|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու մեխանիզմներ առաջարկելու վերաբերյալ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին:
«Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ջավադյանը:
Նրա խոսքով` այս պահին կառավարության հետ համատեղ գործընթացներ են իրականացնում: «Դրա համար որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն: Վարչապետն արդեն հանձնարարականներ տվել է համապատասխան մարմիններին: Շատ արագ կտեսնեք արձագանքը: Կլինեն օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում այդ տույժ-տուգանքները կվերանան»,- հայտնեց Ջավադյանը:
Նա հիշեցրեց, որ վարչապետը խոսել է նաև բյուջետային տարբեր մեխանիզմների միջոցով գյուղատնտեսության ոլորտին աջակցելու մասին` ընդգծելով, որ խոսքը սուբսիդավորման մասին է: «Վարչապետը նաև ասաց, որ հնարավոր է ստեղծել նոր իրավիճակ` ավելի շատ հարկեր հավաքել և դրա հաշվին գյուղացիների վրա եղած բեռը թեթևացնել»,- ասաց ԿԲ նախագահը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում անդրադարձավ գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու հարցին` ընդգծելով, որ հարցը քննարկել է ԿԲ նախագահի հետ և հանձնարարել դրանք վերացնելու մեխանիզմներ առաջարկել: