կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-21 01:43
Քաղաքական

Երեւանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության հանդիսավոր արարողությանը

Երեւանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության հանդիսավոր արարողությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երեւանի ավագանու նիստում մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կարեն Կարապետյանին` մաղթելով նրան եռանդ, հաստատակամություն եւ հաջողություն:

 

Շնորհավորական խոսքում հանրապետության ղեկավարը մասնավորապես ասել է. «Վեհափա’ռ Տեր, Պարո’ն Կարապետյան, Երեւանի ավագանու հարգելի’ անդամներ, Տիկնա’յք եւ պարոնա’յք, Շնորհավորում եմ բոլորիս Երեւանի նոր քաղաքապետի ընտրության կապակցությամբ: Ցանկանում եմ նրան նոր եռանդ, հաստատակամություն եւ հաջողություն: Հայտնի է, որ պարոն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երեւան քաղաքում, ունի բարոյական լավ նկարագիր:

 

Պարո’ն Կարապետյան, մաղթում եմ, որպեսզի Դուք արդարացնեք բոլորիս հույսերը եւ հուսախաբ չանեք բոլոր այն մարդկանց, ովքեր որպես կառավարիչ տարբեր բարձր պաշտոններում նախընտրում են հենց Ձեր տեսակը: Իմ ակնկալիքները կապված են, առաջին հերթին, Ձեր գործելաոճի հետ: Երեկ չէ առաջին օրը մենք ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հանգամանորեն խոսել ենք այն որակների եւ մոտեցումների մասին, որ պետք է դրսեւորի պետական պաշտոնյան:

 

Ես, իրոք, լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրերից բոլորին ակնհայտ է լինելու, որ Դուք սկսել եք այդ պահանջների իրականացումը: Ավելին ասելու անհրաժեշտություն չկա: Կարծում եմ, որ մի քանի ամիս հետո պարզապես պետք է արդյունքներն ի մի բերենք` մենք կարողանու՞մ ենք արդյոք դրված չափանիշները կատարել, թե՞ ուղղակի ամեն անգամ ավելի բարձր նշաձող ենք դնում: Եթե մենք ի վիճակի ենք կատարելու մեր իսկ պահանջները, ապա ի վիճակի ենք մեր երկիրն առաջ տանելու: Շնորհակալ եմ եւ մեկ անգամ եւս շնորհավորում եմ»: