կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 18:27
Արցախ

Դաշնակցության թեկնածուները հանդիպել են ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ

Դաշնակցության թեկնածուները հանդիպել են ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ
Այսօր՝ մարտի 12-ին Դաշնակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Իշխանյանը, պատգամավորի թեկնածուներ Վահրամ Բալայանը, Արմեն Սարգսյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում  հանդիպել են Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ: 

Մինչ հանդիպումը,   Դաշնակցության թեկնածուները  ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ  ծաղիկներ են դրել Արցախյան ազատամարտում զոհված ուսանողների հուշակոթողի պատվանդանին և հարգանքի տուրք մատուցել:

Դաշնակցության թեկնածուներին նախ ներկայացրեց  ռեկտոր Արմեն Սարգսյանը՝  նշելով, որ գոյության 130-տարիների ընթացքում ՀՅԴ-ն ազգանպաստ գործունեություն է ծավալել՝  իր զգալի  ներդրումն   ունենալով նաև Արցախյան ազատագրական պատերազմում հաղթանակի կերտման  և պետականաշինության գործում:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, պատգամավորի թեկնածու  Վահրամ Բալայանն իր խոսքում համառոտ անդրադարձել է Դաշնակցության գաղափարախոսությանն ու սկզբունքներին, որոնք արդիական են նաև աշխարհաքաղաքական ներկայիս բարդ ժամանակահատվածում:

Ըստ Վ. Բալայանի՝  արդի  ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու հանձնառությամբ ու պատասխանատվությամբ է պայմանավորված   Դաշնակցության որոշումը՝  ընտրություններին  մասնակցել  նախագահի սեփական թեկնածուով: Ներկայացնելով  ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանին, Վ. Բալայանը շեշտեց, որ նա օժտված է ռազմական, քաղաքական և պետական գործչին անհրաժեշտ ունակություններով ու անկոտրում  բնավորությամբ:

Իր խոսքում, ներկայացնելով Դաշնակցության նախընտրական ծրագրի դրույթները,  նախագահի թեկնածու Դ. Իշխանյանն անդրադարձել է այն բարեփոխումներին ու խնդիրների լուծման տեսլականին, որոնք վերաբերում են ԱՀ Սահմանադրությանը, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթամշակութային և երիտասարդական բնագավառներին: 

Այնուհետև ԱրՊՀ-ում կայացած նախընտրական  հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում  ներկաները Դաշնակցության թեկնածուներից հետաքրքրվել են ՀՅԴ սոցիալիստական գաղափարախոսության առանձնահատկություններով,  Արցախյան հիմնախնդրի լուծման, անվճար բուհական կրթության անցնելու  դեպքում՝  խնդիրների  հավանականության  ու  երիտասարդության ներուժի  ինքնադրսևորման   վերաբերյալ նրանց տեսլականով: