կարևոր
6685 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-10 20:00
Հասարակություն Արցախ

Նաև Արցախի պետհամալսարանի շուրջ է խմորվելու Արցախի ազատագրական պայքարը. ՀՊՄՀ պրոֆեսորը` ԱրՊՀ֊ի ճակատագրի մասին

Նաև Արցախի պետհամալսարանի շուրջ է խմորվելու Արցախի ազատագրական պայքարը. ՀՊՄՀ պրոֆեսորը` ԱրՊՀ֊ի ճակատագրի մասին

Սիրելի հայրենակիցներ,

Խնդիրը, որ ցանկանում եմ ներկայացնել, առաջին հայցքից կարող է տպավորություն թողնել, թե ջրաղացը կորցրել, ջրաղացքարի մասին եմ մտածում։ Բայց խորքում դա այդպես չէ։

Հարցը վերաբերում է Արցախի պետական համալսարանը, որպես առանձին հաստատություն, ՀՀ-ում պահպանելուն։ Արդեն մի շարք հեղինակավոր անձիք բարձրաձայնել են այդ մասին։

Արցախի պետական համալսարանը այս պահին չպետք է դիտարկել միայն որպես ուսումնական հաստատություն։ Այն խորհրդանիշ է։ Նրա շուրջ պետք է համախմբված պահել Արցախից բռնի տեղահանված մտավորկանությանը, արցախցի ուսանողներին։ Նաև Արցախի պետական համալսարանի շուրջ է խմորվելու Արցախի ազատագրական պայքարը։ Արցախի պետական համալսարանը պահելը նաև սոցիալական խնդիր է լուծում։ Ուսանողությանը և դասախոսական կազմի մի մասին տարրալուծելով ՀՀ բուհերի մեջ, մենք փոշիացնում ենք մի ազգային արժեք, որ տասնամյակների հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Գիտեմ, հիմա կարող եք ասել, որ փոշիացրեցինք Արցախի Հանրապետությունը, Արցախը, համալսարանն ինչ է, որ չփոշիանա։ Ո՛չ, Արցախի պետական համալսարանը կարող է լինել այն մերանը, որից կրկին նոր բան ենք ստանալու։

Ակնհայտ է, որ հարցը նախ քաղաքական լուծում է պահանջում։ ՀՀ իշխանությունները վստահաբար չեն ուզենա գնալ համալսարանի պահպանմանը։

Իմ կարծիքով, սա այն հարցն է, որ պետք է հանրային լուրջ պահանջ ձևավորի իր շուրջը։

Ինչպես նշեցի, շատերն արդեն խոսել են այդ մասին, այս հարցում պետք է միատեղել բոլորի ջանքերը, կանգնել Արցախի պետական համալսարանի կողքին և ամեն ինչ անել, որ հարցը դրական լուծում ստանա։

Պետք է, որ ՀՀ կառավարությունը համաձայնություն տա, ապահովի շենքային պայմաններ։ Վստահ եմ կգտնվեն մի շարք բարերարներ, հիմնադրամներ, նաև՝ Սփյուռքում, որոնք կաջակցեն Արցախի պետական համալսարանին։

Հ․ Գ․ Արդեն կան մի շարք պրոֆեսորներ, դոցենտներ, ովքեր պատրաստ են անվարձահատույց կանգնել Արցախի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողքին՝ պահելու համալսարանը։ Գիտեմ ավելի քան մեկ տասնյակ մարդկանց, ովքեր, այդ թվում նաև ես, պատրաստ ենք մեր անձնական գրադարանը նվիրել Արցախի պետական համալսարանին։

Խաչատուր Ստեփանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ