կարևոր
4831 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-21 13:16
Քաղաքական

ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել կոչում և ուսադիր չունեցող ցանկացած անձ․ «Հրապարակ»

ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել կոչում և ուսադիր չունեցող ցանկացած անձ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վաղը՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ տեղի կունենա: Խորհրդարանի աշնանային նստաշրջանն ավարտվել է դեկտեմբերի 11-ին, սակայն ուսապարկերը, ինչպես նախկինների մյուս, այս ավանդույթն էլ են սրբության սրբոցի պես պահպանում եւ տարեվերջյան արտահերթ նիստեր կազմակերպում։ Մի տարբերությամբ՝ եթե նախկինները հերթական նիստերը` քառօրյաները, լիարժեք օգտագործում էին եւ չորս օրն էլ նիստեր էին անում, նախագծեր քննարկում-ընդունում, իսկ տարեվերջյան արտահերթերի ժամանակ հիմնականում կիսատ մնացած նախագծերն էին ընդունում, երբեմն էլ աղմկահարույց օրենքներ սղղացնում, ապա նիկոլական ուսապարկերը ողջ նստաշրջանի ընթացքում բառի բուն իմաստով անգործության են մատնվում` ամեն ինչ թողնելով արտահերթերին: Քառօրյա հերթական նիստերի օրակարգերը լավագույն դեպքում մեկուկես օրում սպառում են` շըփ-թըփ քննարկում նախագծերն ու ցրվում տներով: Իսկ նստաշրջանն ավարտելուց հետո հիշում են, որ «հույժ» կարեւոր օրենքներ կան ընդունելու, ու, կարելի է ասել, առանց լուրջ քննարկումների առաջին եւ երկրորդ ընթերցումներով նախագծեր են քննարկում, օրենքի տեսք տալիս եւ ընդունում: Այսինքն, աշխատում են ճիշտ նույն մեթոդով, ինչպես պետությունն են կառավարում՝ «ձեռի հետ, ոտի վրա»։

Այսպիսով՝ վաղվա արտահերթ նիստի օրակարգում, որն ըստ ամենայնի այս տարվա վերջին արտահերթն է լինելու, 8 հարց է ընդգրկված, ուղիղ կեսը զրոյից բերված նախագծեր են, եւ պետք է 1 օրվա ընթացքում՝ 24-ժամյա ռեժիմով, 2 ընթերցումով քննարկեն եւ ընդունեն։ Թե ինչում է արտահայտվում դրանց հրատապությունը, պարզ չէ։
Դիցուք՝ արտահերթի օրակարգային հարցերից մեկը «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններն են։ Ինչպես հայտնի է, արդեն մի քանի տարի է՝ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, սակայն պարզվում է՝ ԱԱԾ տնօրենին եւ տեղակալներին նշանակում է ՀՀ նախագահը: Իհարկե, ֆորմալ առումով, քանի որ բոլորին է հայտնի, որ շուրջ հինգ տարի է՝ ՀՀ-ում ոչ միայն պետական, այլեւ ընտրովի պաշտոններում նշանակումներ անողը մեկ մարդ Է՝ Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդարան բերված նախագծով առաջարկվում է, որ ԱԱԾ տնօրենին եւ տեղակալներին այսուհետ նշանակի «մեծարգո վարչապետը»: Բայց կարծում ենք՝ շան գլուխն այլ տեղ է թաղված` այդ փոփոխություններից հետո ԱԱԾ տնօրենը եւ նրա տեղակալները դառնալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ԱԱԾ մյուս ծառայողները՝ զինվորական ծառայության: Նախագծով սահմանվում է նաեւ, որ ԱԱԾ տնօրենի եւ տեղակալների պաշտոնները զինվորականից հանելուն զուգահեռ հանվել են նաեւ գեներալ-լեյտենանտ եւ գեներալ-գնդապետ կոչումները, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուսադիրներ եւ կոչումներ չունեցող մարդկանց նշանակել այս կարեւոր պաշտոններին: Գուցե ծրագրում է պաշտոնանկ անել ԱԱԾ գործող տնօրենին եւ նշանակել իր կողմից վստահելի մեկին, որը չունի գեներալ-լեյտենանտի  կամ գեներալ-գնդապետի կոչում: Չի բացառվում, որ դա կարող է շարքային ու ծառայամիտ մի ուսապարկ լինել: Ասենք, Արփի Դավոյանը կամ Արթուր Հովհաննիսյանը։

Հաջորդ նախագիծը եւս պակաս ուշագրավ չէ, ու կրկին ՔՊ-ն փորձում է իրողություններն ու օրենքներն իրեն հարմարեցնել։ Խոսքն Ընտրական օրենսգրքում եւ կից փաթեթում առաջարկվող փոփոխությունների մասին է՝ Արփի Դավոյանի եւ Անուշ Քլոյանի հեղինակությամբ։ Բանն այն է, որ գործող կանոնակարգումների համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն է իրականացնում նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման վերահսկողությունը, սակայն 2021 թվականին կատարված ԸՕ փոփոխություններով` հաշված օրեր անց՝ 2024 թ. հունվարի 1-ից, վերը նշված գործառույթը պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ՔՊ-ականները, սակայն, փոշմանել են իրենց ընդունած օրենքի հարցում եւ հիմա որոշել են, որ այդ գործառույթը պետք է կրկին շարունակի ԿԸՀ ծառայությունն իրականացնել, քանի որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի ղեկավարած ԿԸՀ-ն, ըստ ՔՊ-ականների, «անկախ կառույց է», ի տարբերություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։ Իրականում Վահագն Հովակիմյանն ավելի լավ է ծառայում եւ ավելի վստահելի է, քան տարբեր Հայկուհի Հարությունյանների ղեկավարած հանձնաժողովները կծառայեն:

Գրել են. «Հարկ է նկատել, որ Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «ԿԸՀ-ն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է ԱԺ-ի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ… Սահմանադրությունն ընտրական գործընթացի բոլոր փուլերի, այդ թվում՝ նախընտրական քարոզչության, օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին», ուստի 2024 թ. հունվարի 1-ից հետո եւս նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացվի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից` երկարացնելով գործող կանոնակարգումները մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը, իսկ ընթացիկ գործունեության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը  կիրականացվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Սա նշանակում է, որ այս մասով էլ է իշխանությունը պատրաստվում արտահերթ ընտրություններին եւ սողանցքներն է փակում` մինչ քվեարկությունը, ուստի որոշել է ԿԸՀ-ի, ավելի ճիշտ` Վահագն Հովակիմյանի լիազորություններն այս մասով երկարացնել։

Հաջորդը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ հարակից օրենքների նախագծերն են: Առաջարկվում  է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար: Գրել են, որ դա «ապահովելու է վերոգրյալ պաշտոնատար անձանց գործունեությունը պարբերաբար ուսումնասիրելու հնարավորություն՝ կոռուպցիոն բնույթի դրսեւորումներում ներգրավվածությունը բացահայտելու տեսանկյունից»: Ինչպես նաեւ նախատեսվում է բարեվարքության ուսումնասիրության համակարգեր ներդնել Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների եւ առաջխաղացման ցուցակներում ընդգրկվող անձանց համար։

Արտահերթ նիստի օրակարգում է նաեւ «ՀՀ կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թ. հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու հարցը, որ ՔՊ-ական վերնախավն անարգել մեկնի Միացյալ Էմիրություններ»։