանավարման ժամանակ և արվում է նրա իշխանության կողմից: Այն, որ Եռաբլուր մտնելիս էլ կարող են հավատարմագրում պահանջել լրագրողից, ինքնին խայտառակություն է:

Վաղըմյուս օրը հավատարմագրում կպահանջեն բոլոր այն փողոցներով քայլելու համար, որտեղով ենթադրաբար կարող է անցնել Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա ինքնին ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը արդեն երևի ինքն իր շողքից էլ է, այսպես ասենք, զգուշանում: Պահպանության ծառայությանը հորդորեք, թող պինդ պահպանեն... շողքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում