կարևոր
4294 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-25 17:55
Քաղաքական

Սա Հայաստանի ոչնչացման ծրագիր է, քանզի Արցախից հետո գալու է Սյունիքի, հետո Սևանի, ապա՝ Երևանի հարցը. Անդրանիկ Թևանյան

Օրվա իշխանությունները Հայաստանը ներքաշել են աշխարհաքաղաքական մեծ արկածախնդրության մեջ, կանգնեցրել պատերազմի առաջ։ Մինչդեռ մեր ժողովրդին անհրաժեշտ է խաղաղություն, որպեսզի մայրերը որդեկորույս չդառնան, որպեսզի մենք մեր ձեռքով մեր տները չայրենք, փախստական չդառնանք. այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Սիրելի ժողովու՛րդ, ձեզ 2021-ին խաբեցին՝ խոստանալով, որ կբերեն խաղաղություն, կպայքարեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար, հայ–թուրքական բանակցությունները կվարեն առանց նախապայմանների, կզարգացնեն հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Պատերազմն ու զոհերը վերջ չունեն։ Խախտված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Երևանը կարող է Դոնբասի կամ Հալեպի օրն ընկնել։

Հիմա սրանք ասում են՝ Հայաստանում խաղաղություն կլինի միայն Արցախն Ադրբեջանին հանձնելու գնով։ Սա Հայաստանի ոչնչացման ծրագիր է, քանզի Արցախից հետո գալու է Սյունիքի, հետո Սևանի, ապա՝ Երևանի հարցը։

Հայաստանի ոչնչացման ծրագրի մաս է կազմում նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև կռվախնձոր դառնալը։

Արևմուտքի հովանու ներքո համաձայնելով Արցախն Ադրբեջանին հանձնելուն՝ օրվա իշխանությունը պատրաստվում է դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից ու ռուսական ռազմաբազան՝ Հայաստանից։ Դրանից հետո թուրքական զորքի մուտքը Հայաստան կդառնա տեխնիկայի հարց։ Մեր ժողովուրդը պետք է իմանա այս հրեշավոր ծրագրերի մասին:

Հարգելի՛ քաղաքացիներ, դուք պատրա՞ստ եք այդ սցենարին՝ հանուն մեկ մարդու շահերի բավարարման։

Այդ մարդու վարած քաղաքականությունը Հայաստանը վերածում է նոր Ուկրաինայի։

Վրաստանը դասեր քաղեց 2008–ից ու չհամաձայնեց իր քաղաքացիների կյանքի գնով հակառուսական երկրորդ ճակատ բացել, իսկ ահա հայաստանյան իշխանությունների միջոցով մեր երկիրը դառնում է մեծ խաղի փոքրիկ մանրադրամ։ Պաշտոնական Երևանը Հայաստանը հակառուսական պայքարի զոհասեղանին դնելու խոստում է տվել Վաշինգտոնին, սիրախաղ սկսել Թուրքիայի հետ, թշնամի հռչակել Ռուսաստանին։ Ի դեպ, մեր գործընկեր Զատուլինին արգելել են Հայաստան մտնել՝ կրկնելով Ադրբեջանի քայլերը։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կմնա Հայաստանից, եթե այստեղ սուր ձևով բախվեն Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի շահերը, և մեկը մյուսին փորձի դուրս մղել մեր տարածաշրջանից՝ հայերին թնդանոթի միս սարքելու միջոցով։

Հարգելի՛ հայրենակիցներ, մենք հայտնվել ենք մեծ աղետի նախաշեմին, որի համեմատ 44–օրյա պատերազմի հետևանքները խաղ ու պար կարող են թվալ։

Պատերազմ, պետականության կորուստ, 1915–ի կրկնություն թույլ չտալու համար պետք է ոտքի կանգնենք։ Խաղաղությունն ու այս իշխանություններն անհամատեղելի են։ Հայաստանի շահերն ու այս իշխանություններն անհամատեղելի են։ Կա՛մ, կա՛մ․․․», - հայտարարեց պատգամավորը: