կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-21 22:00
Հասարակություն

Բացառված է, որ Ղարաբաղյան հարցը կարողանան լուծել ռազմական ճանապարհով. Վիտալի Բալասանյան

Բացառված է, որ Ղարաբաղյան հարցը կարողանան լուծել ռազմական ճանապարհով. Վիտալի Բալասանյան
 Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ անկախության տարիների ձեռքբերումներին և նշեց, որ ձեռքբերումները հայկական երկու հանրապետություններում էլ շատ են: Խոսելով այսօր Անկախություն տոնին ցուցադրված զինտեխնիկայի մասին՝ ասաց, որ մենք մտավախություն չպետք է ունենանք:
Հարցին, թե զինտեխնիկայի ցուցադրումը փարատե՞ց արդյոք ապրիլյան պատերազմից հետո շատերի մոտ ձևավորված այն մտահոգությունը, թե մենք զենքի խնդիր ունենք, Բալասանյանը պատասխանեց. «Դա այն չէ, որ մենք պետք է ունենանք «Սմերչ», «Իսկանդեր», մենք ունենք մարտունակ զորք, մենք ունենք իսկապես լավ կռվող զինվոր, պետք է ճիշտ նպատակային կազմակերպել և վարել այն մարտը, որը կապված է ազգային անվտանգության հետ, ես համոզված եմ, որ մենք միշտ էլ պատրաստ ենք եղել այդ հարցը լուծելուն»:
Բալասանյանը նշեց նաև, որ, լինելով զինվորական, համաձայն չէ, որ ապրիլյան դեպքերին եղել է զենքի պակաս. «Մեզ մոտ մի փոքր անկազմակերպվածության խնդիր կա»,- ասաց նա՝ հավելելով. «Եթե ընդհուպ Ադրբեջանը կրկնապատկի, եռապատկի ռազմական բյուջեն և ունենա ընդհուպ ատոմային ռումբ, դրանով չի կարող հարց լուծել: Ռուսաստանի Դաշնությունն ուներ ատոմային ռումբ, սակայն, երկու չեչենական պատերազմները ցույց տվեցին, որ այդ գերհզոր զենքն ու տեխնիկան չէ, որ ամեն հարցը լուծում է: Բացառված է, որ Ղարաբաղյան հարցը կարողանան լուծել ռազմական ճանապարհով: Պետք է մեր բանակը, մեր ժողովուրդը ճիշտ կազմակերպվածություն ունենա և ծառայի իր նպատակներին»: