Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի հրավերով ՌԴ Ստավրոպոլ քաղաքում 2022 թ. մայիսի 20-ին մասնակցել է «Կովկասի համար մղված ճակատամարտը ԽՍՀՄ ժողովուրդների պատմական ճակատագրում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ հանդես գալով «Կովկասի համար ճակատամարտի արտացոլումը սփյուռքահայ մամուլում (1942-1943)» վերտառությամբ զեկուցումով:
Իր զեկուցման մեջ հայ գիտնականը ներկայացրել է Խորհրդային Հայաստանի և խորհրդահայության, նաև սփյուռքահայության ներդրումը Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում: Առանձին կարևորություն է տրվել 1942-1943 թթ. Կովկասի համար մղված մարտերին հայերի մասնակցությանը սփյուռքահայ մամուլի անդրադարձին: Կարևորելով Կովկասի պաշտպանությունը հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից՝ սփյուռքահայ թերթերը լուսաբանել են այդ մարտերին հայերի հերոսական մասնակցությունը: Պետք է նշել, որ հիտլերյան Գերմանիայի դեմ խորհրդային զորքերի տարած հաղթանակը կանխեց Թուրքիայի հարձակումը Խորհրդային Հայաստանի վրա, ինչը հղի էր անդառնալի, ծանր հետևանքներով:
Գիտաժողովին զեկուցումով մասնակցելուց բացի, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի Հումանիստար ինստիտուտի «Պատմություն» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների ուսանողների համար կարդացել է «Լեռնային Ղարաբաղի հարցը և խորհրդային իշխանությունը 1920-1923 թթ.» թեմայով դասախոսություն, որի ընթացքում համապարփակ և գիտական հիմնավորմամբ ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի պատմական հիմքերն ու արցախահայության անժամանցելի՝ սեփական հայրենիքում ազատ ինքնորոշվելու իրավունքները: