Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեզ ասացին՝ հոկտեմբերի 10-ին պիտի հրադադար կնքեն, մինչեւ հրադադարը շատ են ռմբակոծելու, Հադրութից դուրս եկեք։ Դուրս ենք եկել էն մտքով, որ իրիկունը հետ ենք գալու, բայց էդ օրը թշնամին մտել է Հադրութ,-Yerkir.am-ին պատմեց Հադրութի նախկին բնակիչը։
Սերժիկ Սարգսյանի խոսքով՝ շատերը չեն կարողացել փաստաթղթերը, առաջին անհրաժեշտության իրերը վերցնել։
«Էս նախարարությունից՝ էն նախարարություն, էս սոցապբաժնից էն բաժին։ Օգնության, սնունդը ստանալու չէին գնում, որ գնան փաստաթղթերի հետեւից, որ երեխաների ծննդյան վկայականների, անձնագրերի հարցերը ճշտեն»,-ասաց Հադրութի նախկին բնակիչը։
Քաղաքը փրկել, ասում է, չի հաջողվել, քանի որ չկար գերագույն գլխավոր հրամանատար, զորքն իր պարտականությունն էր կատարում։ Հադրութցու խոսքով՝ դավաճանություն է եղել, օգնություն չեն ուղարկել, փոխարենը ստել են եւ ասել՝ ամեն ինչ լավ է, հաղթում ենք։
«Գերագույն հրամանատարը (Արայիկ Հարությունյան-խմբ․), ասենք, որ տեսել է թշնամին Ջաբրայիլի մասում ճեղքել է գիծը, էնտեղ պիտի օգնություն գնար: Չի գնացել։ Ինչպե՞ս կարող են պահել։ Ուզում ես էնտեղ պարիսպներ դիր, ինչ ուզում ես արա, թշնամին էնտեղ ճեղքել է։ Ճեղքածի վրա պիտի մարդ գնար, օգնություն գնար։ 10 օրով էնտեղ օգնություն չի գնացել։ Էդ նույն հարցը ես նախագահին էլ եմ տվել։ Ասեց՝ բաներ կան, դուք չգիտեք։ Անորոշ պատասխան։ Ուղարկող, ուղղություն տվող չի եղել։ Դիտմամբ չեն ուղարկել, որպեսզի պարտվեն։ Թուրքը եկել մտել է Հադրութի զորամաս, բայց զորամասի ամբողջ անձնակազմը՝ առաջին գծում կանգնած»,-Yerkir.am-ին ասաց հադրութցին։
Հադրութցիները մինչեւ հիմա պատասխան չունեն՝ ի՞նչ եղավ իրականում։ Սերժիկ Սարգսյանը ամեն ինչում դիտավորություն եւ դավաճանություն է տեսնում։
«Երկու օրվա ընթացքում հրամանատարին փոխել են, հրամանատարն ասում է՝ 3-4 օրում 600-ից ավելի կորուստ՝ վիրավոր ու զոհ ունի, բայց օգնող չի եկել, համալրում չի եղել։ Ուղղակի գերագույն գլխավոր հրամանատարը իր տեղում չի եղել եւ չի տիրապետել։ Պոստից պոստ էր վազում, գնում էր՝ զինվորներին ասի՝ լավ կռվեք։ Նա պիտի տեղում նստեր, տեղեկությունը վերցներ, որտեղ թույլ էր, մարդ ուղարկեր, զենքը պակաս էր, զենք ուղարկեր»,-Yerkir.am-ին պատմեց Հադրութի նախկին բնակիչը։
Հադրութցիների մեծ մասն այսօր ապրում է Երեւանում։ Մի մասը վերադարձել է Ստեփանակերտ, որտեղ նրանց խոստացել են՝ գյուղեր են սարքելու, տներ տան։ Մինչդեռ այստեղ՝ Երեւանում ապրող հադրութցիների համար սրանք հերթական ստերն են։ Նրանց խոսքով՝ Արցախը հանձնեցին, հիմա նույնը Հայաստանի գլխին է, ի՞նչ գյուղեր, ի՞նչ տներ։
«Հադրութի շրջանից գաղթել է 13 հազար բնակիչ։ 4000-ն Արցախ է վերադարձել, 4-500 հոգի երկրից դուրս է եկել։ Առայժմ ոչ մի բնակիչ բնակտարածք չի ստացել, ապրում են իրենց բարեկամների մոտ, բայց հիմնականում բնակվում են վարձով»,-ասաց «Հանուն Հադրութի» կազմակերպության քարտուղար Արթուր Սարգսյանը։
Սարգսյանը հույս ունի՝ առաջիկա ընտրությունը վիճակը կփոխի։ Արցախում էլ, ասում է, այնպիսի իրավիճակ է, երբ որեւէ մեկը որեւէ բանից գլուխ չի հանում․ ամեն ինչ անհասկանալի է, Արցախը ղեկավարություն չունի։
«Արցախում այնպիսի իրավիճակ է, երբ ոչ մեկը ոչինչ չգիտի։ Ժողովրդին ոչինչ չեն ասում, գործող իշխանություն, որպես այդպիսին, չկա, անտարբերություն է։ Երեւի սպասում են, որ ինչ-որ մի բան կփոխվի Հայաստանում, դրա հետ գուցե նաեւ կփոխվի Արցախում։ Արցախի նախագահը արդեն նախագահ չի։ Նա մի մեծ համայնքի ղեկավար է, որը չի տիրապետում ոչ մի բանի»,-Yerkir.am-ին ասաց Արթուր Սարգսյանը։
Հադրութցիները երկու շաբաթ առաջ նամակ են հանձնել ԱԳՆ, բայց պատասխան դեռ չեն ստացել։ Հադրութում թողել են ամեն հարմարությունով տուն-տեղը, աշխատանքը, հողը։ Այստեղ նույնիսկ երիտասարդներից շատերը աշխատանք չեն գտնում։