կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 10:44
Հասարակություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է Հայոց ցեղասպանության ուսուցման համար 10 մլն դոլար ապահովելու ուղղությամբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է Հայոց ցեղասպանության ուսուցման համար 10 մլն դոլար ապահովելու ուղղությամբ

ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը Կոնգրեսում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից։

Հիմնվելով Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման զույգ բանաձևերի վրա՝ օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և դրա ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Մասնավորապես, կրթական ծրագրերը պետք է անդրադառնան Օսմանյան Թուրքիայի կողմից դիտավորյալ ծրագրավորված և պետական հովանավորչությամբ իրականացված՝ հայերի, հույների, ասորիների,  սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զանգվածային սպանություններին, տեղահանություններին և մշակութային ժառանգության բնաջնջմանը 1915-1923 թթ։

 «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհակալ է կոնգրեսականներ Մալոնիին և Բիլիրակիսին, ողջունում է այս խոհեմ և ճիշտ ժամանակին ներկայացված օրինագիծը, որն առաջ է քաշվել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ցեղասպանությունն ավարտին հասցնելու ջանքերի ետնապատկերի վրա։ Դաշնային այս օրենսդրությունը պատասխանատու հաջորդ քայլն է, որը հիմնված է ամերիկյան հիշողության վրա և կզգուշացնի ամերիկացիներին ցեղասպանության շարունակական սպառնալիքի մասին՝ երաշխավորելով, որ ապագա սերունդները կօգտվեն այս հանցագործության դասերից: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը լիովին աջակցում է այս օրինագծին և անհամբեր սպասում է Կոնգրեսի կողմից դրա ընդունմանն ու նախագահի կողմից՝ ստորագրմանը»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հնարավոր լինի օրինագծի ընդունման համար հնարավորինս մեծ թվով կոնգրեսականների ներգրավել։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

05.042022 թ.