կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 21:35
Քաղաքական

Նոր Ազգային Զարթոնքի հրամայականը

Նոր Ազգային Զարթոնքի հրամայականը

Պատերազմի առաջին օրերից պարզ էր, որ այս պատերազմն իր բնույթով բազմաճակատ է եւ ՀՅԴ երիտասարդականը իր ամբողջ ներուժով՝ հայրենիքում եւ սփյուռքյան գաղթօջախներում, նետվեց ազգային ազատագրական պայքարի առաջնագիծ։

Հիշեցնեմ, այդ ճակատներն էին՝

1․ Տեղեկատվական, քարոզչական եւ պրոպագանդայի պատերազմը, որտեղ զբաղված էինք թշնամու սուտ լուրերի տարածումը կանխելով եւ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ազերիա-ահաբեկչական պատերազմի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ տրամադրելով միջազգային հանրությանը։

- Ցավոք սրտի, պէտք է արձանագրել, որ ներկայում այդ պատերազմը արտաքին դաշտից տեղափոխվել է ներհայաստանյան տիրույթ, երբ խայտառակ եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանատվությունից խուսափելով, իր աթոռն ամեն ինչից վեր դասելով ու ամեն գնով այն պահպանելու նպատակով, դարձյալ օգտագործում է իր ամենասիրելի քայքայիչ մեթոդը՝ տիրել հասարակությունը մասնատելով ու պառակտելով։ Նույն սուտ լուրեր տարածելով եւ ատելություն սերմանելով՝ Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ քարոզչամեքենան գործի է դրել «Հայրենիքի փրկության շարժումն» տապալելու ուղղությամբ․ մեղքը բարդելով աջ-ձախ բոլոր ընդվզողների վրա։

2․ Արտաքին հարաբերական եւ դիվանագիտական ճակատը, որտեղ, Արցախի Հանրապետության ճանաչման հարցը դարձրեցինք օրակարգային առաջնահերթություն, պարտադրելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ միջազգային քաղաքական վերնախավին ներկայացրեցինք թշնամու բարբարոսություններն ու պատերազմի ընթացքում տեղի ունեցող հանցագործությունները։

- Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը մնում է օրակարգային առաջնահերթություն, իսկ պատերազմական հանցագործությունների բարձրաձայնումը միջազգային հարթակներում շարունակվում է մինչ օրս։

Եւ վերջապե՛ս

3․ Արցախյան ռազմաճակատը, ուր մեր մարտնչող հայորդիները կռվում էին խիզախաբար եւ անմնացորդ նվիրումով՝ Արցախ աշխարհի սահմանագծերն ու անկախությունը վերջնականորեն ամրագրելու նպատակով։

- Դժբախտաբար պետք է արձանագրել, որ այսօր հայրենքի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումը, ազգային անվտանգության պաշտպանությունը եւ ընդհանրապես մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգման պայքարը նույնպես տեղափոխվել է ներհայաստանյան տիրույթ։ Երբ պարտված, ձախողած ղեկավարը՝ հայրենքի հաշվին դեռ կառչած է մնում իր աթոռից եւ իր անգործությամբ, առանց պատկերացնելու ստեղծված ճգնաաժամային իրավիճակը՝ օրեցօր էլ ավելի վնաս է հասցնում մեր պետականությանը։

Ներկա իրավիճակ

Այսօր երկու հայրենի հանրապետությունները դիմագրավում են ներքին ու արտաքին ճակատագրական մարտահրավերներ։ Կարճ նկարագրելով ունենք հետեւյալ պատկերը՝

⮚        Գրավված Արցախ եւ անտեր մնացած արցախահայություն

⮚        Հազարավոր զոհեր, գերևարված եւ անհայտ կորած հարյուրավոր հայորդիներ

⮚        Վիրավոր եւ հաշմանդամ դարձած բանակ

⮚        Ոտնահարված ազգային արժանապատվություն,  մաշված ազգային ջիղ, ոգի եւ իքնագիտակցություն

⮚        Մասնատված հասարակություն եւ իրար դեմ թշնամացած հասարակական տարբեր շերտեր

⮚        Ներքաղաքական տագնապ

⮚        Տապալված տնտեսություն

⮚        Փլուզված պետական կառավարման համակարգ

⮚        Զրոյացված արտաքին քաղաքականություն եւ մերկացած դիվանագիտություն

⮚        Թշնամու աննախադեպ լայն ախորժակ եւ սանձարձակություն

Այս բոլորի պատասխանատուն մե՛կն է՝ Փաշինյան Նիկոլն ու իր հանցավոր վարչախումբը։

Անցումային շրջան

Վերոնշյալ մարտահրավերներն դիմագրելու, դրանք հաղթահարելու եւ այս ճգնաժամից դուրս գալու  նպատակով առաջին հերթին պետք է վայրկյան առաջ հեռացնենք պարտված, ձախողած եւ ազգակործան այս իշխանությանը։

Ընդդիմության նախաձեռնած «Հայրենիքի փրկության շարժումը», որտեղ համախմբված են 17 կուսակցություններ, ներկայացրել է իշխանափոխության ճանապարհային քարտեզ, նպատակ ունենալով իրավասահմանադրական ճանապարհով իշխանության անցնցում փոխանցում ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող ուժերի, ավելի փորձառու եւ հմուտ քաղաքական-հասարակական գործիչների, որպեսզի կարողանանք միասնաբար դուրս գանք այս ճգնաժամից։

«Թյուրիմացության կառավարության» հրաժարականից հետո ՀՀ Ազգային ժողովը պետք է ընտրի Ժամանակավոր վարչապետ, որի շուրջ էլ կը ձեւավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունը, որի դեմ կա դրված երեք կարեւորագույն առաջադրանքներ․

1․ Վերականգնել հասարակական համերաշխությունն ու վերացնել ժողովրդի մեջ քաշված բոլոր բաժանարար գծերը։

2․ Ամրապնդել եւ վերականգնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից հանդիսացող բոլոր պետությունների հետ եւ այդպիսով վերջ դնել դիվանագիտական մեկուսացվածությանը։

3․ Կազմակերպել արդար, թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Արդար, թափանցիկ, արտահերթ ընտրությունների արդյունքում պետք է ձեւավորել ազգային պետական շահն ու համազգային իղձերն ամեն ինչից վեր դասող կառավարություն, որն մի կողմ կդնի բոլոր կուսակցական եւ նեղ անձնական շահերը եւ միայն ու միայն կգործի անշահախնդրորեն եւ հանուն երկու հայրենի հանրապետությունների բարգավաճման։

Վերջիվերջո, պետք է հասկանանք, որ Հայաստանի ու Արցախի նման երկրներում, որտեղ շրջապատված ենք թշնամիներով եւ դեմ հանդիման ենք գտնվում հսկայական տարաբնույթ արտաքին եւ ներքին քաղաքական մարտահրավերների ու վտանգների, իրավունք չունենք առաջնորդվելու չոր կամ դասական քաղաքական հաշվարկներով։ Փոխարենը պետք է առաջնորդվենք համազգային նպատակների վրա կառուցված տեսլականով եւ գործենք հավատարիմ հային ու հողին։

Անկեղծ եւ նվիրված գործող ցանկացած կազմակերպություն կամ քաղաքական կուսակցություն պետք է հասկանա, որ ժողովուրդը մի ամբողջություն է եւ նրան առանց մասնատելու պետք է գրկաբաց ընդունել․ թեկուզ եթե այդ նույն ժողովրդի մի հատվածը հենց իր գրկում է իրեն հարվածներ հասցնելու:

Այսպիսով, նոր կառավարության անելիքները

Հզոր պետության հիմնասյուների կառուցում,

1․ Ազգային կրթություն՝ ազգային եւ առաջադեմ կրթության ռազմավարության մշակում եւ գործադրում

2․ Պողպատյա բանակ՝ պետական ռեսուրսի մի կարեւոր մաս հատկացնել ռազմարդյունաբերությանը եւ բանակաշինությանը

3․ Մրցունակ Տնտեսություն եւ առողջ հարկային համակարգ՝ հիմքը դնել սոցյալ-տնտեսական եւ հարկային այնպիսի համակարգի, որը ձեւավորված կլինի հասարակության բոլոր շերտերի կարիքները հաշվի առնելով ինչպես նաև  բոլոր շերտերի համար կապահովի հավասար ինքնադրսեւորման հնարավորություններ ու պայմաններ։

4․ Ճկուն եւ խելամիտ դիվանագիտություն՝ արտաքին հարաբերությունների եւ դիվանագիտության հեզասահ ընթացքը ցանկացած պետության սուրն ու վահանն է:

Արցախի հիմնախնդիր

1․ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքում

2․Արցախի կարգավիճակի վերջնական եւ ի նպաստ հայերի հստակեցում- Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման գործընթացը դարձնել օրակարգային առաջնահերթություն։

Հայ երիտասարդության անելիքները

Սիրելի հայ երիտասարդություն,

առհասարակ ցանկացած երկրի ապագան երիտասարդությունն է, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է իրեն համարի հայրենիքի եւ պետականության պաշտպանն ու ազնիվ զինվորը։

Այս պահին հայրենիքն հիվանդ, վիրավոր եւ մահամերձ վիճակում է։

Մենք պետք է ներկա քաղաքական տագնապալի իրավիճակից անդին նայենք, միասնաբար հաղթահարենք այն եւ ուղղորդվենք ապագայի տեսլականով, որտեղ հայ մարդը կվերագտնի հայրենիքի իմաստն ու արժեքը։ Միայն նեղ-ընտանեկան մտածողությունից եւ սեփականը առաջնահերթ դասելու հանցավորի հասնող նստվածքից ձեռբազատվելով է, որ կբռնցքվենք հավաքական շահի շուրջ։ Այս տարածաշրջանում ապրելով՝ իրավունք չունենք անձնակենտրոն մտածել ու գործել։ Բոլորս պետք է հասկանանք, որ գերագույնը հայրենիքն է, քանի որ այն իր մեջ ամփոփում է ազգի բոլոր հույզերն ու երազները։ Այսպիսով, հայրենիքի հաղթանակն ու ցանկացած նվաճում կդառնա բոլորինս, ինչպես նաեւ բոլորինս կդառնա՝ հայրենիքինը։

Այս ամբողջին հասնելու համար հայ երիտասարդությունը ունի առանցքային դերակատարություն, նա պետք է նման օրհասական պայմաններում իր ձեռքում վերցնի հայրենիքի ճակատագիրը եւ ոտքի կանգնի նրա իրավունքներն պաշտպանելու եւ հարատեւությունը երաշխավորելու հանձնառությամբ։ Այսօր, սիրելի երիտասարդներ այդ պահն է։ Երբ մենք ազգովի կանգնած ենք պետականություն կորցնելու եւ այս տարածաշրջանում գոյատեւելու եւ ազատ արարելու իրավունքից զրկվելու սպառնալիքի առաջ։

Այսպիսով, հայ երիտասարդը պետք է

1․ Մերժի պարտվողական քաղաքականությունը եւ համախմբվի ազգ ու հայրենիք կենսական հասկացողոթյունների շուրջ։

2․ Ապրի Արցախով եւ դառնա թիկունք արցախահայությանը։ Լծվի Արցախ աշխարհի վերակառուցման աշխատանքներին։

3. Վիրավոր, հաշմանդամ եւ նահատակված զինվորների եւ զինվորների ընտանիքների կողքին կանգնի նյութական, բարոյական եւ հոգեբանական օժանդակություններով։

4․ Իր մասնագիտական, մտավոր, նյութական կարողականությունը ի սպաս դնի պետականաշինության եւ բանակաշինության սուրբ գործին։

5․ Հրաժարվի եւ չտրվի հատվածական եւ բաժանարար տրամադրություններին։

6․ Յուրացնի ազգ-բանակ գաղափարախոսությունը եւ լինի հայ դատի նվիրյալ զինվորը։

Մենք միասնաբար պետք է մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկը լուսավորենք նոր ազգային զարթոնքով։

ՀՅԴ երիտասարդականը մնում է հավատարիմ իր ստանձնած հանձնառությանը՝ կերտել հզոր, ընկերվար, ժողովրդավար եւ ազգային արժեքներ կրող պետություն, ինչպես նաեւ Արցախյան գոյամարտը հասցնել իր հաղթական եւ վերջնական ավարտին։

Արշակ Մեսրոպյան

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխնատու