կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-28 12:16
Քաղաքական

Հայաստանը բանակցային գործընթացում որևէ կերպ չի շեղվել այն կետերից, ինչի մասին խոսվել է մինչ այս. ԱԳ նախարար

Հայաստանը բանակցային գործընթացում որևէ կերպ չի շեղվել այն կետերից, ինչի մասին խոսվել է մինչ այս. ԱԳ նախարար

Վստահ եմ, որ բավական հասկանալի է այն, թե Արցախյան հիմնախնդրի հարցում ինչ մոտեցումներ ունի Հայաստանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով` Հայաստանը բանակցային գործընթացում որևէ կերպ չի շեղվել այն կետերից, որոնց մասին խոսվել է մինչ այս: «Մեր դիրքորոշման մեջ որևէ շեղում չի եղել, մենք ընդգծել ենք այն բոլոր կետերը, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ բանակցություններին` հարցի խաղաղ կարգավորում` Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Մենք ընդգծել ենք խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը, և այն, որ ՀՀ-ի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենակարևոր խնդիրը: Այս ամենի շուրջ են եղել բանակցությունները: Չի եղել որևէ բան, որի մասին դուք չիմանաք»,-ասաց Մնացականյանը: 

Նրա խոսքով` իր համար զարմանալի է, որ կան մեկնաբանություններ, թե Հայաստանի վարած քաղաքականությունը պարտվողական է: Ըստ Մնացականյանի` դա ոչ միայն հասարակության, այլև բոլորի համար վիրավորական է, քանի որ Հայաստանը պարտվողական չի եղել և չի էլ լինելու:

Ինչ վերաբերում է բանակցություններին Ղարաբաղի ներկայությանը, ապա սա, Մնացականյանի մեկնաբանմամբ, հետևողական աշխատանք է, որը պետք է տարվի: «Պրակտիկ կիրառման հարց է, եթե ամեն բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք»,- ասաց նախարարը:

Հարցին, թե վերջին շրջանում երկու երկրների ղեկավարները հանդիպում են առանց Մինսկի խմբի համանախագահների,  արդյո՞ք սա շեղում չէ, Մնացականյանը պատասխանեց, որ որևէ շեղում չկա: «Ուղղակի այն առիթն է օգտագործվել, որ երկու երկրների նախագահները գտնվել են նույն վայրում: Սա ողջունելի է, քանի որ նրանց հնարավորություն է տրվել միմյանց ճանաչելու, միմյանց փոխանցելու իրենց տեսլականները: Շատ լավ է, որ ղեկավարներն առիթ են ունեցել մտքեր փոխանակելու, կարողացել են միմյանց տեսակետները հասկանալ»,- ասաց նա: