կարևոր
4045 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-02 17:18
Քաղաքական

Ազգային արդիականացումն ու զոհի հոգեբանությունից ազատվելու հրամայականը

Ազգային արդիականացումն ու զոհի հոգեբանությունից ազատվելու հրամայականը

Անկախության հռչակագրով դրվեցին Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքերը։ Դա այն տեսլականն էր, որի փաստացի կենսագործումն իրականություն դարձավ հետագա տարիների ընթացքում, սակայն Արցախի վերամիավորման գործընթացը կիսատ մնաց, ինչպես քաղաքական հարթությունում, այնպես էլ լայն հասարակության գիտակցության շերտերում։
2020 թ․ նոյեմների 9-ին սկսված Արցախի բռնազավթումն իր վտանգավոր կիզակետին հասավ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերի ընթացքում, երբ փաստացի ամբողջությամբ հայաթափվեց Արցախը։ Եթե նոյեմբերի 9-ից հետո կարելի էր նվազ կորուստներով կասեցնել վտանգավոր զարգացումները, ապա անցած տարվա սեպտեմբերյան զարգացումները չափազանց ծանր, զրոյականից ցածր հնարավորություններ թողեցին առնվազն այս փուլում դրական լուծում ապահովելու համար։

Այսօր Հայաստանի Հանրապետության փաստացի իշխանության վարած քաղաքականության հետևանքով երկիրը դարձել է քաղաքական մանրադրամ մեր տարածաշրջանում բախվող աշխարհաքաղաքական ուժերի շահերը բավարարելու համար։ «Խաղաղության օրակարգի» իրագործումը, որը վերջին շրջանում վերափոխվեց «խաղաղության խաչմերուկի», միջազգային դերակատարների կողմից ընկալվում է որպես քաղաքական կամքի տիրույթում լուծում պահանջող ծրագիր։ Դրանով փաստորեն մերժվում է հայերի ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ գործած հանցագործությունների համար նախատեսվող պատասխանատվության ենթարկումը, որով խրախուսվում է նման դեպքերի տարածումն այլ տարածաշրջանների, պետությունների ու ազգերի նկատմամբ ևս։ Հաշվի առնելով ամբողջ աշխարհում արդեն իսկ գոյություն ունեցող հակամարտությունների սրացումները՝ նախադեպը խիստ վտանգավոր զարգացումների առիթ է դառնում։

«Խաղաղության օրակարգի» սին լինելու հանգամանքը պարբերաբար ի ցույց է դնում Բաքվի բռնապետը, երբ հանդես է գալիս հայատյաց և ագրեսիվ հայտարարություններով ու գործողություններով։ Միաժամանակ 2021 թվականի մայիսից առ այսօր ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, մասնավորապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի կիլոմետր խորությամբ առաջ են շարժվել դեպի Հայաստան։ Հայտարարություններից և կոչերից բացի՝ որևէ այլ ձևով միջազգային դերակատարները չեն արձագանքել միջազգայնորեն ճանաչված սահմանների ու միջազգային իրավունքի կոպիտ խախտմանը։ Սա վկայում է այն մասին, որ հայկական գործոնի դերը թուլացել է միջազգային թատերաբեմում, և ստեղծված իրավիճակը չի խանգարում միջազգային խաղացողների օրակարգին։

Մյուս կարևոր արձանագրումն այն է, որ քանի դեռ տարածաշրջանում ստատուս քվոն պահպանվում էր հօգուտ հայկական կողմի և հայկական շահերի, կրկին միջազգային դերակատարները հայտարարություններից ու կոչերից բացի՝ այլ գործողություններ չէին կատարում։ Այսինքն՝ անհիմն էր այն թեզը, թե իբր այլ տարբերակ չունեինք, քան հրաժարվել հայկական տարածքների նկատմամբ վերահսկողություն ունենալու արդարացի պահանջից և իրավունքից։

Միջազգային դերակատարների նման վերաբերմունքի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը ներկայացնող քաղաքական վերնախավը համարժեք չի արձագանքում թուրք-ադրբեջանական հակահայկական քաղաքականությանը։ Ավելին, հայտարարությունների և գործողությունների մակարդակում ընդառաջ է գնում թուրք-ադրբեջանական անհիմն պահանջներին։ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական օրակարգերից։

2023 թ. հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ փաստացի վարչապետը, անդրադառնալով «խաղաղության օրակարգին», նշել է, որ «առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը և Հայաստանի Հանրապետության՝ 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը»։ Ինչպես տեսնում ենք, ներկայում զրոյացված է ոչ միայն Արցախում հայության իրավունքների ապահովումն ու անվտանգության մեխանիզմների ստեղծումը, այլև ընդհանրապես հայերի ներկայությունն իր պատմական հայրենիքում։ Թերևս ավելորդ է հույս ունենալ, որ շարունակաբար զիջողականություն և կրավորական կեցվածք որդեգրած իշխանությունը կկարողանա ապահովել անգամ մեզ պարտադրվող Սովետական Հայաստանի տարածքը։

Մեզ առաջարկում են «արյունոտ խաղաղություն», արժանապատվությունից հրաժարվելու գնով ձեռք բերված «խաղաղություն», բարեկեցության պատրանք ենթադրող «խաղաղություն»։ Խաղաղությունը բազմադեմ է, բայց բոլորը չեն, որ համապատասխանում են հայկական ապագայի տեսլականին։ Ամեն գնով «խաղաղության» հասնելու ցանկությունը լրացուցիչ անվտանգային խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, թեև տեղի ունեցող զարգացումները հայ հանրությանը ներկայացվում են տնտեսական, քաղաքական ձեռքբերումների փաթեթավորմամբ։ 2024 թ․ հունվարի 4-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել գերմանական «Berliner Zeitung» թերթին , որտեղ ձևակերպել է Բաքվի պահանջները, այդ թվում՝ դեպի Նախիջևան անխոչընդոտ՝ «առանց մաքսային ու սահմանային վերահսկողության» կապ ունենալու մասին։ Մի քանի օր անց՝ հունվարի 7-ին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ ակնկալում են «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն իրականացնել մինչև 2029 թվականը՝ նշելով, որ արդեն իսկ ավարտին է մոտենում Բաքվից Խոռատունիք (Հորադիզ) հատվածի շինարարությունը, իսկ Խոռատունիքից Օրդուբադ հատվածում շինարարությունը՝ բացառությամբ Հայաստանի տարածքի, ընթացքի մեջ է։ «Զանգեզուրի միջանցքի հայկական հատվածի երկարությունը մոտավորապես 43 կիլոմետր է։

Երևանի միջանցքի պլանավորման և մրցութային ընթացակարգերի իրականացումից հետո այն կհամարվի ամբողջությամբ ավարտված։ Այսպիսով, Թուրքիան ուղղակի և հեշտ մուտք կունենա դեպի թյուրքական աշխարհ և Կենտրոնական Ասիայի երկրներ»,— նշել է Թուրքիայի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը վերջերս դրական ուղերձներ է հղել այդ նախագծի վերաբերյալ : Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ են գործում, մեկ միասնական օրակարգով և փորձում են կյանքի կոչել «թուրանական միջանցքը» Հայաստանի և հայկական շահերի հաշվին։ Հիքմեթ Հաջիևի հարցազրույցում տեղ գտած խնդրահարույց մյուս թեման, այսպես կոչված, «արևմտյան Զանգեզուր» հասկացության շրջանառումն է, որն արդեն Բաքվի հավակնությունն է ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ։

Ներկա իրականության մեջ որոշ հասարակական և մասնագիտական շրջանակներ տեսակետ են հնչեցնում, թե երրորդ հանրապետությունն այլևս չկա և պետք է մտածել «չորրորդ հանրապետության» մասին, ինչը ոչ պակաս վտանգավոր և խնդրահարույց է։ Եթե մենք շրջենք երրորդ հանրապետության էջը, ապա պատմաքաղաքական առումով կհրաժարվենք Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներից և նպատակներից։ «Հինը» հիմնահատակ քանդելու, ջնջելու մոտեցումը զրկում է նախկին ձեռքբերումներն ամրապնդելու և սխալներից սովորելու հնարավորությունից։

Սրանք խնդիրներ են, որոնք պետք է ընկալվեն ոչ թե որպես վերջնարդյունք, այլ մարտահրավեր, որից կարելի է, և պարտավո՛ր ենք դուրս գալ վերափոխված, վերակազմակերպված։ Հակառակ դեպքում կդադարենք գոյություն ունենալ որպես ազգ։ Այսօր մեզ համար առավել քան հրամայական է արդիականացումը ազգային և քաղաքական մակարդակներում։ Ցանկացած ազգ, ժողովուրդ, պետություն փոփոխվող իրողություններում սեփական տեղն ու դերը պահպանելու համար ձևակերպում է իր ազգային-պետական զարգացման տեսլականը։

Փոփոխվող աշխարհում որպես ազգ ու պետություն կենսունակ մնալու, արդիականանալու համար առանձնացնենք երկու առանցքային և փոխկապակցված հիմնախնդիր․ ազատվել զոհի բարդույթից և արդիականանալ ազգային հենքի վրա։
Զոհի բարդույթից ազատվելու առաջնահերթությունը բխում է այն հանգամանքից, որ նման մոդելի կրողը զուրկ է սեփական կյանքը, գործողություններն ու հետեւաբար ապագան որոշելու ցանկությունից։ Դեռ 1960 թվականին բժիշկ, հոգեթերապևտ Սթիվեն Կարպմանի կողմից նկարագրվում է մարդկանց միջև փոխհարաբերությունների հոգեբանական և սոցիալական մի մոդել, որը ներառում է զոհի հոգեբանության մեջ դրսևորվող 3 հիմնական դերերը։ Կարպմանի եռանկյունին այլ կեպ անվանում են «ճակատագրի եռանկյունի», այն արդիական է մինչ օրս և կարելի է վերագրել նաև ազգային մակարդակում խաղացվող դերերին։ Այդ մոդելում որպես զոհ՝ մենք կենտրոնանում ենք կյանքի բացասականության վրա և զայրույթ ենք զգում նրանց նկատմամբ, ովքեր մեզ դատում կամ քննադատում են:

Այդպիսով, փաստացի զրկում ենք մեզ լուծումներ փնտրելու, դրանք տեսնելու հնարավորությունից։ Որպես հալածողների՝ մենք դատում և քննադատում ենք ուրիշներին՝ սովորաբար առանց զայրույթի կամ չարության: Եվ վերջապես մենք դիմում ենք փրկիչներին, ովքեր կարող են գալ մեկ այլ անձի կամ այլ երևույթի տեսքով, որպեսզի շեղեն մեր ուշադրությունը և թեթևություն բերեն:

Այսօր մենք զոհի կարգավիճակը դարձրել ենք վահան և փորձում ենք պաշտպանվել դժվարություններից և խնդիրներից։ Զոհի հոգեբանությունը կառուցված է այն համոզմունքի վրա, որ մենք պատասխանատու չենք մեր գործողությունների և կյանքի հանգամանքների համար: Առկա խնդիրներն ու մարտահրավերները թե՛ անհատական, թե՛ ազգային մակարդակում նախ ինքնուրույն լուծելու փոխարեն, մենք բողոքում ենք, փորձում հասնել նրան, որպեսզի հաստատենք զոհի, տուժածի մեր կարգավիճակը։ Արդյունքում խորանում է անօգնականության զգացումը, հայտնվում ենք փակ շղթայի մեջ, անվերջ մեղադրում ենք այլոց, այլ պետությունների, խոսում մեզ վնասող հանգամանքների մասին, ներփակվում ինքներս մեր մեջ, խղճում մեզ և պարտադրում, որ մյուսներն էլ խղճան, հոգ տանեն մեր մասին և լուծեն մեր իսկ խնդիրները։ Ի վերջո, շատ ավելի հեշտ է բողոքել ու քննադատել, քան ինչ-որ բան ստեղծել, հաղթահարել, պատասխանատվություն ստանձնել։

Զոհի, տուժածի, պարտվածի կարգավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ունենալ վերափոխման, զարգացման ու կենսունակության ծրագիր։ Այդպիսիք ունեն գրեթե բոլոր ժողովուրդներն ու ազգերը, որոնք հեռանկարային կտրվածքով ապագայի տեսլական են մշակում, ինչպես, օրինակ՝ թուրքերի համար «Թուրանը», հրեաների համար՝ Սիոնը, «Ավետյաց երկիր» վերադառնալը, Միացյալ Նահանգների քաղաքացիների համար՝ «American dream»-ը, ռուսների համար՝ «Наша держава»-ն, լեհերի համար՝ Ռեչ Պոսպոլիտայի վերականգնումը, չինացիների համար՝ «Մետաքսե ճանապարհը» և այլն։

Մեզ անհրաժեշտ արդիականացումը բոլորովին այլ հարթության վրա է, քան արդիականացման դասական տեսություններն են ենթադրում։ Մեզ համար արդիականացման որոշիչ գործոնը պետք է դառնա ոչ թե ավանդական արժեքների փոխարինումը, այլ նորի փոխակերպումը, վերարժևորումը ազգային գաղափարախոսության միջոցով։ Այսպես՝ յուրաքանչյուր ժողովրդի, ազգի զարգացման համար որոշիչ է ազգային արժեհամակարգը՝ խորհրդանիշների, գաղափարների տեսքով, որոնք դառնում են ուղենիշային։ Ազգային գաղափարն է, որ կարող է համախմբել քաղաքական, սոցիալական, տնտեսական տարբեր շահեր ունեցող շերտերին՝ ձևավորելով ազգային գիտակցություն։ Տարբեր ժամանակներում հոգևոր-գաղափարական հենքի կարևորությանը անդրադարձել են մեր մեծերը։ «Հոգևոր Հայաստան» (1914 թ.) վերլուծության մեջ Վահան Տերյանը գրում է․ «Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում»։ Նա համոզված էր, որ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատանք է պահանջում, թերևս ավելի դժվար ու ծանր աշխատանք, ավելի ծանր զոհաբերում, քան արյան զոհաբերումն է:

Լուսինե Մխիթարյան

«Դրօշակ» թիվ 1, 2024թ.