Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի այսօրվա արտահերթի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններին։ Փոփոխություններով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի եւ նրա տեղակալների համար չեղարկել զինվորական լինելն ու բարձր զինվորական կոչում ունենալու պարտադիր պայմանը։ Ըստ գործող օրենքի՝ տնօրենի տեղակալներն ու տնօրենը պետք է գնդապետից բարձր զինվորական կոչում կամ դրանց հավասար դասային աստիճան ունենան, իսկ փոփոխություններից հետո անգամ ախուրյանցի Անոն կարող է նշանակվել ԱԱԾ տնօրեն ու տնօրենի տեղակալ։
Ոստիկանության գեներալ-մայոր, վաստակավոր իրավաբան Գագիկ Համբարձումյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նախ հիշեց Քրիստիննե Գրիգորյանի նշանակման պատմությունը, երբ վերջինս հրաժարական տվեց մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից եւ կես տարի անց նշանակվեց Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ «Եթե այն աղջկան նշանակել են Արտաքին հետախուզական ծառայության պետ, ապա ինչի՞ մասին է խոսքը, ինչի՞ց պետք է զարմանանք»,- ասաց Համբարձումյանը։
Գեներալ Համբարձումյանի խոսքով՝ այս փոփոխություններն ամենեւին էլ պատահական չեն, սա պետությունը քանդելու հերթական քայլերից մեկն է։ Դիտարկմանը, որ Արմեն Աբազյանը կարծես Նիկոլ Փաշինյանին լավ էլ ծառայում է, այդ դեպքում ինչի՞ համար են այս փոփոխությունները, Համբարձումյանը դա բացատրեց Փաշինյանի անառողջ վախերով։ «Նա մանիաների հասնող վախեր ունի, որ մարդկանց չի վստահում, հավանաբար՝ այդ պաշտոնում «հեղափոխության պահպանակներից» մեկին է ցանկանում նշանակել»,- ասաց Համբարձումյանը՝ նշելով, որ գեներալի ու գնդապետի զինվորական կոչումներ ունենալու պայմանն ԱԱԾ տնօրենի ու նրա տեղակալների համար ամենեւին էլ պատահական չէր, դա այն բանի համար էր սահմանվել, որ կառույցը ղեկավարի փորձ ունեցող անձ։
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, լսելով սպասվող օրենսդրական փոփոխության նկարագրությունը, առաջինը հենց Քրիստիննե Գրիգորյանին հիշեց․ «Դուք «ամենամեծ եզին գոմում թողեցիք»։ Խոսքը վերաբերում է Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանին։ Նա նշանակվեց, չէ՞։ Հետախուզական եւ հակահետախուզական ծառայությունը պրոֆեսիոնալ զինվորական ծառայություն է, հիմա այս աղջկան նշանակել են այնտեղ, պատկերացնո՞ւմ եք, եւ այդ աղջկան նշանակելու պայմաններում, բնականաբար, փոփոխություններ պետք է անեին նաեւ ԱԱԾ-ի հետ կապված։ Դա նշանակում է, որ այլեւս ոչ պրոֆեսիոնալներին փողոցից բռնելու են՝ Արփի Դավոյանը կլինի, Մարիա Կարապետյանը կլինի, թե ով․․․, սորոսական այդ թիմը կգա նաեւ Ազգային անվտանգության ծառայություն։ Դա ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է, սրանց նպատակը դա է։ Ես տեղեկացա նաեւ, որ ուզում են այնպես անել, որ տնօրենի եւ տեղակալի պաշտոնների նշանակումն իրականացնի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ Սա եւս մի քայլ է՝ ավելի թուլացնելու եւ կրկին վարչապետ կոչեցյալի տակ մտցնելու։ Այսինքն՝ նշանակումները եւս դարձնում են մենաշնորհային՝ ում ուզի, դնի, ում ուզի, հանի։ Չնայած այսօր էլ է այդպես, բայց կարծես թե ձեւական կողմը պահելու համար այդ գործողությունն անում էին՝ վարչապետը ներկայացնում էր, նախագահը նշանակման հրամանագիրը ստորագրում էր։ Նպատակն ԱԱԾ-ն վերջնականապես կազմաքանդելն է։ Այն պրոֆեսիոնալ կառույց է, այն տասնամյակների ընթացքում կայացած համակարգ է, հիմա մնացել էր, որ այս համակարգը ֆունդամենտալ քանդեին, սա էլ կքանդեն»,- ասաց Պետրոսյանը։
Դեկտեմբերի 20-ին ԱԱԾ ծառայողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արմեն Աբազյանի ներկայությամբ հայտարարել էր, թե ԱԱԾ-ն կատարել է իր առջեւ դրված խնդիրները․ «Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված եւ կատարվող աշխատանքի համար: Իհարկե, ինչպես բոլորիս աշխատանքը, Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն էլ անթերի չէ եւ չէր կարող լինել, բայց պիտի արձանագրեմ, որ, ընդհանուր առմամբ, Ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարվա ընթացքում կատարել է անվտանգությունն ապահովելու իր առջեւ դրված խնդիրը: Եվ այս առումով մենք վստահ ենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի որակը գնալով բարելավվում է, եւ, իհարկե, կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը»։ Հարց է առաջանում՝ եթե ԱԱԾ-ն իր առջեւ դրված խնդիրները կատարել է, ապա ո՞րն է պատճառը, որ Փաշինյանը ցանկանում է ՔՊ-ական ուսապարկերով լցնել համակարգը։
Թաթուլ Պետրոսյանն այս հարցի առնչությամբ նշեց․ «Ընդհանրապես, եթե ղեկավարը խնդիր է դնում, արդեն ինքն է գնահատում՝ այդ խնդիրը կատարվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե ղեկավարն ԱԱԾ-ի առջեւ ընդամենը խնդիր է դրել, որ սատանաներ բռնեն, խնդիր է դրել, որ ընդդիմադիրներին բռնեն, նրանց գլխին սարքեն, ապա դա նշանակում է, որ, այո, նրա կողմից դրված խնդիրն ԱԱԾ-ն լուծել է, բայց ԱԱԾ-ն, լինելով ազգային անվտանգության կարեւորագույն կառույց, բացարձակապես ոչինչ չի արել, հակառակը՝ նա ընդհանրապես խնդիր չի լուծել ազգային անվտանգության տեսանկյունից»»։