Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ եկել է խորհրդարան` մեկ ժամ քայլելով, և ճանաչող մարդիկ մոտենում են ու սկսում խոսել:
Պատգամավորի խոսքով` մեկն ագրեսիվ է խոսում, մյուսը` լավ, բայց մեծ նյութ է հավաքվում` մարդիկ անկեղծանում են ու խոսում իրենց խնդիրներից:
Արամ Մանուկյանի խոսքով` ներկա պահին նախագահականի առջեւ բողոքում է երեք խումբ` բանակում խաղաղ պայմաններում զոհվածների մայրերը, հաշմանդամ օդաչուները, որոնց պահանջները անտեսված են, և Գարեգին Նժդեհի քրոջ աղջիկը` տիկին Էմման: Վերջինիս հետ կապված` պատգամավորը տեղեկացրեց լրագրողներին, որ երկուշաբթի` ժամը 12-ին, հենց նախագահականի առջեւ 75-ամյա տիկին Էմման ասուլիս է տալու. լրանում է նրա բողոքի ցույցի երկու տարին, կինը երկու տարի շարունակ` ամառ, թե ձմեռ, կանգնել է նախագահականի առջեւ, և ոչ ոք նրան «բանի տեղ չի դրել»:
«Սա է մեր իրականությունը, մարդկանց խնդիրներին ուշադրություն չեն դարձնում»,- ասաց պատգամավորը:
Լրագրողներից մեկի հարցին` արդյո՞ք ժողովուրդը իշխանափոխություն է ուզում, պատգամավորը պատասխանեց. «100 հոգու ուղղի էս հարցը, եթե հարյուրից տասն ասաց, որ չի ուզում իշխանափոխություն, ուրեմն ես համաձայն կլինեմ, որ ժողովուրդն իշխանափոխություն չի ուզում: Բա ի՞նչ է ուզում ժողովուրդը: Հավանում է այս իշխանությանը, բայց, տուն-տեղ ծախելով, վերմակ-դոշակ վերցրած, գնում է Ռուսաստա՞ն»:
Պատգամավորը առաջարկեց լրագրողներին քայլել ցանկացած փողոցով, ցանկացած մարդու հարցնել, թե ինչ է ուզում, և բոլորը կպատասխանեն, որ իշխանափոխություն են ուզում:
«Իմ ելույթներից հետո հանրապետական պատգամավորները, պաշտոնյաները մոտենում, ասում են, որ ես ճիշտ եմ ասում»,- ասաց նա` չցանկանալով անուններ նշել:
Մանուկյանի խոսքով` ժողովուրդը չի դիմանում ստեղծված իրավիճակին, և ընդդիմության նպատակն է փրկել իրավիճակը, որպեսզի մարդիկ այլեւս չարտագաղթեն, իսկ կիսելյովների նմանները չգան խորհրդարանում` դաս տան, և երկրի պաշտոնյաները դասը չսովորածի նման չխեղճանան օտարների մոտ:
Ըստ նրա` մարդկային որակներից ամենալավ հատկանիշը արժանապատվությունն է, որը չի մնացել իշխանությունների մոտ: