Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սբ Սոֆիայի տաճարի ճակատագիրը չի սահմանափակվում հույն-թուրքական հարաբերությունների օրակարգով, այն համաշխարհային նշանակության հուշարձան է և պետք է դիտարկվի հենց այդ համատեքստում. ըստ yerkir.am-ի` գրում է հունական Katimerini պարբերականը:
«Այա Սոֆիայի վերածումը մզկիթի երկար տարիներ կթունավորի Հունաստանի ու Թուրքիայի հարաբերությունները: Այնուամենայնիվ, նախագահ Էրդողանն այդ հարցը յուրովի է տեսնում. նա կարդում է սոցհարցումները և եզրակացնում, որ հասարակության մեծ մասը ցանկանում է այդ փոփոխությունը, ավելին` նրա վրա ճնշում են գործադրում աջ դաշնակիցները` պահանջելով վերացնել Քեմալի` 86 տարի առաջ ընդունած պատմական որոշումը»,- նշում է թերթը` հավելելով, որ Էրդողանը շատ լավ է հասկանում, որ այդ խորհրդանշական քայլը կթշնամացնի հույն և թուրք ժողովուրդներին ավելի, քան որևէ այլ բան, նա գիտի, որ հենց այդ հուշարձանը հույն ժողովրդի համար առանձնահատուկ հոգևոր նշանակություն ունի, և այն մզկիթի վերածելով` կզայրացնի ոչ միայն «պրոֆեսիոնալ հակաթուրքերին», այլ նաև բոլոր հույներին, սնունդ կտա ծայրահեղականներին: Սակայն, ըստ հունական թերթի, Էրդողանին, ըստ ամենայնի, չի հուզում, գուցե նույնիսկ գրավում է գաղափարը, որ նման գործողությունը կարող է ուժեղ շոկ լինել Հունաստանի համար:
Արդեն որքան ժամանակ է` Անկարան չի թաքցնում, որ մտադիր է սրել լարվածությունը: Ճակատագրական բախումից, ըստ Katimerini-ի, կարելի է խուսափել միայն այն դեպքում, եթե երկխոսություն լինի երկու երկրների ղեկավարների մակարդակով, սակայն եթե Էրդողանը շարունակի պնդել Այա Սոֆիան մզկիթ դարձնելու հարցը, դա կանի համոզմունքով, որ բախումից խուսափելու` առանց այդ էլ փոքր հնարավորությունն ամբողջությամբ վերանում է: «Իսկ եթե այդպես վարվի, ուրեմն` նրա համար միևնույն է: Եթե նրա համար միևնույն է, մենք պետք է պատրաստվենք դժվար անկման»,- գրում է թերթը: