Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Փետրվարի 23-ին նախատեսվում է մզկիթի կարգավիճակով վերաբացել Ստամբուլի հունական եկեղեցիներից մեկը, որն իր հնությամբ և գեղեցկությամբ գրեթե չի զիջում Այա Սոֆիային։ Խոսքը Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցու մասին է (ներկայում հայտնի է Քարիյե անվամբ)։
Akunq.net-ի փոխանցմամբ՝ եկեղեցուց մզկիթի վերածված այս հուշարձանի այժմյան վերականգնումն ավարտին է մոտենում։ Բացումը նախատեսված է փետրվարի 23-ին։ 79 տարի առաջ Թուրքիայի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ այն, Այա Սոֆիայի նման, թանգարանի կարգավիճակ էր ստացել, որը 2020 թ․ չեղյալ արվեց Էրդողանի կառավարության կողմից։
Ներկայում Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող և 6-րդ դարում կառուցված Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցին մզկիթի էր վերածվել 1511 թ․, օսմանյան սուլթան Բայազետ Երկրորդի մեծ վեզիրներից Աթիք Ալի փաշայի կողմից։ Ահա թե ինչու այն սկսել էր կրել նաև «Աթիկ Ալի փաշայի մզկիթ» անվանումը։
1945 թ․ օգոստոսի 2-ին Թուրքիայի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ դարեր առաջ մզկիթի վերածված եկեղեցուն շնորհվել էր թանգարանի կարգավիճակ։ Սակայն 2020 թ․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր հանդուրժել ոչ միայն Այա Սոֆիայի, այլև Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցու թանգարանային կարգավիճակը և այն վերստին մզկիթի վերածելու որոշում էր կայացրել։
Թուրքական զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված լուրերի համաձայն՝ եկեղեցին մզկիթի վերածելու ընթացքում աշխատել են չխաթարել նրա գեղեցիկ խճանկարները և որմնանկարները։
Այսպիսով՝ էրդողանական Թուրքիան ջանադրաբար շարունակում է երկիրը աշխարհիկից իսլամականի վերածելու գործընթացը։
Թուրքական աղբյուր՝ https://www.aydinlik.com.tr/haber/kariye-camii-restorasyonu-bitiyor-kiliseden-cevrilen-cami-23-subatta-ibadete-aciliyor-451150
Մելինե Անումյան
Akunq.net