կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-17 14:10
Հասարակություն

Ակտիվ գիտաշխատողները կարող են ունենալ ամսական 200-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ

Ակտիվ գիտաշխատողները կարող են ունենալ ամսական 200-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ

Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց 2016-ին կոմիտեի գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ըստ նրա` տարին ծանրաբեռնված է եղել, անցկացվել են տասնյակ մրցույթներ, միջազգային գիտաժողովներ:

Հարությունյանը նշեց, որ պետբյուջեից գիտության ոլորտին տրամադրվել է 14,2 միլիարդ դրամ, որից բազային ֆինանսավորման համար նախատեսված գումարները կազմել են 12,6  միլիարդ դրամ, իսկ թեմատիկ ծրագրերինը` 1,4 միլիարդ դրամ, շատ կարևոր տեղ է հատկացվել պետական նպատակային ծրագրերին` 1,8 միլիարդ դրամ:

Նա հայտնեց նաև, որ 2015-ին ամփոփվել են բարձր արդյունավետությամբ աշխատող` մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողների հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքները, ըստ այդմ` եղել է 123 հայտ, հաղթել են 31-ը, որոնց մեկ տարի շարունակ տրամադրվելու է ամսական 75 հազար դրամ:

Նաև կազմակերպվել է գիտական ծրագրերի ֆինանսավորման ներպետական 5 և միջազգային 6 մրցույթ: Մասնավորապես` անցկացվել է բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարների տրամադրման մրցույթ. եղել է 239 հայտ, հաղթել են 97-ը, որոնց մեկ տարի շարունակ կտրամադրվի հավելավճար` ամսական 135 հազար դրամ: Անցկացվել են մրցույթներ նաև կիրառական արդյունքի ձեռք բերմանն ուղղված գիտական թեմաների, բարձր արդյունավետությամբ հատուկ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող լաբորատորիաներին, երիտասարդ գիտաշխատողների հետազոտություններին, ասպիրանտների հետազոտություններին աջակցելու համար:

ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացման աջակցության հիմնադրամ»-ի հետ կիրառական արդյունքի ձեռք բերմանն ուղղված համատեղ նախագծերի մրցույթ է հայտարարվել հայաստանյան և ռուսաստանյան գիտահետազոտական խմբերի համար: Ըստ Սամվել Հարությունյանի` ահռելի քանակությամբ հայտեր են ստացվել, բայց դրանցից ֆինանսավորվել է 6 հայտ: Մրցույթի արդյունքները հետագայում կիրառվելու են տնտեսության մեջ: Հատուկ ծրագրեր կան` ԼՂՀ-ի, Շիրակի մարզի, «Քենդլ» հիմնադրամի հետ կապված:

Նա հայտնեց նաև, որ հավելավճարներ են տրվել 614 գիտությունների դոկտորի և 1573 գիտությունների թեկնածուի: Հայաստանում կա մոտ 6700` գիտության ոլորտում զբաղված մարդ, որոնցից մոտ 4500-ը գիտաշխատող են: Նրանցից մոտ 1200-ը պետբյուջեից ստանում են 200-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ, սակայն կան գիտաշխատողներ, որոնք ստանում են 80 հազար դրամ աշխատավարձ:

«Որ գիտնականն ակտիվ է աշխատում, նա տարբերվելու է մնացածներից, նա կարող է բազմաթիվ ծրագրերից գումար ստանալ, այնինչ` առաջ նման բան չկար: Եթե մարդն ակտիվ է և ի վիճակի մի քանի ծրագրեր իրականացնել, ի սեր Աստծո, թող բոլոր տեղերից էլ գումարները ստանա»,- ասաց Սամվել Հարությունյանը: