կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-04 15:45
Հասարակություն

Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսում խոսվել է ''սաֆարովյան'' գործարքի մասին

Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսում խոսվել է ''սաֆարովյան'' գործարքի մասին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում երեկ սկսվել է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ համագումարը, որին Հայ Առաքելական Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցում է հինգ հոգանոց պատվիրակությամբ` Տավուշի թեմի առաջնորդ, Հայաստանյան Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան, Արթիկի թեմի առաջնորդ, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան, Հարավային Ֆրանսիայի առաջնորդական փոխանորդ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյան, Միլանի և Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյան, Թեսաղոնիկեի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դոկտորանտ, պատմական գիտությունների թեկնածու Մարիաննա Ապրեսյան:

 

Հուլիսի 3-ին Բուդապեշտի Ռեֆորմական եկեղեցում տեղի ունեցավ համագումարի բացման արարողությունը: Բացման աղոթքին հետևեց համագումարի լիագումար նիստը, որի ընթացքում Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի ուղերձը համագումարի առիթով: Հայրապետական ուղերձում մասնավորապես ասված է.

 

«Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի այս համագումարը կարևոր իրադարձություն  է էկումենիկ շարժման և հատկապես Կոնֆերանսին անդամակցող Եկեղեցիների համար` հնարավորություն ընձեռնելով անդրադառնալու Եկեղեցիների համագործակցության անցած ճանապարհին, Կոնֆերանսի վերջին տարիների գործունեությանը և ձեռքբերումներին, ինչպես և` այսօր Եկեղեցիների և ողջ մարդկության առջև ծառացող հրամայականներին և փնտրելու Եկեղեցիների հարաբերությունների զորացման ուղիներ` առավել արդյունավորելու համար տերունապատվեր մեր առաքելությունը` հանուն Աստծո փառքի և Տիրոջ կենարար Ավետարանի քարոզչության: Այս համախմբումը բարեպատեհ առիթ է նաև միասին աղոթք վերառաքելու առ Բարձրյալն Աստված համայն մարդկության բարօրության, խաղաղության ու բարեկամության, նաև` Եկեղեցիների եղբայրական արգասալի համագործակցության համար:

 

Մենք խիստ մտահոգված ենք Սիրիայում արդեն երրորդ տարին շարունակվող հակամարտությամբ, որի արդյունքում հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց կյանքը, ունեցվածքը և հարազատներին: Բոլոր ջանքերը պետք է ներդրվեն օր առաջ արյունահեղության դադարեցման և խաղաղության հաստատման նպատակով։

 

Մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները չեն տարբերվում աշխարհի բոլոր խաղաղասեր ժողովուրդների ցանկություններից և նպատակներից: Մենք կարիք ունենք այնպիսի աշխարհի, որտեղ չկան պատերազմներ, մարդկային տառապանք, անարդարություն, մարդու իրավունքների ոտնահարում, բնության չարաշահում, սոցիալ-տնտեսական ճգնաժամեր: Մենք կարիք ունենք աշխարհի, որտեղ քաղաքականությունն առաջնորդվում է արդարության ու ճշմարտության սկզբունքներով և ոչ աշխարհաքաղաքական նեղ շահերի և նյութական հետաքրքրությունների առաջնայնությամբ: 2015 թ. մեր ժողովուրդը Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և աշխարհի բազում երկրներում հիշատակելու է 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյակը` միաժամանակ իր բողոքի ձայնը բարձրացնելով մարդկության հանդեպ կատարված հանցագործությունների դատապարտման գործընթացում դրսևորվող մերժողականության դեմ: Մեր ժողովրդի սպասումն է, որ  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կգտնի խաղաղ հանգուցալուծում` տեղի հայության ինքնորոշման արդար իրավունքի ճանաչմամբ, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը:

 

Հակառակ այս սպասումների` վերջերս էր, որ ականատեսը եղանք արտառոց և պախարակելի մի փաստի. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող և նույն առաքելությամբ այտեղ գտնվող հայ սպային քնած ժամանակ կացնահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի  և Ադրբեջանի գործարքի արդյունքում հանձնվեց Ադրբեջանին: Իր հայրենիքում մարդասպանն արդարացվեց և հերոսացվեց: Սա, իհարկե, դատապարտվեց առաջադեմ երկրների, միջազգային կառույցների ղեկավարների և հոգևոր առաջնորդների, այդ թվում` Հունգարիայի Եկեղեցիների կողմից:

 

Հայ Առաքելական Եկեղեցին նախանձախնդիր է առավելագույն իր ներդրումը բերելու Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի այն առաքելությանը, որը միտված կլինի նպաստելու այսպիսի մարտահրավերների հաղթահարմանը: Մեզ համար ուրախալի կլինի տեսնել Եվրոպական Եկեղեցիների այն Կոնֆերանսը, որտեղ ընթացող Եկեղեցիների երկխոսությունը և ներդրված միասնական ջանքերը կնպաստեն աշխարհիկացնող մեր իրականության մեջ կրոնի հասարակական դերի բարձրացմանը, հոգևոր արժեքների ամրապնդմանը, կրոնական ազատությունների հարգմանը և աշխարհում բռնությունների, հակասությունների ու հակամարտությունների հաղթահարմանը»:

 

Հուլիսի 8-ին համագումարի շրջանակներում առավոտյան ժամերգությունը կկատարվի հայկական ծեսով: