Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաագայում նոյեմբերի 21-34-ը անցկացվել է ՆԱՏՕ-ի ԽՎ 60-րդ նստաշրջանը, որին մասնակցել է հայկական պատվիրակությունը: Այսօր պատվիրակության կատարած աշխատանքները լրագրողների հետ ամփոփեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Կորյուն Նահապետյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի ԽՎ աշխատանքներին բոլոր մակարդակներում` հանձնաժողովների քննարկումներ, լիագումար նիստ, ներկայացվել են զեկույցներ:
«Հայկական պատվիրակությունը բավական ակտիվ և արդյունավետ է աշխատել` ներկայացնելով Հայաստանի շահերը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:
Նա նշեց, որ հայկական պատվիրակությունը որոշ զեկուցողների որոշ ձևակերպումների կապակցությամբ մտահոգություններ է ունեցել, և դրանք բարձրաձայնելու արդյունքում` այդ զեկուցողները ընդունել են հայկական պատվիրակության մտահոգությունները և առաջարկությունները:
Մասնավորապես` ԼՂ հակամարտության խնդրի հետ կապված` հնչել է ոչ ճիշտ ձևակերպում, և հայկական պատվիրակությունը կոչ է արել զեկուցողին, որ կիրառի այն բառապաշարը, որն ընդունելի է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, և զեկուցողն ընդունել է այդ առաջարկությունը:
Երկրորդ մտահոգությունը վերաբերել է այն ձևակերպմանը, թե Սիրիայի պաշտպանության բանակում հայերը ակտիվ ներգրավվածություն ունեն, նաև` Սիրիայի ազգային փոքրամասնություններին թվարկելիս նշել են` հայեր և քրիստոնյաներ:
«Աշխարհը պետք է իմանար, որ հայերը քրիստոնյաներ են, և չտարանջատեր: Նաև մենք բարձրաձայնել ենք, որ հայերը նշանակալի ներգրավվածություն չունեն Սիրիայի պաշտպանության բանակում, և նույնպես զեկուցողի կողմից ըմբռնում եղել է»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստում քննարկվել են նաև Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող հարցեր, մասնավորապես` ԼՂ ԶՈՒ պատկանող ուղղաթիռի խոցման և այդ կապակցությամբ միջազգային հանրության արձագանքները:
Կորյուն Նահապետյանը նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունը, ինչպես միշտ, խեղաթյուրել է փաստերը և ձևակերպումները:
«Արդեն ունենք այն համոզումը, որ խեղաթյուրելը Ադրբեջանի ընտրած քարոզարշավի մի մասն է, որին մենք պետք է պատշաճ պատասխան տանք: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դերակատարություն չունի ԼՂ կարգավորման գործում, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում, և որ ՆԱՏՕ-ն սատարում է այն գործընթացին, որն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,- ասաց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ քննարկումների թեման Հարավային Կովկասի խնդիրները չեն եղել, այլ Ուկրաինայի ճգնաժամը:
«Հայաստանն ունի եզակի կարգավիճակ, որ, լինելով ՀԱՊԿ անդամ, նաև ԵՏՄ անդամ, շարունակում է խորացնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում: Հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային ծրագիրը` կապված բարեփոխումների իրականացման հետ»,- ասաց Կորյուն Նահապետյանը: