կարևոր
13456 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-07 23:49
Արցախ Աշխարհ

ՄԱԿ-ում խոսվել է ադրբեջանական ագրեսիայի և Արցախից բռնի տեղահանության մասին

Ադրբեջանը Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ՝ շարունակելով չկատարել իր պարտավորությունները։ Ելույթ ունենալով այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Արդարադատության միջազգային դատարանի զեկույցին նվիրված հանդիպման ժամանակ՝ ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«ՄԱԿ և Անվտանգության խորհրդի անդամներին արդեն իսկ պետք է պարզ լինի Ադրբեջանի կեցվածքը՝ որպես արդարադատության և օրենքի գերակայության պարբերաբար ոտնահարող երկիր, ինչի վառ դրսևորումն է նաև շրջափակված ԼՂ բնակչության դեմ սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը»,– ասել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը դիմել է դատարանին՝ հայցելով միջանկյալ միջոցներ կիրառել` ապահովելու համար ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։

«ՄԱԿ-ը հատուկ պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի գերակայությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացումն ապահովելու համար»,– ընդգծել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

Դեսպանը շեշտել է միջազգային իրավունքի առանցքային դերը խաղաղության սպառնալիքներին դիմակայելու գործում։ Այս համատեքստում նա հիշատակել է Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ներքո Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացրած հայցը։