կարևոր
5203 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-16 11:56
Քաղաքական

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամփոփել է Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի երկշաբաթյա այցը Վաշինգտոն

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամփոփել է Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի երկշաբաթյա այցը Վաշինգտոն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ավարտել են իրենց երկշաբաթյա աշխատանքային այցը Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականներին, վարչակազմի պաշտոնյաներին ու իրավապաշտպան խմբերի լայն շրջանակների կոչ են արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի 150․000 հայության դեմ իրականացված ցեղասպանության համար, ինչպես նաև աջակցելու արցախցի փախստականներին՝ ապահովելու վերջիններիս անվտանգ վերադարձը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միացել է  Ստեփանյանին և Բեգլարյանին՝ ավելի քան 60 կոնգրեսական գրասենյակների հետ հանդիպումների և ճեպազրույցների ժամանակ։ Այդ ամենը համընկել է Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր երկու բանաձևերի ներկայացման հետ, որոնց նպատակն է դադարեցնել ամերիկյան ռազմական օգնությունը Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին և վերջինիս պատասխանատվության ենթարկել իր հանցագործությունների համար:

Հանդիպումների ընթացքում Ստեփանյանն ու Բեգլարյանը սեփական վկայություններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասն ամիս տևած շրջափակման դաժան իրողությունների մասին, որոնք գագաթնակետին հասան 2023թ․ սեպտեմբերի ցեղասպանական հարձակմամբ, ինչի արդյունքում բռնի կերպով դատարկվեց Արցախը։ Բանախոսները խոսել են արցախահայության դեմ Ադրբեջանի կանխամտածված հարձակումների պատմությունից, ինչը հիմք է հանդիսացել 2023թ․ ցեղասպանության։

Արցախցի հյուրերը նաև կարևորել են ԱՄՆ-ի կողմից  Ադրբեջանին Արցախի ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկումը, ի թիվս ալնի կարևորելով՝

  • Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնվելով Սենատի S.3000 բանաձևի ընդունման վրա, որը պարտադրում է 907-րդ բանաձևի ամբողջական կիրարկում։ Մագնիցկու պատժամիջոցների կիրառումը ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար։
  • ԱՄՆ օժանդակությունն Արցախի բռնի տեղահանված հայությանը, բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի երաշխավորումը։
  • Ամերիկյան և միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023թ․ սեպտեմբերին գերեվարված Արցախի առաջնորդների և 2020թ․ ադրբեջանաթուրքական հարձակումներից հետո ապօրինաբար պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։
  • Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Ստեփանյանն ու Բեգլարյանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղված Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի իրացմանը և առանց կատարված հանցագործությունների համար պատասխանատվությանը, տարածաշրջանում անհնար կլինի կայուն խաղաղություն հաստատել։ Նրանք նաև ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարության կողմից բորբոքված համակարգային հակահայկական ատելությունը պետք է արմատախիլ արվի՝ ապահովելու համար հակամարտության կայուն կարգավորումը և տարածաշրջանային կայունությունը։

Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Բեգլարյանը և Ստեփանյանը մասնակցել են Կրոնի ազատության միջազգային գագաթնաժողովին, որը համանախագահում էին միջազգային կրոնական ազատության  հարցերով ԱՄՆ նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը (2018-2021) և մարդու իրավունքների «Լանթոս» հիմնադրամի նախագահ Կատրինա Լանթոս Սվեթը:

Կրոնական կազմակերպությունների և ԱՄՆ կառավարության պաշտոնյաների առջև ելույթում Գեղամ Ստեփանյանը նկատեց. «Ես այսօր ձեր առջև խոսում եմ ոչ միայն որպես իմ ժողովրդի մարդու իրավունքների պաշտպան, այլ որպես ցեղասպանությունը վերապրած և վկա»։ Նա ընդգծել է, որ աշխարհն ականատես է լինում «Արցախի  քրիստոնեական և համաշխարհային ժառանգության, նրա հնագույն եկեղեցիների և սրբագործված գերեզմանների համակարգված բնաջնջմանը»: Ստեփանյանը հորդորեց կրոնական առաջնորդներին և պետական պաշտոնյաներին համախմբվել և ծառայել որպես «վահան, որը պաշտպանում է խոցելիներին, ձայն, որը խոսում է լռածների համար և լույս, որը թափանցում է մշակութային ջնջման խավարը: Միայն այդ դեպքում կարող ենք ապահովել, որ Արցախի հոգին, նրա հինավուրց ու քրիստոնեական սուրբ ժառանգությունը հավերժ չկորչի»։

Անդրադառնալով Արտակ Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի այցելությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Արցախի իրավունքները վերջին երկու շաբաթների ընթացքում Վաշինգտոնում կենտրոնական հարթակներում էին, երբ Արցախի հանրապետության երկու ամենավայելչախոս ձայները՝ Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը, դիմեցին ԱՄՆ օրենսդիրներին և կրոնական ազատության միջազգային առաջնորդներին՝ իրենց հինավուրց հայրենիք հայության անվտանգ վերադարձի համար։ Կոնգրեսի տասնյակ հանդիպումների ընթացքում օրենսդիրներն առաջին ձեռքից լսել են Արցախի ցեղասպանության մասին և ուսումնասիրել ԱՄՆ-ի կոնկրետ քայլերը, որոնք անհրաժեշտ են հայկական հայրենիքի այս անբաժանելի մասը վերականգնելու համար»:

Բեգլարյանի և Ստեփանյանի այցը “120․000 Reasons” միության ջանքերի մի մասն էր, որին աջակցում են Թուֆենկյան հիմնադրամը և Philos Project կազմակերպությունը, ինչպես նաև ավելի քան 20 իրավապաշտպան, կրոնական և էթնիկ կազմակերպություններ։

Արցախի ժողովրդի ներկայացուցիչները մասնակցել են նաև Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբան ուսանողների ասոցիացիայի կողմից կազմակերպված քննարկմանը, որտեղ նրանք կիսվել են Արցախի տեղահանված բնակչության առջև ծառացած շարունակական մարտահրավերների և կոնկրետ քաղաքական ու իրավական գործողությունների անհրաժեշտության մասին:

Ի լրումն երկրի մայրաքաղաքում աշխատանքների՝ Ստեփանյանի ու Բեգլարյանի ուղևորությունը ներառում էր նաև Նյու Յորքում գործող միջազգային կազմակերպությունների և համայնքային ղեկավարների հետ հանդիպումների մեծ շարք:

Վաշինգտոնում գտնվելու ժամանակ նրանք հանդիպել են նաև ԱՄՆ պետքարտուղարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ Ստեփանյանը և Բեգլարյանը մասնակցել են Կալիֆոռնիայի նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հետ հանդիպումներին, Իրավաբանների հայկական ասոցացիայի կողմից կազմակերպված քննարկմանը և համայնքային այլ հանդիպումների։

 

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

16022024թ