Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ՀՀ կառավարության կողմից հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար եկամտահարկի վերադարձը հանելու և սոցիալական բնակարաններ կառուցելու առնչությամբ. հայտնում է Yerkir.am-ը:
Նա հիշեցրել է՝ ինքը դեռևս 2018-ին անդրադարձել է սոցիալական բնակարաններ կառուցելու անհրաժեշտությանը (որպես ժողովրդագրական խնդիր) և իր տարբերակն առաջարկել:
Yerkir.am-ը ներկայացնում է փորձագետի առաջարկն ամբողջությամբ.
«ՀՀ-ում արտագաղթին նպաստող ամենամեծ գործոններից մեկը՝ երկրում տուն (բնակարան) չունենալու խնդիրն է։
Սա պետք է պետության կողմից լրջագույն խնդիր դիտարկվի՝ ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի շրջանակում։ Թեև այսօր կան բնակարան ձեռք բերելու տարբեր հիփոթեքային ծրագրեր, բայց գաղտնիք չէ, որ շատ-շատերի համար, տարբեր հանգամանքներից կախված՝ ուժերից վեր է բնակարան գնելը։ Հատկապես ցածր, ոչ արժանապատիվ եկամտի ու աշխատավարձի պատճառով։
Առաջարկում եմ խնդրի լուծման իմ տարբերակը։ Պետությունը կառուցում է շենքեր, որոնք որպես սոցիալական բնակարաններ՝ 25 տարի ժամկետով անհատույց տրամադրվում են բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին, պայմանով, որ տվյալ ընտանիքի աշխատունակ տարիքի անձիք, ամեն տարվա ընթացքում՝ ՀՀ-ից չեն կարող բացակայել ավելի քան 3 ամիս (պայմանական, ժամկետը քննարկելի է)։ 25 տարի անց, վճարելով այդ տան արժեքի 50%-ը, իրավունք են ձեռք բերում այն առանց որևէ խոչընդոտի՝ սեփականաշնորհելու։ 25 տարուց ավելի՝ նույն պայմանով շարունակելով ապրել՝ տվյալ ընտանիքը յուրաքանչյուր հաջորդ երկու տարին մեկ՝ ձեռք է բերում ևս 1%-ով ավելի պակաս, սեփականաշնորհման իրավունք։ Օրինակ՝ 27 տարի անց՝ սեփականաշնորհման համար վճարում է 49%, 29 տարի անց՝ 48%: Կամ, ընտանիքի երկրորդ սերնդի որևէ անդամ (զավակ), որն այդ տանն ապրելով՝ ստեղծել է իր ընտանիքը, իրավունք է ձեռք բերում կնքել նոր պայմանագիր, որով, որպես տան նոր գլխավոր՝ պարտավորվում է ևս 25 տարի ժամկետով, նույն պայմանով (ՀՀ-ից յուրաքանչյուր տարի չեն կարող բացակայել ավելի քան 3 ամիս) անհատույց տնօրինել բնակարանը։ Սույն ժամկետի ավարտից հետո՝ ինքնաշխատ (ավտոմատ) կերպով՝ ձեռք է բերում անվճար սեփականաշնորհելու իրավունք։
Կարծում եմ այս կերպ աշխատունակ տարիքի շատ երիտասարդներ չեն լքի Հայաստանը»: