Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական եւ քրեական դատարանների դատավորները եւ աշխատակիցները՝ ավելի քան 500 հոգի, 54-օրյա դադարից հետո՝ երեկ, վերջապես աշխատավարձ են ստացել։
Ինչպես հայտնի է, 2 ամիս է՝ դատավորները արդարադատություն էին իրականացնում անվճար: Նրանք պարտաճանաչ գնում էին աշխատանքի, մինչեւ կեսգիշեր նիստերի մասնակցում, որոշումներ գրում ու տուն գնում՝ մտածելով, թե ինչպես լուծել իրենց տարրական, կենցաղային կարիքները, քանի որ դեռեւս հունվարին Երեւանի դատարանները բաժանվել էին քաղաքացիական եւ քրեական դատարանների, սակայն բյուջեի բաշխվածությունը տարեսկզբին տեղի չէր ունեցել։
Եւ քանի որ օրվա քաղաքական իշխանությունը բարեհաճ վերաբերմունք չունի դատական իշխանության նկատմամբ, 6 ամիս շարունակ համապատասխան ենթաօրենսդրական ակտը չէր մշակվում, բյուջեի բաժանում չէր արվում, ավելին՝ կառավարությունը մերժել էր հարցը օրակարգում ընդգրկել։ Մամուլում բարձրացված աղմուկից հետո միայն գործադիրը նախորդ շաբաթվա նիստում ընդգրկել էր այդ հարցը: Բայց անկազմակերպվածության արդյունքում միայն երեկ դատավորները կարողացել են ստանալ հունիս ամսվա աշխատավարձը՝ առանց տույժ-տուգանքների։
«Բայց կարեւորը իրենց պարգեւավճարները չեն պակասում, իրենց վոյաժների օրապահիկները չեն ուշանում, իսկ դատական համակարգում մարդիկ օդով են ապրում։ Հետո էլ կասեն՝ սոցիալական երաշխիքներ, կադրերի ներգրավում, լավագույն պայմանների ստեղծում։ Նույն ԲԴԽ-ում, դատական դեպարտամենտում երբ հայտարարում են, թե տեղյակ են խնդրից, քանի՞ օր են պատրաստ անվճար աշխատել։ Կամ երբ դատավորը որոշումը մեկ օր ուշացնում է, տեխնիկական վրիպակ է թույլ տալիս, նույն ԲԴԽ-ն առանց աչք թարթելու վարույթ կհարուցի եւ խիստ նկատողություն կհայտարարի, իսկ հիմա 54 օր հետո աշխատավարձ են տալիս, ասես ոչինչ էլ չի եղել դեմքով, առանց տույժ-տուգանքների, առանց ներողության, առանց մեղքի զգացման։ Սա էլ եթե լրատվամիջոցների աղմուկը չլիներ, էլի կձգվեր»,-ասում է դատական համակարգի մեր աղբյուրը։
Եւ սա միակ խայտառակությունը չէ. իշխանության «անտեր» զավակին՝ դատական համակարգին այնպես են անտեսել, որ օրեր շարունակ դատարանների կազմերի հեռախոսահամարները պարտքի պատճառով անջատված է եղել, այսինքն՝ փաստաբանները, քաղաքացիները տարրական խնդիր ունեին դատարանների հետ կապ հաստատելու, պետությունը պարտքը չէր վճարել։ Նորից լրատվամիջոցների աղմուկից հետո դեպարտամենտը վճարել էր պարտքը, եւ հեռախոսները միացվել էին։ Ահա սա է Հայաստանի արդարադատության պերճանքն ու թշվառությունը եւ, ահա, թե ինչպիսին է պետական կառավարումը, քաղաքական իշխանության «հոգատարությունը» դատական համակարգի նկատմամբ։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում