կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 14:11
Քաղաքական

Էդ 20 տեղը պինդ պահեք, չկորցնեք հանկարծ

Էդ 20 տեղը պինդ պահեք, չկորցնեք հանկարծ

ՀԱԿ-ն իշխանություններին քարտ բլաշ է տվել, որ ներքաղաքական խնդիրները հանկարծ չազդեն «մեր փոքրիկ Հայաստանի ապագայի վրա»: «Մենք իրավունք չունենք այսօր վնասելու մեր պետականությունը». այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը` նշելով, որ արտահերթ ընտրությունները հետաձգելով` ամեն օր վտանգում ենք մեր երկիրը:

Անդրադառնալով ԼՂՀ բանակցություններին` Կոնգրեսի ներկայացուցիչը նշեց, որ մեր երկրին ուժեղ, լեգիտիմ նախագահ է հարկավոր:

«Չեմ ընդունում մեր գործընկերների այդ միակողմանի դատողությունները»,- նրան հակադարձեց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը` նշելով, որ անկախ այն բանից, թե Հայաստանի նախագահը ով կլինի` դա ոչ մի նշանակություն չի ունենա Ադրբեջանի համար:

Հանրապետական գործիչը Կոնգրեսին խորհուրդ տվեց մյուս քաղաքական ուժերի նման պատրաստվել հերթական ընտրություններին: Ավելին, նա եզրակացրեց, որ «այս անգամ ՀԱԿ-ը մեկ-երկու տոկոս շատ ձայն կհավաքի եւ ԱԺ-ում կարող է ունենալ մոտ 15-20 տեղ»:

«Ռաֆիկ ջան, էդ 20 տեղը պինդ պահեք, չկորցնեք հանկարծ»,- զայրացած արձագանքեց Գուրգեն Եղիազարյանը:- Հերթական ընտրություն կոչվածը հերթական խարդախությունն ա լինելու, իսկ հերթական խարդախությանը մենք չենք գնալու եւ թույլ չենք տալու, որ նման բան լինի»:

Անդրադառնալով երկխոսության վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատասխանին` Կոնգրեսի ներկայացուցիչը նշեց, որ դա միայն առաջին նախադասությունն է, «դրան կհաջորդի երկրորդը, երրորդը, չորրորդը»: «Գնալով ավելի ստույգ կլինեն պատասխանները, եւ հանձնաժողովները կնստեն սեղանի շուրջ»,- վստահեցրեց Եղիազարյանը, որին ի պատասխան, Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ պատվիրակություններով բանակցություններ երբեք տեղի չեն ունենա: