կարևոր
3127 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-27 12:59
Հասարակություն

Իսկ ո՞ր բուհի կամ կամ ֆակուլտետի շրջանավարտը կարող է երկրի ղեկավար դառնալ․ «Հրապարակ»

Իսկ ո՞ր բուհի կամ կամ ֆակուլտետի շրջանավարտը կարող է երկրի ղեկավար դառնալ․ «Հրապարակ»

«Հրապարակը»-ը գրում է․
 

Ընդդիմադիր շրջանակները նորից քննարկում են աշնանային ակտիվացման հարցը եւ այն, թե ով է գլխավորելու այդ պայքարը, ով է լինելու ընդդիմության վարչապետի թեկնածուն: Հարց, որն այս ընդդիմության աքիլեսյան գարշապարն է դարձել, եւ հենց բանը հասնում է դրան, ընդդիմությունը, որպես կանոն, պառակտվում է: Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի` վարչապետի հնարավոր թեկնածությանը, ապա ընդդիմության ներսում կա երկու տեսակետ։ Առաջին տեսակետն այն է, որ Գալստանյանը հոգեւորական է եւ չի կարող լինել ընդդիմության վարչապետի թեկնածու, մանավանդ` սահմանադրական արգելք կա։ Եվ երկրորդ տեսակետն այն է, որ սրբազանն այս պահին ավելի մեծ քաղաքական փորձ ու հաջողություն ունի, քան շատ քաղաքական գործիչներ, եւ եթե նոր անձի թեկնածություն առաջ բերվի, հասարակությունը կարող է չաջակցել այդ պայքարին: 

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, օրինակ, այն կարծիքին է, որ Գալստանյանի թեկնածությունը սխալ է, նա այդ մասին խոսել է իր վերջին հարցազրույցի ժամանակ, իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանն այն կարծիքին է, որ սրբազանն այս ամիսների ընթացքում ավելի մեծ փորձ է ձեռք բերել, քան ԱԺ-ում նստած որոշ պատգամավորներ: Նախկին դեսպան Լեւոն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիր չի տեսնում սրբազանի` վարչապետի թեկնածության առաջադրման հարցում, սակայն միեւնույն ժամանակ նշեց, որ ընդդիմադիրներին հստակ օրակարգ է հարկավոր` հաջողությունների հասնելու մասով։ «Եթե օրակարգ լինի, մարդիկ կմիանան նրանց, բայց եթե չլինի այդ օրակարգը, չեմ կարծում, թե շարժումը հասնի հաջողության: Ինչպես գիտենք` Տավուշից տարածքներն արդեն հանձնվել են: Ինչ վերաբերում է հոգեւորականի թեկնածությանը, ինձ համար ընդունելի է, եթե օրենքը չի արգելում»,- նշեց նա: 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է նաեւ պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թե՛ ձեւավորման փուլում եւ թե՛ հիմա կարեւորագույն հարցերից մեկն այն է, թե ով է ընդդիմության վարչապետի թեկնածուն: Չնայած ամիսներ առաջ հայտարարվեց, որ Բագրատ սրբազանն է թեկնածուն, սակայն վերջին օրերին կրկին ակտուալ է դարձել այս հարցը, եւ ընդդիմադիր տարբեր շրջանակներում դա են քննարկում:

- Հարցը բավականին խոհափիլիսոփայական է: Իսկ ո՞վ կարող է ղեկավարել երկիրը: Կա՞ նման մասնագիտություն` որեւէ բուհի որեւէ ֆակուլտետում, որն ավարտելուց հետո կարող ես ուղղակի երկրի ղեկավար դառնալ:

- Կա տեսակետ, որ միայն քաղաքական գործիչը պետք է երկրի առաջնորդ, կառավարության ղեկավար լինի, հոգեւորականի թեկնածությունը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել:

- Աշխարհում 200-ից ավելի երկիր կա, հիմա եթե բոլոր երկրների ղեկավարների մասնագիտությունները դիտարկենք, բավականին խայտաբղետ պատկեր կտեսնենք: Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ անձն ինչպիսի մասնագիտական ունակություններ ունի եւ որքանով է քաղաքականացված:

- Բագրատ սրբազանն ունի՞ քաղաքական համապատասխան փորձ եւ գիտելիքներ: Նա կարո՞ղ է երկիրն առաջնորդել, այն էլ՝ նման բարդ պայմաններում:

- Դա խիստ տեսական հարց է: Վերջին մի քանի ամիսներին Բագրատ սրբազանը ձեռք է բերել բավականին հարուստ քաղաքական փորձ, որ որոշ քաղաքական գործիչներ տասնամյակի ընթացքում անգամ չեն կարողացել ձեռք բերել:

- Այս հարցը մնում է ակտուալ, քանի որ փողոցային պայքար սկսելուն պես քաղաքացիները հարց են բարձրացնում` իսկ ո՞վ է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին:

- Ամեն դեպքում, դա հոգեւորական լինելու հետ որեւէ առնչություն չունի:

- Սահմանադրությունը հոգեւորականին չի արգելում դառնալ երկրի առաջնորդ: Բայց սրբազանը նաեւ Կանադայի քաղաքացի է, ինչը նույնպես կարող է խոչընդոտ լինել:

- Ոչ, Սահմանադրությունն ասում է, որ երկիրն ու եկեղեցին անջատված են, բայց չի ասում, որ հոգեւորական դասի ներկայացուցիչը չի կարող երկիր ղեկավարել:

- Պարտադի՞ր է, որ շարժման առաջնորդը նաեւ վարչապետի թեկնածու դառնա: Չի՞ կարող այլ տարբերակ լինել:

- Եղել են դեպքեր, երբ շարժումների ղեկավարներն են դարձել երկրի առաջնորդներ` հետագայում: Եղել են նաեւ դեպքեր, երբ շարժումների առաջնորդները չեն հավակնել դրան: Նայած թե իրավիճակն ինչպես կզարգանա:

- Կա նաեւ հետեւյալ մտավախությունը. եթե Գալստանյանը հայտարարի, որ թեկնածուն ինքը չէ, կարող է պայքարող մարդկանց թիվը նվազել:

- Կան բազմաթիվ վտանգներ, հիմա սցենարների պլանավորում չպետք է անենք: Իմ մոտեցումն այն է, որ չկա մասնագիտություն, որի կրողը չի կարող լինել երկրի առաջնորդ: Հոգեւորական լինելը չի կարող խանգարել երկրի ղեկավար դառնալուն: