Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած անցած ուրբաթ արքունական ծիսակատարությամբ իրականացվեց Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանի երդմնակալությունը, սակայն թագավորը, նույն ինքը՝ Ավինյանը, օրենքի պահանջներին համապատասխան չի ստանձնել քաղաքապետի լիազորությունները։ Բանն այն է, որ ընտրված քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է երդմնակալության արարողությամբ, որը, Երեւանի ՏԻՄ օրենքի համաձայն, համարվում է հատուկ նիստ։ Եվ այդ նիստը պետք է հրավիրվի բոլոր կանոնների պահպանմամբ, մանավանդ` քվորումի: Մինչդեռ երդմնակալության նիստին չեն մասնակցել մյուս 3 խմբակցությունները, եւ դրանով իսկ քվորում առկա չի եղել:
Այսինքն՝ Տիգրան Ավինյանի ստորագրած բոլոր որոշումները կարող են վիճարկվել եւ համարվել ապօրինի, քանի որ երդմնակալության նիստն իրավազոր չէր։ Երեւանի ՏԻՄ օրենքի 47-րդ հոդվածով սահմանվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնումը, որով ասվում է. «Քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում»։ Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվեց հոկտեմբերի 10-ին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում՝ ընտրվելուց հետո երրորդ օրը, պետք է օրենքի ուժով նիստ հրավիրվեր, որպեսզի նա երդվեր եւ ստանձներ քաղաքապետի լիազորությունները։ Ի դեպ, «օրենքի ուժով հրավիրված նիստում» ձեւակերպումը վերաբերում է բացառապես նիստի օրվան եւ ոչ իրավազորությանը, իսկ ավագանու այս նիստը հատուկ է նրանով, որ ավագանու որոշումների փոխարեն իրականացվում են քաղաքապետի երդումը եւ պաշտոնի ստանձնումը։ «Երեւանի մասին» ՏԻՄ օրենքի 29-րդ հոդվածն էլ ասում է․ «Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին»: Երեւանի ավագանին ունի 65 անդամ, ինչը նշանակում է, որ առնվազն 33 անդամ պետք է ինաուգուրացիայի օրը գրանցվեր եւ մասնակցեր հատուկ նիստին, որպեսզի հրավիրված նիստը համարվեր իրավազոր։
Ինչպես հայտնի է՝ ՔՊ-ն եւ կոալիցիոն գործընկեր «Հանրապետությունը» միասին ունեն 32 մանդատ, եւ որպեսզի նիստն իրավազոր լիներ, պետք է նաեւ ընդդիմադիրները մասնակցեին։ Ընդդիմադիր խմբակցություններից Հայկ Մարությանի «Ազգային առաջընթացը» եւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստանը» դեռեւս ինաուգուրացիայից առաջ էին հայտարարել, որ չեն մասնակցելու երդմնակալությանը, իսկ Վարդան Ղուկասյանի՝ Դոգի խմբակցությունն էլ ներկա չէր։ Խմբակցության ներկայացուցիչ Նանա Սարգսյանը մեզ ասաց, որ չեն գնացել, չեն գրանցվել․ «Մեր հինգ ավագանիներից ոչ մեկը չի գնացել, անգամ այդ օրը շենքի մոտ չեն գնացել, բոլորն իրենց անձնական գործերով են զբաղվել»։ Այսպիսով կարող ենք փաստել, որ Տիգրան Ավինյանը, չունենալով երեւանցիների մեծամասնության վստահությունը, թեեւ զոռբայությամբ դարձավ քաղաքապետ, սակայն օրենքով էլ չի ստանձնել քաղաքապետի լիազորությունները, եւ նրա ընդունած ու կայացրած ցանկացած որոշում, իրավական ակտ առոչինչ կարող է ճանաչվել։ Ուշագրավ է նաեւ, որ նախորդ քաղաքապետերի ինաուգուրացիաները` առանց բացառության, սկսելուց առաջ ավագանու ամենաավագ ներկայացուցչի կողմից հայտարարվել են իրավազոր, որի միակ նախապայմանն ավագանու 33 անդամի մասնակցությունն է։
Տիգրան Ավինյանի երդմնակալության միջոցառման մեկնարկին ՔՊ-ական Մարատ Թոխյանի խոսքից հանված է նիստի իրավազորության մասը։ Ավելին, կարող ենք ենթադրել նաեւ, որ նիստի մեկնարկին լրագրողների ներկայությունն արգելվել էր հենց այս պատճառով, քանի որ ընթացակարգից ակնհայտ կլիներ, որ ավագանու անդամները չեն գրանցվում եւ չեն ապահովում նիստի իրավազորությունը։
Փորձեցինք պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՔՊ-ից, սակայն խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը չպատասխանեց մեր զանգերին։ Երեւանի ավագանու նախկին անդամ, վերջերս համայնքային օմբուդսմանի նախաձեռնությամբ հանդես եկած Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք առանց ավագանու մեծամասնության մասնակցության հնարավոր էր անցկացնել քաղաքապետի երդմնակալության արարողությունը։ «2017 թվականից ի վեր մասնակցել եմ երեք հատուկ նիստի, մշտապես ավագանու անդամները գրանցվել են, եւ, որքան հիշում եմ, մշտապես հայտարարվել է նիստն իրավազոր լինելու մասին։ Այս անգամ չգիտեմ՝ ինչ ընթացակարգով է իրականացվել, քանզի ներկա չեմ եղել»։ Ըստ Խաժակյանի՝ այդ նիստի կարեւորությունը ոչ այնքան արարողակարգն է, որքան քաղաքապետի լիազորությունների ստանձնման իրավական հենքը. «Եթե տեսականորեն պատկերացնենք, որ երդմնակալության նիստն իրավազոր չի եղել, ապա դե յուրե քաղաքապետը չի կարող համարվել լիազորությունները ստանձնած»։ Մեր հարցին, թե ինչ լուծում կարող է լինել նման դեպքում, Խաժակյանը պատասխանեց․ «Եթե իսկապես եղել է նիստի իրավազորության խնդիր, ապա քաղաքապետը նախ պետք է ձեռնպահ մնա որեւէ որոշում ստորագրելուց։ Ապա՝ օրենքում պետք է իրականացվեն փոփոխություններ, որով լիազորությունների ստանձնման նիստ կնշանակվի, եւ իրավազորության ապահովմամբ քաղաքապետը կստանձնի իր լիազորությունները»»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում