կարևոր
3787 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-23 15:56
Քաղաքական

Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք: Արցախից հետո

Ռուսաստա՞ն,  թե՞  Արևմուտք: Արցախից հետո

Ես արցախցի եմ, շնչել եմ պատերազմի հոտը՝ մոտ երկու տասնամյակ ծառայելով Արցախի բանակում: Վիրահատություններից հետո պառկած էի Երևանի հիվանդանոցներից մեկում, երբ իմացա, որ...  Շուշին հանձնվել  է:  Ներկայումս հարմարվում եմ  ներհայաստանյան իրողություններին:

Ես սա ինքնագովազդման նպատակով չեմ ասում: Քավ լիցի: Պարզապես նորերս ռուսաստանյան մի հեռուստաալիքով «Քաղաքակրթություն» խորագրի ներքո ցուցադրվեց այսպես ասած քաղաքակագիտական  հեռուստաֆիլմ «Իսլամական աշխարհ» վերնագրով, ու ես, հետևելով պատմաքաղաքական իրադարձություններին ու լսելով մեկնաբանությունները, հոգեբանական ճգնաժամ ապրեցի: Բանն այն է, որ, չլինելով քաղաքագետ, այլ ընդամենը ռազմիկ և տակավին Արցախում անմիջականորեն մասնակցելով  հայ-ադրբեջանական առճակատումներին, հանգում էի այն հետևությանը, որ սա ինչքան տարածաշրջանային իրադարձություն է, նույնքան էլ քրիստոնեական աշխարհ-մուսուլմանական աշխարհ գլոբալ հակամարտության մի հատված: Մեզ համար՝ թյուրքալեզու հատված: Եվ նշյալ ֆիլմը այս մտքի կամ գաղափարի նրբին հաստատումն էր:

Բնական է, որ ռուսական պատկերացումները չէին կարող միանշանակ  լինել. ռուսներն իրենք ունեն մուսուլմանական տարածաշրջաններ, ու այս պարագան հնարավոր չէ անտեսել: Այդուհանդերձ, հնչեց ֆիլմի գլխավոր ենթատեքստը՝ առաջիկայում մուսուլմանները կհասնեն իրենց գլխավոր նպատակներից մեկին՝ թվաքանակով կհավասարվեն քրիստոնյաներին: Տրվեց իսլամական աշխարհի սկզբնավորման ու զարգացման պատմությունը, ներկայացվեցին այդ հանրության գլխավոր պետությունները, ընդգծվեց իսլամական հավատքի կայունությունը (թեև նշվեց նաև շիաների ու սուննիների որոշակի անհաշտությունը) և այլն: Ռուսաստանյան մուսուլմանական տարածքներում ապշեցնում էր կառուցված ու կառուցվող մզկիթների վիթխարիությունը: Հատուկ արձանագրվեց, որ, չնայած իսլամի պահպանողական բնույթին, այդ աշխարհի որոշ երկրներ արդեն դառնում են նաև տեխնոլոգիական կենտրոններ: Ֆիլմում բնավ էլ ոչ հենց այնպես առանձնացվեց Կոստանդնուպոլսի գրավումը թուրքերի կողմից իբրև քրիստոնյաների հերթական խոշորագույն պարտություն: Եվ  որ այդ  գործընթացը շարունակվում է:

Հիմա եկեք ուշադիր նայենք մեր ժամանակների համաշխարհային  քարտեզին: Անկարելի է չնկատել, որ արդեն մուսուլմանացված աշխարհաշրջանում ընդամենը ծվարել է քրիստոնեական երկու «անկլավ»՝ Հայաստանն ու Վրաստանը: Քրիստոնեական Ռուսաստանի  ու  «քրիստոնեական» Արևմուտքի աչքի առաջ կորսվեց «հազարամյակների»   պատմություն ունեցող քրիստոնեական Արցախը, վրացիները կորցնում են թրքացող Աջարիան, 250 հազարանոց ադրբեջանական համայնքը վաղը-մյուս օրը պահանջելու է Քվեմո Քարթլի նահանգի կազմում ներառված գերազանցապես ադրբեջանաբնակ շրջանների  անկախությունը: Չափազանցվա՞ծ է այս երկու քրիստոնեածին սուբյեկտներին իսլամի կողմից կուլ տալու վտանգը: Թե՞ Արևմուտքը ջարդեց թուրքերին, երբ նրանք զորք մտցրին Կիպրոս: Կամ՝  ո՞վ քանդեց քրիստոնեական Հարավսլավիան ու ստեղծեց մուսուլմանական անկախ պետություն: «Իսլամական աշխարհ» ֆիլմում կատարյալ ողբասացության վերածվեց  մեկնաբաններից մեկի այն դիտարկումը, որ լինելով եվրոպական շատ երկրներում (թվարկեց դրանք), սրտի խոր ցավ է ապրել, տեսնելով, թե մուսուլմաններն ինչպես են հեղեղել Եվրոպան և ինչպես են նրանք բազում եկեղեցիներ վերածում մզկիթների:

Եթե ես հիմա հայտարարեմ, որ պատրաստ եմ պատերազմի հաշմանդամի իմ ցուպով անգամ պայքարել ի պաշտպանություն հայոց աշխարհի՝ ընդդեմ թյուրքալեզու մուսուլմանների, ապա ինձ կառարկեն, թե հերիք է մեծ-մեծ խոսենք, մենք հարց չենք լուծում, մեր փոխարեն վճիռ են կայացնում գերտերությունները, և դրա կենդանի ապացույցը Արցախի հայաթափումն էր, ռուսները մեզ «դավաճանեցին», Արևմուտքն էլ անողնաշար դիտորդի դերում էր և այլն:

Սակայն լրջանանք ու կրկին հավաստենք այն հայտնի ու դառը ճշմարտությունը, որ մեծ քաղաքականության  մեջ, իրոք, հաղթում է ուժը, որի մարմնացումը հենց գերտերություններն են: Դիվանագիտությունն էլ արդյունավետ է, երբ հենվում է ուժի վրա: Եվ փոքր ու թույլ պետության առաքելությունն է՝ ճիշտ կողմնորոշվել գայլերի այդ սակավաքանակ ոհմակի  մեջ՝ երբեք չմոռանալով, որ գերտերություն կոչվածների մեջ սրբեր չեն լինում. նրանց  միակ «սրբությունը» շահն է:

Ահա և մեր առջև կանգնած է գերտերական երկընտրանք՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք: Հայաստանում հետևելով լրատվամիջոցներին, տեսնում եմ, որ քաղաքագետների մեծ մասը ռոմանտիկ արևմտամետ է: Ես գտնում եմ, որ, այնուամենայնիվ, մենք պիտի հաշվի նստենք գլխավորապես Ռուսաստանի հետ: Ակնկալում եմ բազում նզովքներ: Գիտեք, ես ինքս ինձ ռուսամետ չեմ համարում. պարզապես մեկն եմ այն արցախցի կռված տղաներից, որոնք անմիջականորեն իրենց կաշվի վրա են զգացել այդ ուժի հզոր ազդեցությունը՝ դրական թե բացասական, կարևոր չէ: Մենք ի զորու չենք հակազդելու այդ ուժին, առավել ևս, երբ նա չի էլ պատրաստվում լքել մեր տարածաշրջանը: Եկեք անաչառ լինենք: Պատմականորեն, աշխարհագրականորեն, տնտեսապես, ռազմական և շատ այլ առումներով մենք գտնվել ենք ու գտնվում ենք ռուսական գերտերության ազդեցության գոտում: Դժգոհությունները, թե մեր դաշնակիցը մեզ չաջակցեց, թերևս իրական հիմքեր ունեն, սակայն դրանից ոչինչ չի փոխվում:

Անձնապես համոզված եմ, որ առաջիկայում  արդեն Հայաստանի բախտն է քննարկվելու Մոսկվայում, հենց Մոսկվայում, և ոչ թե Բրյուսելում կամ Վաշինգտոնում: Եվ մեզ չի սատարի ոչ ֆրանսիական, ոչ էլ հնդկական զենքը: Հիսունից ավելի պետություններ չեն կարողանում Ռուսաստանի հախից գալ, իսկ մեր շատ քաղաքագետներ քաջաբար սպառնում են, թե պետք է վերացնել ռուսական ռազմաբազան ու վռնդել սահմանապահ զորքերը: Ընդ որում՝ ինչպե՞ս.  ոչ ոք չի հուշում: Ասես Հայաստանը միջուկային գերտերություն է, իսկ Ռուսաստանը՝ իր անկարողությունների մեջ խրված մի երկիր: Եթե մենք չենք կարողանում լեզու գտնել  ռուսների հետ, դա մեր թերությունն է, ոչ թե նրանց: Հակադրվեցինք Ռուսաստանին և կորցրինք իմ աննման փոքր հայրենիքը՝ Արցախը, կրկին ծնկի գալով մուսուլմանաթուրքական աշխարհի առաջ: Ո՞վ ասաց, որ խնդիրը այլ լուծում չէր ստանա, եթե մենք, ասենք, զիջեինք միջանցքը: Ըստ իս, Հայաստանի ղեկավարության բազմակենտրոն այլընտրական փնտրտուքները թերևս տեղ ունեն, սակայն արդյունքում լավ բան չեն բերի մեզ: Հատկապես զավեշտական են սիրահետումները մերձբալթյան «գերտերությունների»  հետ (իբր ճնշում ենք գործադրում Մոսկվայի վրա): Իսկական մանկապարտեզ: Ռուսաստանի գլուխը խառն է Ուկրաինայում ու նա դեռ կոնկրետ քայլել չի ձեռնարկում մեր դեմ: Որևէ մեկը հավատու՞մ է, որ նա սուսիկ-փուսիկ կնստի ու կնայի, թե անորոշությունների մեջ գլորված մեր երկիրը ինչպես է ճողոպրում իր ազդեցության ոլորտից: Որտեղի՞ց համոզմունք, որ մեզ կհաջողվի խուսափել այնպիսի ճակատագրական աղետից, որպիսին մեր աչքի առաջ ապրեցին Վրաստանն ու հատկապես ՈՒկրաինան, անմտորեն, անհաշվենկատորեն հակադրվելով Ռուսաստանին: Շառաչուն ապտակից հետո վրացիները կորցրին իրենց տարածքի 20 տոկոսը, իսկ հիսուն միլիոնանոց Ուկրաինայի կեսն էլ չի մնացել  ու նա շարունակում է տարածք-տարածքի հետևից կորցնել: Թե՞ մենք ավելի հզոր ենք ու իմաստուն և Ռուսաստանը մեզ ոչինչ չի կարող պարտադրել: Պատրանք: Վրացիներն այսօր իրենք են Սաակաշվիլուն փտեցնում բանտում: Արևմուտքը չի կանգնի մեր թիկունքին. նրա փորացավը մեկն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից ու հնարավորության սահմաններում մեզ ևս դարձնել գործիք այդ մաքառումներում: Ինչպես ասացի, լավն է թե վատը Ռուսաստանը, ստիպված ենք առաջին հերթին հաշվի նստել նրա հետ: Հակառուսական ցանկացած գործողություն, նույնիսկ հայտարարություն թանկ է նստելու մեզ վրա: Համարենք նրան չարիքի փոքրագույն:

Ի դեպ, ավելորդ չէի համարի գերտերությունների ընտրության հարցում շոշափել  նաև «զգայական» մի խնդիր՝ չառնչված ոչ ուժին, ոչ էլ զենքին: Հայերս մեր երկրի գոյատևման գլխավոր հենքերից մեկը համարում ենք ավանդական ընտանիքը՝ բոլորիս կողմից ընդունված մեծագույն սրբությունը:  Ռուսներն էլ են խելքի եկել ու հսկայական ջանքեր ու միջոցներ են ներդնում հօգուտ ընտանեապաշտության: Իսկ ինչ է հակադրում «քրիստոնեական» Եվրոպան հենց թեկուզ աշխարհամասը առանց մի կրակոցի նվաճող  հայրիշխան բազմանդամ ընտանիքի՝ երեխաների պաշտամունքով առաջնորդվող իսլամի դեմ: Քարոզում է միասեռականություն, գենդերություն, ընտանիք հասկացության խեղաթյուրում, ծնողների համարակալում, տղամարդու և կնոջ ու, առհասարակ, սեռերի տարբերությունների  հավասարեցում և բնակչության աճը կանխող նմանատիպ այլ այլասերվածություններ: Կերջանկանա՞ մեր ազգը, եթե ընդունի (իսկ դրանք պարտադրվում են) այս հակաքաղաքակրթական քստմնելի «եվրոպական արժեքները»:

Նվաստիս կարծիքով, ժամանակն է, որ հայերս, կարևոր չէ հայաստանցի թե արցախցի, խոսենք նաև մեր ազգային թերությունների մասին: Լավագույն դեպքում քննադատվում են անհատներ՝ հին թե նոր՝ փոխադարձաբար: Բավական է ամեն ինչում մեղադրենք ուրիշներին: Արդյո՞ք մեր քաղաքական տգիտության, գավառամտության, կարճատեսության և այլնի հետևանք չէ այն, որ մենք այդպես էլ չունեցանք ու չունենք գոնե մեկ դաշնակից: Ի տարբերություն ադրբեջանցիների:

Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ Միութենական Պետության ուրվականը։

Վիտալի Մանասյան