Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 20, 22, 24-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա Նարեկ Դուրյանի «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումը' Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված: Դերասան Նարեկ Դուրյանն ասում է, որ ներկայացումը խաղացանկային չէ, քանի որ այն դժվար է թե՛ հաճախակի խաղալը, թե՛ հանդիսատեսի մարսելը: Ներկայացման մեջ շեշտը դրված է ոչ թե լացի, այլ հերոսական գաղափարի վրա: Դուրյանի կարծիքով' ժամանակն է զոհի հոգեբանությունից դուրս գալ և նայել առաջ' հիշելով ու պահանջելով: Yerkir.am-ի զրուցակիցն է Նարեկ Դուրյանը:
Լացուկոծի մասին
Զոհի հոգեբանությունից պետք է դուրս գանք: Ոչ ոք չի մոռանում, որ զոհեր են եղել, մեծ ողբերգություն, բայց նայում եմ էդ թվերի նկարներն ու զարմանում' երեք թուրք զինվոր` հրացանով, 500 հոգու տանում են ջարդելու: Մյուս կողմից` հասկանում եմ, որ միգուցե հիմա հեշտ է, թատրոնում նստած, այն ժամանակվա դեպքերից խոսել, և չգիտես' ինչ է կատարվել այդ պահին, միգուցե վա՞խը, ընտանիքիդ համար սարսա՞փն է քեզ խեղճացրել: Այդ հոգեբանությունը, որ` մեզ տանում են ջարդելու, մենք էլ, գլուխներս կախ, գնում ենք, բավ է, ծովից ծով Հայաստանը կորցնել պետք եղավ, որպեսզի մենք կարողանանք հասկանալ դա: Զարմանալի է' ոնց է անընդհատ կրկնվում պատմությունը: Աշխարհն ամբողջ խառնվել է իրար, մենք ի՞նչ ենք անում, որ երևանք, մենք քարտեզի վրա չենք էլ երևում, ինչքան դիվանագետ պետք է լինենք, խելացի ու հզոր, որպեսզի կուլ չգնանք: Սրա առաջին նախապայմանը զոհի հոգեբանությունից դուրս գալն է:
Թուրքիայի վարած քաղաքականությունը' հե՜յ-հե՜յ
Այն, որ ապրիլի 24-ին Թուրքիան որոշել է տոնել Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի օրը, ես զարմացած եմ նրանց' այդ քայլի վրա: Նրանց' նման պահվածքը շատ մանկական էր և իրենցից չէր, որ չփորձեցին հարցին դիվանագիտորեն մոտենալ: Եվս մի փաստ, որ աշխարհի քաղաքական գործիչների մակարդակը տասնապատիկ իջել է, Ռեյգանից հետո քաղաքական գործիչ չի մնացել...
Կուլ գնալու և դիվանագիտության արանքում
Մենք երկու բան ենք իրար խառնում` մենք, ի տարբերություն թուրքերի, չունենք դիվանագիտություն, մենք շատ հաճախ կուլ գնալը խառնում ենք դիվանագիտության հետ, օրինակ' Հայաստանում ռուսական դպրոց բացելը կուլ գնա՞լ է, թե՞ դիվանագիտություն, ոչ ոք չգիտի: Երբ Կուտուզովն ասաց' Մոսկվան թողնում ենք-հեռանում, թող Նապոլեոնը մտնի Մոսկվա, մարդիկ վրդովվեցին, բայց դրան հաջորդեց նրա խոսքը, թե' Մոսկվայի կորստով կորած չէ բանակը, բայց բանակի կորստով կորած է Ռուսաստանը: Իսկ մե՞նք, մենք ամեն հավկիթ դնում ենք նույն զամբյուղի մոտ. եթե ես կառավարության դեմ խոսեմ, ինձ միանգամից ընդդիմադիր կհռչակեն, եթե ես ասեմ` բայց նա նաև լավ բաներ է անում, ինձ կասեն' ըհը, պնակալեզ է: Մեջտեղ չկա էս երկրում:
Ցեղասպանության 100-րդ տարելից. ճիշտ շեշտադրումներ
Կարծում եմ' շեշտը պետք է դրվի երևի թե ճանաչման վրա, բայց շատ դժվար է: Գիտե՞ս, մեր գեղեցիկ աչքերի համար ոչ ոք չի ճանաչի Ցեղասպանությունը, մենք պետք է գտնենք, թե ինչ ունենք դիմացը, էս հզոր երկրներին ինչով կարող ենք շահագրգռել, որ նրանք մեր կողքին լինեն: Ես չեմ հավատում, որ, հումանիզմից ելնելով, իրենք ինչ-որ քայլ կանեն: Ես 35 տարի տեսել եմ սփյուռքահայության պայքարն ապրիլի 24-ին, մեր արդարության մարտիկներին, ԱՍԱԼԱ-ի տղերքին... Ինձ համար շատ դանդաղ է առաջ գնում այս պրոցեսը: Մի կարևոր բան էլ կա' մենք ամեն ինչ անում ենք «մենք` մերոնցով» սկզբունքով: Ես շատ սխալ եմ համարում դա, մենք պետք է դրսին նաև ցույց տանք մեր արտադրանքը' կինո, թատրոն, գրականություն: Եթե մի քիչ հեռուն մտածենք' պետք է չինական դպրոց բացենք Հայաստանում, ախր, դա չի խանգարում մեզ: Այսօր այնքան ծիծաղելի է' լավ թելադրություն գրելը հավասարեցվել է հայրենասիրությանը: Է, Ազնավուրը հայերեն չի գրում, լավ հայ չի՞:
Նոր ու անկախ Հայաստանի, հայաստանցիների մասին
Նոր ու անկախ Հայաստանի, հայաստանցիների մտածելակերպը ես դեռ չեմ կարողանում ընկալել: Ո՞ւր է ինտելեկտը, դիվանագիտությունը, չգիտեմ: Սովետական Հայաստանում բոլորը կոմունիստ էին, բայց շատերը լավ էլ հայ էին: Ո՞վ էր հավատում կոմունիզմին, ոչ ոք, այն սուտ մի բան էր, ինչպես և դեմոկրատիան, պարզապես դեմոկրատիայի սուտն ավելի հեշտ մարսվող է, այն քեզ չի ասում' մի' մտածիր, մ'ի քայլիր, մի' գնա: Այո, մենք ռուսերեն էինք խոսում, ռուսերենը շատ էր, բայց մեր խանութների անունները Անի, Վան, Կարս, իսկ թաղամասերի անունները Մալաթիա, Սեբաստիա, Կիլիկիա էր: Ռուսերեն էինք խոսում, բայց Ծիծեռնակաբերդ սարքեցինք, այն էլ' սովետի օրոք: Ռուս արջուկին «պուշ արեցինք», խմացրինք, մարմարը, գրանիտը բերեցինք, օդանավակայանն ու մետրոն սարքեցինք: Մեր ժամանակ մենք ռուսերեն էինք խոսում, բայց մեր կանայք Թուրքիայում մարմնավաճառությամբ չէին զբաղվում: Հիմա դուրս կգա' ես սովետ եմ պաշտպանում, բայց մեր ժամանակ ռաբիսը ֆիլհարմոնիայի շենքում չէր հնչում: Հիմա անտարբերություն է: Մարդկանց աչքերը միանգամից բացվեցին: Խոսքը կառավարության մասին չէ, այլ բոլորի, քանի որ մենք շատ հաճախ քննադատում ենք կառավարությանը, որն, անշուշտ, շատ թերություններ ունի, բայց մի կարևոր բան ենք մոռանում' էդ մարդիկ որտեղի՞ց են մտնում կառավարության մեջ, մեզնի՞ց չեն: Ինչո՞ւ ոչ ոք մի հատ աչք չի գցում, թե նայի' «արտադրությունը» կառավարության ինչ վիճակում է: Չէ, շատ հեշտ է, ասում են' երկիրը երկիր չի, ու վերջ: Փողոցում թքողը վաղը կարող է դառնալ ինչ-որ բանի տնօրեն: Մենք ընկանք շատ, ընկանք' կուլ չգնալով: Արժեհամակարգը գնալով անկում է ապրում, բայց դա միայն Հայաստանի խնդիրը չէ, Հայաստանում ավելի շատ է երևում, քանի որ մենք քիչ ենք: Մեզ մոտ փողոցում գինովցած մի դերասան քայլի, մյուս օրը բոլորը նրա մասին կխոսեն, իսկ 10 միլիոնանոց Փարիզում 35 տարվա մեջ չի եղել, որ փողոցում մեկին ասեմ' «վա՜յ, բարև»:
Կատակերգությունների մասին
Այսօր մարդությունն ամբողջ աշխարհում հումոր է ուզում, ինչն ամենևին էլ կապ չունի ինտելեկտի հետ: Ես կարող եմ շատ մեծ արտիստների անուններ տալ, որոնք Փարիզում ինձ մոտ են ապրել և որոնք երեկոյան ասում էին' ամենածիծաղելի կամ ամենամարտական կինոներից միացրու' երկու ժամ անջատվենք: Եվ դա ասում է մարդ, որին չես կարող ասել, թե Շեքսպիր կամ Բալզակ չի կարդացել: Տե'ս, եղել է Վերածննդի, կլասիցիզմի դարաշրջան, հիմա էլ «հումորիզմի» դարաշրջան է, բայց շատ հնարավոր է, որ 100 տարի հետո դառնա պոեզիայի դարաշրջան: Հայաստանում սխալ մտածելակերպ կա' որոշել ներկայացման, դերասանների մակարդակը` ժանրից: Վերդիի երաժշտությունն Իտալիայի բոլոր շուկաներում հնչում է, բայց Ստրավինսկու կամ Վագների գործերը չեն հնչում, հիմա ի՞նչ' Վերդին ցածր մակարդակ է, մյուսները' բա՞րձր:
Իրե՜նք, իրենց ճռճռան պատգամները
Թատրոնը շոու է, ժամանց: Թատրոնն, անկասկած, ինչ-որ բան սովորեցնում է, բայց` առանց պնդելու ու պարտադրելու: Շատերը ներկայացումից, ֆիլմից դուրս գալուց հետո անմիջապես սկսում են քննարկել' ինչ են ստանում այն դիտելիս, ինչ պատգամ:
Արժեհամակարգ, հավատ
Արժեքների կորուստ կա' հայր, մայր, տատիկ, պապիկ, քույր, եղբայր, հավատ... Ես անհավատ եմ, բայց գնում եմ եկեղեցի ու մոմ վառում: Ինչո՞ւ, չգիտեմ: Ամենահասարակ հարաբերությունների մեջ էլ հավատն է պակասել: Տեսեք, երբ ֆրանսիական դասագրքերում գրվում է, որ երեխան ծնվում է երկու սեռով' մեկը այն, որը բնությունն է իրեն օժտել, իսկ մյուսն այն, որ ինքը կարող է ընտրել չափահաս դառնալիս, սա աղետ է ինձ համար, և ես չեմ ուզում, որ իմ թոռնիկն այս դասագրքով սովորի: Աշխարհը ցած է գլորվում: Կհիշե՞ք դեպքը, երբ 70 մլն քրիստոնյա զավակ ունեցող Իտալիայում մի արաբ ընտանիք գնաց ու ասաց, թե դպրոցի դիմացի խաչը հանեք, ինձ նեղում է: Նա դատի տվեց ու շահեց դատը, խաչը հանեցին: Ճիշտ է, գյուղացիները գիշերվա ընթացքում եկան, մի ծառ կտրեցին ու խաչ սարքեցին, իսկ արաբը փախավ գյուղից, բայց փաստը մնում է փաստ, որ դատարանով մարդը հաղթեց:
«Սահմանների» մասին
Գլոբալիզացիայի դարաշրջան է, ուր գնում ես' նույն ուտելիքը, նույն երաժշտությունը: Ինտերնետը ջնջեց բոլոր սահմանները. կին ու տղամարդ իրար սեր են բացատրվում սմայլիկներով, հիմա աչքերը փոխվել են սմայլիկով' երկու կետ ու փակագծով: Փողոցում զույգեր են քայլում, բայց երկուսն էլ խոսում են հեռախոսով: Եղբա՛յր, ինչո՞ւ եք միասին քայլում, եթե պիտի հեռախոսով խոսեք:
Կարինե Հարությունյան