Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին մոտ մեկ տարին Նիկոլ Փաշինյանը հետևողական առաջ է մղում հայրենիքի և պետության միջև շահերի բախման թեզը և առաջարկում ընտրություն կատարել՝ հայրենի՞ք, թե՞ պետություն: Ավելին, այս արհեստական դիսկուրսը փակելու համար Փաշինյանը որոշել է նույնականացնել դրանք՝ «հայրենիքը դա պետությունն է», և ցանկացած ոլորտի հետ կապված քաղաքականություն մշակել հայրենիքը պետությունն է» հայեցակարգի տրամաբանության շրջանակներում։
Այսինքն՝ վերացնում են հայրենիքը, որ իբր պահեն պետությունը՝ 29.800 քկմ տարածքային ամբողջականությամբ, թեպետ արդեն այս թիվն էլ վերջերս չենք լսում Փաշինյանի շուրթերից:
168.am-ը ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանի հետ զրույցում փորձել է պարզել այս թեզի վտանգները, հատկապես, երբ դրա վրա է հիմնվում բանակի նկատմամբ քաղաքականությունը:
– Հայրենիքի սահմաններում կարող ես ունենալ պետություն, բայց այն ամբողջական հայրենիք չես կարող համարել, այն հայրենիքի մաս է, այն էլ՝ մեր դեպքում: Հայրենիքն ամբողջական գաղափար է: Եվ երբ հայրենիքի մասերը կրճատվում են, խեղաթյուրվում է տվյալ էթնոսի գիտակցությունը: Երբ մեր պատմական հայրենիքը բացակայում է, կամ ինչ-որ մասեր աղճատվում են, սկսում է փոխվել նաև մեր գիտակցությունը: Վանա լիճն իմ պետության մեջ չի, բայց այն իմ հայրենիքի մաս է, և որ պահից ես այն սկսեմ ընկալել զուտ աշխարհագրական տարածք Թուրքիայի Հանրապետության տարածքում, այն դադարելու է ինձ համար հայրենիք լինել: Եվ հիմա այս գիտակցությունն են փորձում սերմանել, որ Վանը ՀՀ-ում չի, ուրեմն՝ նա հայրենիք չի: Իսկ պետությունն ամեն անգամ թշնամու ագրեսիվ գործողությունների հետևանքով կրճատվել է, և մենք, նշանակում է, պետք է այդ տարածքներն օտարենք և ասենք՝ հայրենիք չէ: Այսինքն, որ հատվածը թշնամին զավթեց, դադարո՞ւմ է հայրենիք լինել:
Սա տեսակի, ազգի պայքարողունակությունը գցում է: Մինչդեռ մենք պետք է գանք այն վիճակին, պատրաստության, որ կարողանանք վերատիրել մեր բնական տարածքներին և դարձնել մեր պետության մաս: Բայց եթե մենք առաջնորդվենք Փաշինյանի առաջարկած մոդելով, չի բացառվում, որ մենք ընդհանրապես զրկվենք պետությունից: Մի առիթով գրել եմ.
«Վանի՝ որպես կրկին ու ապագա հայոց մայրաքաղաք, տանող ճանապարհն Արցախով էր և ներկա Հայաստանի Հանրապետության, որպես միջուկ՝ տնտեսական, կրթական, ռազմական հզորացման, հայաստանաբնակ հայության ժողովրդագրական պատկերի բարձրացման բարձր դինամիկա ապահովելու միջոցով։ Երազել ու ձգտել ոչ միայն պետք է, այլև՝ անհրաժեշտ, բայց դրան պետք է հետևի գործնական ամենօրյա տքնաջան աշխատանքն ու անկեղծ նվիրումը, այլապես՝ դառնում է անիրական հեքիաթ ու մնում կենացային ծույլ հայրենասիրության մակարդակում, ոչինչ չտալով»:
– Վերը նշված տրամաբանության շրջանակում Նիկոլ Փաշինյանը բանակի լեգիտիմ ու ոչ լեգիտիմ խնդիրներ է սահմանել, և զինված ուժերում բարեփոխումները բխելու են այս տրամաբանությունից: Մինչդեռ ՀՀ-ի սպառնալիքները չեն փոխվել, սպառնացող երկրները նույնն են, Ադրբեջանի բանակը թուրքական մոդելն է որդեգրել: Ըստ այդմ՝ ինչպիսի՞ն պիտի լինի այսօրվա բանակը, իշխանությունները շատ են խոսում պրոֆեսիոնալ բանակի մասին: Դուք աշխատել եք նաև ռազմական կրթության ոլորտում, եթե չեմ սխալվում՝ ժամանակին ռազմական ինստիտուտում զինվորական ավագ դասախոս եք եղել, կա՞ն բաներ, որոնք պիտի փոխվեն կամ չփոխվեն, քանի որ գործ ունենք ժամանակակից աշխարհի ժամանակակից պատերազմների հետ, մյուս կողմից, ինչպես նշեցի, սպառնալիքների ուղղությունը նույնն է:
– Բանակը հանդիսանում է պետության անվտանգության և այդտեղ ապրող էթնոսի ֆիզիկական անվտանգության երաշխավորը, ուստի այն անընդհատ պետք է կատարելագործվի: Պետք է հաշվի առնել աշխարհում փոխվող պահանջները, տեխնիկական զարգացումները: Մենք տեսնում ենք, որ մարտավարությունը լրիվ այլ հարթություն է մտնում, այսինքն, եթե 50 տարի առաջ մարտավարական այլ կանոններ էին գործում, ապա նոր միջոցների հայտնվելուց հետո, օրինակ, ԱԹՍ-ների, պատերազմը տեղափոխվել է երկինք, ինչի մասին վաղուց էր զգուշացվում: Սա նշանակում է, որ բանակում արմատական փոփոխություններ են պետք, մեր զինված ուժերի կարողությունները, պատրաստվածության ու մարտունակության մակարդակը պետք է համապատասխանեցնել արդի պահանջներին, որ ի դեմս բանակի՝ ունենանք անվտանգության լուրջ երաշխավոր: Սա նաև նշանակում է տեխնիկական լուրջ հագեցվածություն, բայց բանակում երբեք չպետք է փոխվի գիտակցությունը, ամեն զինվորական խորապես պիտի գիտակցի բանակի իրական դերը և դառնա օրգանապես նրա մի մասնիկը:
Իսկ զինվորական գործը պիտի լինի պրոֆեսիոնալ մակարդակի, խոսքն այս դեպքում անհատի մասին չէ զուտ, բանակը՝ որպես համակարգ, պիտի պրոֆեսիոնալ լինի՝ ինչպիսին պիտի լինի սպան, զինվորը, պահեստազորը, և յուրաքանչյուր տարր ճիշտ օգտագործվի: Ինչ վերաբերում է բանակի մոդելին, երբ Ադրբեջանը թուրքական մոդելն է որդեգրել, իսկ թուրքականը նատօ-ական մոդել է, մենք ոչ թե պիտի առաջնորդվենք ինչ-որ մեկին նմանակելով, այլ պետք է հաշվի առնենք մեր լեռնաշխարհագրական տեղանքը, և թե մեր տարածքի պաշտպանության համար ինչ տիպի կառուցվածք պետք է ունենա մեր բանակը: Պայմանական ասեմ՝ կարող է մեզ կորպուս պետք չի, բայց մեզ պետք են առանձին մոբիլ գումարտակներ՝ համապատասխան սպառազինությամբ ու պատրաստվածությամբ: Սա զուտ պայմանական եմ ասում, որ չպետք է առաջնորդվենք պատրաստի մոդելներով, իհարկե, ինչ-որ տարրեր կարող ենք վերցնել, ի վերջո, նոր հեծանիվ չենք հայտնաբերելու, բայց դա պետք է բխի մեր պահանջներից՝ երկրի անվտանգության ապահովման հարցերի համատեքստում:
– Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել էր համապարփակ պաշտպանության և անվտանգության մասին հայեցակարգի մասին, և, որ այն արդեն հասցրել է քննարկվել Անվտանգության խորհրդում: Նրա խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պետական և մասնավոր կազմակերպություն անհրաժեշտության դեպքում պետք է իմանա իր անելիքը, թե ինչ պետք է ինքն անի երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար, որը տարբեր երկրներում կիրառվում է: Ըստ Ձեզ՝ ի՞նչ մասնաբաժին պիտի ունենա քաղաքացին, մասնավոր ռազմամարզական կազմակերպությունները երկրի պաշտպանունակության ապահովման հարցում, որովհետև երբեմն այդ կազմակերպությունները բարձր պահանջներ են ներկայացնում, իսկ հանրությունը նորմալ է համարում, որ պետության անելիքն անի մասնավորը, իսկ իշխանություններն էլ կարծում են, որ վարժանքի մասնակցին 14 օր դիրք վստահելով, լուծում են վերը նշված խնդիրը՝ քաղաքացուն մասնակից են դարձնում երկրի պաշտպանությանը:
– Երկրի անվտանգության համակարգը միայն զինված ուժերը չեն, դա ամբողջ պետությունն է՝ իր կառուցվածքով, ամբողջ բնակչությամբ: Այո, բոլորն իրենց անելիքը պիտի իմանան, հատկապես վտանգների ժամանակ, բայց կոորդինացնողն այս ամենի պիտի լինի պետությունը: Չի կարելի բանակն այսօրվա պայմաններում իջեցնել ֆիդայական մակարդակի:
Միգուցե ֆիդայիզմը ժամանակին ճիշտ էր, բայց այսօր պետությունը պիտի լինի կազմակերպողն ու համակարգողը, և չի կարող ինչ-որ կազմակերպություն ինքնագլուխ որևէ գործունեություն իրականացնել: Այլ հարց է, որ պետությունը պիտի համագործակցի կարող ուժերի, կազմակերպությունների հետ, որոնք կամավոր սկզբունքով կարող են աջակցել բանակին՝ սպառազինությունից մինչև մարդկային ռեսուրս: Բայց եթե անգամ կամավորական գումարտակ է ձևավորում, այն պիտի լինի պահեստազորային՝ պետական բանակի կազմում: Այսինքն, ինքնուրույն խնդիրներ չպետք է լուծի, այլ միայն ԳՇ հանձնարարությունների հիման վրա: Իսկ պահեստազորով համալրումը կամ պահեստազորի ներգրավումը երկրի պաշտպանությանը նորմալ գործընթաց է, բայց ես ճիշտ չեմ գտնում այդ կարճաժամկետ «վարժական հավաքը»: Ինչի՞ չակերտներով, որովհետև իրականում դրանք վարժական հավաքներ չեն, այլ մարտական հերթապահության համար պահեստազորի օգտագործում:Այն, որ պ
ահեստազորը ևս պիտի սահման պահի, որպես երևույթ՝ ճիշտ է, բայց դրա համար ճանապարհ պիտի անցնել բավականին՝ սկսած տվյալ անձանց ֆիզիկահոգեբանական պատրաստությունից: Այսինքն, զորակոչելուց պիտի հաշվի առնել տվյալները, երկրորդ՝ զորակոչելուց հետո նորմալ պատրաստել, այդ թվում՝ հոգեբանական: Այլապես մարդը երեկ գրասենյակային աշխատող էր, կամ տոնավաճառում ապրանք էր վաճառում, և նրանց զորակոչում ենք ու մեկ շաբաթ հետո մարտական դիրք վստահում: Արդյո՞ք նրանք ֆիզիկապես և և հոգեբանորեն պատրաստ են, երբ մեր դիմաց խաղաղ սահման չէ, այլ ռազմագիծ է, երբ մարտական խնդիր լուծելու անհրաժեշտություն կարող է լինել:
– Ի դեպ, ընդդիմադիրները շատ են խոսում իշխանությունների՝ բանակը քանդելու մասին, Դուք այդ քանդելը որտե՞ղ եք տեսնում, ի՞նչ կերպ:
– Բանակը կուռ և շղթայական համակարգ է՝ իր ծառայության բոլոր տեսակներով, և երբ այս շղթայում խաթարումներ են լինում, սա կարող է տագնապ առաջացնել՝ որպես բանակի քանդում, կազմալուծում:
Ցավոք սրտի, 44-օրյա պատերազմից հետո՝ վերջին 3 տարիներին տեսանելի չեն այն կորուստների վերականգնումները, որը մենք կրեցինք պատերազմի հետևանքով՝ սկսած սպառազինությունից՝ մինչև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակ ու կարգապահություն զինված ուժերում: Մինչև նշված իրավիճակը չկարգավորվի, մեր կորուստները չվերականգնվեն, բանակը՝ որպես համակարգ, չարդիականացվի, գործուն չդառնա, ապա բանակի քանդումը շարունակելու է մնալ մարդկանց գիտակցության մեջ, ավելին, քաղաքացիական բնակչությունն իրեն անվտանգ չի զգալու: Մենք տարածքային, մարդկային կորուստներ ենք ունենում, երբ թշնամին որոշակի գործողությունների է դիմում, և ռազմական առումով հաջողություններ չենք գրանցում, այս մտավախությունը լինելու է: Բանակը պիտի ցույց տա, որ ուժեղ է, կա, կարողանում է ապահովել պետության անվտանգությունը:
– Թշնամուն թշնամի չտեսնելը նվազեցնո՞ւմ է պատերազմի վտանգը: Ի դեպ, այսօր կա՞ պատերազմի վտանգ, կամ կլինի՞ պատերազմ, եթե չլինի Փաշինյանը, որը փորձում է իբր նվազեցնել այդ վտանգը՝ Ադրբեջանի մեջ թշնամի չտեսնելով:
– Թշնամուն թշնամի չտեսնելը ոչ թե նվազեցնում, այլ մեծացնում է պատերազմի վտանգը: Վերջիվերջո, ինչի՞ են կարծում, որ մարդկային հասարակությունը բնության, կենդանական աշխարհից շատ է տարբերվում: Թույլին միշտ ճնշելու են, թույլի հաշվին են խնդիրներ լուծելու: Թշնամուն թշնամի չտեսնելը ջայլամային քաղաքականություն եմ համարում, որովհետև երբ քո թշնամին չի թաքցնում իր հավակնությունները քո ամբողջ տարածքի, քո մայրաքաղաքի հանդեպ, ու դու մտածում ես, որ այն չտեսնելու տալով՝ վտանգը վերանալու է, կանաչ ճանապարհ ենք բացում նրանց առջև: Պատերազմի վտանգ լինելու է այնքան ժամանակ, մինչև թշնամին հասկանա՝ ռազմական ճանապարհով չի կարող մեզ հետ խնդիր լուծել: Պատերազմի վտանգը միայն այդ դեպքում կարող է չեզոքանալ: Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի: Սա բացարձակ ճշմարտություն է, ոչ թե հավակնություն, թշնամանք:
Նայեք տարածաշրջանային գործոնները: Թուրքիան այսօր որդեգրել է պանթուրանական քաղաքականություն՝ ձգտելով դեպի Միջին Ասիա, այսինքն, թյուրքական բոլոր երկրները մեկ միության մեջ միավորելու: Եվ այս ճանապարհին նրանց խոչընդոտը հայկականությունն է, հայոց պետությունը: Ուստի ամեն ինչ արվելու է, որ կամ մեր պետությունը վերանա, կամ դադարի լինել հայերի շահերը սպասարկող պետություն, այլ լավագույն դեպքում՝ Հայաստան անունով մի կազմավորում իրենից ներկայացնի, որտեղ մարդիկ ընդամենն իրենց ուտելու հարցը պիտի լուծեն, բայց ոչ թե գլոբալ հարցերով զբաղվեն:
– Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների մեջ որքա՞ն է զուտ Թուրքիայի շահերի մասնաբաժինը: Օրինակ, «Զանգեզուրի միջանցքն» ավելի շատ Ադրբեջանի՞ն, թե՞ Թուրքիային է պետք, և ինչո՞ւ:
– Մի միտք ասեմ, որը կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ կամ գուցե զավեշտալի. իրականում Ադրբեջանը նույնպես միջոց է: Տեսեք՝ 20-րդ դարում Ադրբեջանին փորձել են մի քանի անգամ ինքնություն վերագրել, այդ թվում՝ որպես աղվանների հետնորդներ: Իսկ արդեն մինչև անկախանալը, քանի որ թյուրքալեզու են, շեշտադրվեց նրանց թյուրքական էթնոսին պատկանելիությունը, և այսօր փորձում են գիտականորեն, գենետիկորեն դա հիմնավորել: Բայց այս ամեն ինչը գալիս է Թուրքիայից:
Թուրքիան Ադրբեջանին դարձրել է միջոց իր նպատակներին հասնելու համար: Ադրբեջանն այսօր Թուրքիայի ձեռքին գործիք է թուրքական շահերի համար: Միգուցե Ադրբեջանին թվում է, որ իրենք են խնդիրներ լուծում, բայց իրականում իրենց միջոցով են խնդիրներ լուծում, իրենք սպասարկողի դերում են, հատկապես 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն իր ինքնուրույնությունը բավականին կորցրել է, և Թուրքիան է շատ հարցեր որոշում: Մինչև 2020 թվականը հաշվարկ կար, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով ՀՀ տարածքով դեպի Միջին Ասիա ելք ունենալով՝ կարծեմ տարեկան 14.5 միլիարդ դոլարի օգուտ էր ունենում:
Տարիների ընթացքում այս օգուտը մեծանալու է, և, բնական է, որ մի քանի միլիարդ ծախսելով, Ադրբեջանին օգնելով, Թուրքիան լուծում է իր հավակնությունների ու ապագայի համար խնդիր: Այս պատճառով է Թուրքիան ներշնչում Ադրբեջանին, թե մեկ ազգ են և 2 պետություն, բայց նույն Թուրքիայում նրանց շատերը չեն դիտարկում՝ որպես թուրք, քամահրական վերաբերմունք կա, բայց քաղաքական խնդիրների համատեքստում պետք է, որ նրանք ներկայացվեն մեկ ազգ, երկու պետություն: Թուրքիայի խոչընդոտը հայերն են, Ադրբեջանի միջոցով կամ ձեռքով այդ խոչընդոտը փորձում են վերացնել: Բնականաբար, Ադրբեջանին Թուրքիան ներշնչում է, որ Նախիջևանը և Ադրբեջանի հիմնական մասը պետք է ֆիզիկապես իրար հետ կապված լինեն, կրկնում եմ, Ադրբեջանը գործիք է՝ հանուն Թուրքիայի հեռահար նպատակների, և հաշվի առնելով, որ Թուրքիան Եվրոպային կապող տարածք է, և հետևաբար, ստացվում է, որ Եվրոպայից մինչև Միջին Ասիա միասնական կոմունիկացիոն կապ է ստեղծվում: Սա Թուրքիայի նպատակն է՝ այս ամենն իր վերահսկողության տակ վերցնելու՝ հանուն իր իսկ շահերի:
– Մենք մի քանի անգամ խոսել ենք Ադրբեջանի՝ Արցախի օկուպացված տարածքներում օդանավակայանների կառուցման վտանգների մասին, այն ժամանակ կար Արցախը: Այսօր դրանք ի՞նչ վտանգ են ներկայացնում, կամ արդյո՞ք վտանգ են ներկայացնում ՀՀ-ի համար, ո՞ր ուղղությամբ:
– 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը ձեռնամուխ եղավ մի քանի օդանավակայանի կառուցման «ազատագրված» տարածքներում: Չեմ բացառում, որ ևս մեկը կառուցվի Արցախի արդեն եղած օդանավակայանի տարածքում կամ դրա հիման վրա: Ինչպես վերևում նշեցի, պատերազմների մարտավարությունն է փոխվել, պատերազմները տեղափոխվել են երկինք, ժամանակակից պատերազմներում մեծ դերակատարում ունեն ԱԹՍ-ները, ավիացիան, հրթիռային համակարգերը, և այս պարագայում Ադրբեջանի օդանավակայանների կառուցումը կարող է վտանգ հանդիսանալ ՀՀ-ի համար: Իսկ 44-օրյայից հետո գրավված տարածքներում կառուցվածները, կարծում եմ, ավելի շատ Իրանի դեմ օգտագործվելու համար են, ավելի մեծ նպատակների համար են՝ հաշվի առնելով ներդրվող ֆինանսական միջոցները, թեպետ ՀՀ-ի դեմ օգտագործելը չեմ բացառում, բայց, կրկնում եմ, ավելի մեծ ու հեռահար նպատակների համար են:
– Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջարկում է Իրան-ՌԴ-Հայաստան ռազմական դաշինք ստեղծել, ինչը ՀՀ-ին անձեռնմխելի կդարձնի:
– Ունենալով նման հարևաններ, իրապես, մենք կարիք ունենք դաշնակիցների: Այո, ճիշտ գաղափար է, այլ հարց է՝ մենք հարցրե՞լ ենք Ռուսաստանին, Իրանին, կամ ինչպե՞ս ենք դա կարևորում և հիմնավորում:
Ի վերջո, դաշինքներն ինքնանպատակ չեն, սիրուն աչքերի համար չեն, դրանք նաև լուրջ միջոցներ են պահանջում: Մի հատ նայենք, թե վերջին տարիներին ինչ ենք արել այս ուղղությամբ՝ ՌԴ-ի, Իրանի հետ հարաբերություններում, այսինքն, նման դաշինքի ձևավորմանը տանող ինչ գործողություններ ենք արել:
Օրինակ, տեղեկություններ կային, որ Սյունիքում Իրանից առաջարկել էին զորավարժություն իրականացնել, դա կարծես թե մերժվել է: ՌԴ-ի հետ էլ այն հարաբերությունները չեն, գուցե մեր հանդեպ էլ ճիշտ քայլեր չեն արվել, բայց դա շտկելու ուղղությամբ ի՞նչ ենք արել: Եթե այս փաստերը հաշվի առնենք, ցավոք, լավատես չեմ, որ նման դաշինքն այսօր հնարավոր է, հատկապես որ, նրանք պիտի հասկանան՝ որն է լինելու իրենց շահը:
Արդյո՞ք մենք վերլուծել ու հանել ենք այդ շահերը, որոնց շուրջ կարելի է բանակցել ու ձևավորել նման դաշինք, որը ՀՀ-ին էլ ավելի անձեռնմխելի կդարձնի:
Աղբյուրը՝ 168.am