կարևոր
1447 դիտում, 18 ժամ առաջ - 2025-02-14 23:37
Քաղաքական

Ախուրյանցի Անոն խելքի է եկել, իսկ Դավալեցի Արամը շարունակում է ծառայել Նիկոլին

Ախուրյանցի Անոն խելքի է եկել, իսկ Դավալեցի Արամը շարունակում է ծառայել Նիկոլին

Politik.am կայքի գլխավոր խմբագիր​ Բորիս Մուրազին գրում է․

«Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Հայաստանի հանրության շրջանում ուներ աջակցություն երկու խմբերի տեսքով՝ առաջին խմբում մարդիկ են, ովքեր սոցիալ-կրթական ցածր մակարդակ ունենալու պատճառով տրվել էին իր ստերին ու կեղծիքին և հավատում էին, որ «պատերազմը նախկիններն են պարտվել», «ՀՕՊ-ը նախկիներն են անջատել», «գերիներին Քոչարյանն է իր պադվալում պահում», հավատացել էին, շատերը հիմա էլ հավատում են, որ Փաշինյանը «խեղճ հարիֆ է ու իր գրպանը գցում են եղած պրոբլեմները»։ Այս խմբի մոնումենտալ կերպար էր հայտնի Ախուրյանցի Անոն։

Երկրորդ խումբը մարդիկ են, որոնք հիմնականում կրթված են, սոցիալական վատ վիճակում չեն, ու Փաշինյանին սատարելը նրանց համար ենթադրում է անձնական շահ՝ փողի, պաշտոնի կամ պետական միջոցներին հասանելիության տեսքով։ Երկրորդ խմբի կարկառուն դեմք կարելի է համարել Արամ Սարգսյանին կամ ինչպես քաղաքական շրջանակներում են ասում՝ Դավալեցի Արամին։

Արտաքին աջակցությունից բացի, Փաշինյանին վերջին տարիների ապօրինությունների, հակապետական գործունեություն ծավալելու հնարավորություն է տալիս այս երկու խմբերի աջակցությունը։

Առաջին խմբի մեջ գտնվող մոլորյալներն ինչ-որ փուլի գիտակցում են իրենց հետ տեղի ունեցածը և սկսկում են տեսնել Փաշինյանի և նրա իշխանության իրական դեմքը, հետևաբար՝ սկսում են հետքայլ անել ու Փաշինյանին թողնել միայնակ։ Ժամանակն այս առումով Փաշինյանի օգտին չի աշխատում։

Օրերս առաջին այս խմբից Փաշինյանը կարևոր մի ազդակ ստացավ։ Հարցազրույց էր տվել Ախուրյանցի Անոն։ Նա հրաժարվում է Փաշինյանին աջակցել․ «Ես սխալվա իմ ընտրության մեջ․․․ Հիմա գան մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե։ Ես իմ էրածս ընտրությունից շատ եմ փոշմանել, շատ․․․ Ի՞նչ տեսա Փաշինյանից՝ բացի վատից։ Ձվածեղ է ուտըմ, յանի՝ ես էլ ձեզի պես ժողովուրդ եմ, ի՞նչ ժողովուրդ․․․ Աշխարհը դրել տակը, կուտե։ Ժողովրդին սաղ-սաղ թաղեցին․․․ Ամեն մարդ կուգա, իրա փորը կլցնե, թողնի կերթա»,-ասել էր Ախուրյանցի Անոն։

Սա նշանակում է, որ Փաշինյանի վարկանիշը, որի հենքը մոլորված, խաբված անոներն էին, այլևս գոյություն չունի, ու հիմա իր միակ հույսն ու հենարանը Դավալեցի Արամը և իր նմաններն են, բայց սա արդեն անիմաստ դաշինք է, քանի որ Դավալեցի Արամն ու իր նմանները Փաշինյանին պետք են, քանի նրանք կարողանում են/էին խաբել Ախուրյանցի Անոյին, իսկ Անոն, ինչպես տեսաք, արդեն քաղաքականապես հասունացել է։ Անոների հրաժարումը Փաշինյանից նրան զրկում է ժողովրդական աջակցության շղարշից, ու հիմա նա ավելի պակաս ազատ է իր ապօրինությունների և հակապետական գործունեության ճանապարհին, իսկ 2026-ի կամ հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում անոների աջակցության բացակայությունը Փաշինյանին դուրս է շպրտելու կառավարական համար մեկ շենքից։

Ահա այս համատեսքտում իրապես պատմական էր Ախուրյանցի Անոյի հայտարարությունը, այն վկայություն է, որ Փաշինյանի սուտը, կեղծիքը, դավադիր գործողություններն անգամ իր կույր հավատավորներն են տեսնում ու արդեն դեմ են արտահայտվում»։