Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վստահ եմ, որ մամուլում հայտնված տեղեկությունները իշխանությունների կողմից Օ. Գասպարյանի գործով դատավորի վրա ճնշումների մասով համապատասխանում են իրականությանը: Ավելին` շատ տաղանդավոր պետք չի լինել, որպիսի հասկանալի լինի` ովքեր կարող են իրենց վրա վերցնել այդ անբարո ճնշումների բեռը: Անուն առ անուն` հաջորդիվ:
Դատավորին չեմ ճանաչում, Մ. Պետրոսյանին նկարագրում են որպես առողջ ամբիցիաներ ունեցող պատրաստված երիտասարդ:
Ուզում եմ անկեղծ լինենք, բեռն իր վրա գուցե իսկապես անհամաչափ է` իրավական, քաղաքական ու բարոյական առումով:
ԻՐԱՎԱԿԱՆ առումով անգամ մոլի ազգադավները գիտեն, որ ազատումը ապօրինի է, ու հայցը պիտի բավարարվի:
Այստեղ կարելի է վիճել հայցի տեսակների մասին, բայց ոչ հայցի բավարարման միանշանակության մասով: Սա ամենահեշտ ու պակաս էմոցիոնալ լուծումն է, որ պահանջում է ընդամենը հավատարիմ մնալ դատավորի երդմանը: Ու առանց արհեստական ձգձգումների դադարեցնել արատավոր շղթան, արագ կիրառել հայցի ապահովում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ առումով դատավորը պիտի պատասխանի անձամբ իր մասով սրիկայի հայտնի ձևակերպմանը (վնգստալ) ու հիշի, որ տուրք տալով այդ ճնշումներին` ինքը այո է ասում անգրագետ անհայրենիքների` «դատարանները վերցնելու» ցանկությանը ու իր գործընկերների հանդեպ 3 տարվա ընթացքում կատարված նողկալի արարքներին:
Ամենածանրը ԲԱՐՈՅԱԿԱՆ հարթությունն է, բանակը խոսել է պետականության խարխլման, բանակի քայքայման ու դրա մեղավորի մասին: Եվ այդ մեղավորը նույն այն մարդն է, որ զոհել է, մատաղ է արել 5000-ից ավելի երեխա, գերիներին պատանդ է թողել թշնամու մոտ, երկիրը կործանել, հանձնել, վաճառել է ու դեռ քնում ու արթնանում է: Դատավորը պիտի ընտրի բանակի ու բանակը վարկաբեկողի ու ավերողի միջև, պետության ու պետությունը կործանողի միջև, արժանապատիվ զինվորների ու մեհրիբանի նկարի տակ ալիևին գովացող անարժանապատիվ թմրամոլի միջև:
Այս բառերը ներքին համոզման խնդիր են, վստահ եմ` ցինիկ նիկոլականները հենց այս նույն պետություն, բանակ և այլ բառերով. արդարացնում են իրենց իշխանության մնալը, տհաս մտքեր հայտնելը և այլն: Դատավորը պիտի ընտրի` իրավունքի ու ապօրինության, ապաքաղաքական ու քաղաքական դատարանների, զոհի ու զոհի դահիճի միջև: Սա անձնական ընտրություն է` ողջ կյանքի համար:
Ծանր բեռ է, հատկապես, որ անձամբ ինձ համար բանակի հայտարությունից հետո տարբեր այլ ելքեր կային, քան վարչական դատարան դիմելը ու լուծում ակնկալելը մեկ դատավորից: Ծանր բեռ է, բայց նաև սահմանային իրավիճակներում են բացահայտվում մարդու թե՜ դրական ու թե՜ բացասական կողմերը ու արժեհամակարգը: Սպասենք»: