կարևոր
6688 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-24 17:56
Քաղաքական

Վարչապետ կոչեցյալն ընդհանրապես չի պատկերացնում իր հեռանալն իշխանությունից․ Ավետիք Իշխանյան

Վարչապետ կոչեցյալն ընդհանրապես չի պատկերացնում իր հեռանալն իշխանությունից․ Ավետիք Իշխանյան

Yerkir.am-ի հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

-Պարոն Իշխանյան, ՀՀ վարչապետը օրերս հանրությանը հրամցրեց մեր իրականության իր մեկնաբանությունները, որոնք, մեղմ ասած, թերևս անհասկանալի են։ Օրինակ, նա ասաց․ «Խնդիրն այն է, որ անձամբ ես և մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները, ինչպես ՀՀ հազարավոր քաղաքացիներ, ներքին խնդիր են ունեցել այդ ամեն ինչի հետ համակերպվելու։ Այսինքն՝ այնպես չէ, որ մենք ներքուստ հաշտվել ենք դրա հետ (Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու), ուղղակի թաքցրել ենք հանրությունից»: Պարոն Իշխանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այդպիսի զսպվածությունը, որը այդքան էլ հատուկ չի իշխանական թիմին։ Ի՞նչ բարոյական արժեք ունի այս արտահայտությունը։ Նաև, ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ «2019թ․-ին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը տեսականորեն պետք է լիներ դա` 7 տարածքները պետք է հանձնել, ԼՂ ընթացիկ կարգավիճակը զրոյացնել, ԼՂ-ում պետք է հաստատվի մաքսիմում՝ հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, և ԼՂ կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն»: Ի՞նչ քաղաքական իմաստ ունի այս արտահայտությունը՝ հատկապես 2024 թ․ շեմին, երբ Արցախում մնացել է ճարահատյալ մի քանի հայ։ Ի՞նչ է այն ուզում հրամցնել հասարակությանը։

-Սկսենք նրանից, որ վարչապետ կոչեցյալի «քաղաքական թիմ», որպես այդպիսին գոյություն չունի։ Քաղաքական թիմ նշանակում է համախոհների կուսակցություն, հենված որևէ գաղափարախոսության վրա՝ ձախակողմյան, ազատական, ազգայնական, կրոնական և այլն։ ՔՊ կոչված թիմը զուրկ է որևէ գաղափարախոսությունից, արժեքային համակարգից։ Բոլոր ՔՊ-ականներն ընտրվել են, անձամբ վարչապետ կոչեցյալի կողմից, մարդիկ, որոնք չունեն արժեքներ, ազգային և մարդկային արժանապատվություն, նաև խոցելի են իրենց անցյալով, ընտանեկան հարաբերություններով և բոլորին միավորում է միայն փողի պաշտամունքը, անկախ ծագումից, այն կլինի կոռուպցիայի, նարկոտիկների, թե հայրենիքի վաճառքից։

Վարչապետ կոչեցյալի խոսքերը հերքելը, մի կողմից դյուրին է, մյուս կողմից շատ բարդ։ Դյուրին է, քանի որ, նրա խոսքերում բացակայում են փաստերը, ավելին՝ եթե համադրենք նրա տարբեր տարիներին արտահայտած մտքերը Արցախի հիմնախնդրի հարցով, ապա դրանք հակասում են միմյանց։ Տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար նույն հարցի մասին, նրա տրամագծորեն տարբեր մտքերը հրապարակում են, բայց ինչպես ասում են, նա դեմքը համապատասխան կենդանու կաշի դարձրած, շարունակում է փչել։ Ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ, նա փրփուրը բերանին ճառում էր, ոչ մի տարածքային զիջում, քանի դեռ չի հստակեցվել Արցախի կարգավիճակի հարցը։ 2016 թվականին սատարում էր «Սասնա Ծռերին», որոնք ընվզում էին 7 շրջանների հանձնմանը։ Ի դեպ, նույն, իր իսկ հիշատակած՝ 2019 թվականին վարչապետ կոչեցյալ «իմաստուն» քաղաքական գործիչը  Ստեփանակերտի հրապարակում բացականչեց՝ «Սա Հայաստան է և վերջ»։

Ինչ վերաբերում է, թե ինքն ու իր հպատակ ՔՊ-ականները ներքուստ հաշտվել են Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մտքի հետ, թե՝ ոչ, ապա ինքս համոզված ասում եմ, որ նա իրականացրեց այն ծրագիրը, որի համար նրան նրա տերերը բերեցին իշխանության։

Իսկ թե ինչու է բարդ վարչապետ կոչեցյալի խոսքերը հերքել, նկատի ունեմ նրա խոսքերի հերքման հասանելությունը ժողովրդին․ Հ1-ը սփռվում է ողջ Հայաստանում և դրանով հետևողական քարոզչություն է տարվում, իսկ նրա խոսքերի հերքումներն անհամեմատ փոքր լսարան ունեն։ Իսկ  իշխանական քարոզչությունը տիպիկ գեբելսյան է, այսինքն՝ որքան սուտը բացարձակ լինի, այնքան հավատացողներն ավելի շատ կլինեն։

-Կրկին ցիտենք վարչապետին․ «ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծումը: Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, դրանք ենթադրել են ԼՂ հարցի չլուծում»: Ավելորդ է հարցնել, թե ինչու է նա ասում ԼՂ և ո՛չ թե Արցախի հանրապետություն։ Բոլորիս հայտնի է, որ ԼՂ արտահայտությունը գործածում էին միջազգային միջնորդները, Մինսկի խմբի անդամները, բայց այդ ատյանները երբևե չէին օգտագործում հակամարտության լուծում եզրույթը։ Խոսքը միշտ գնում էր հակամարտության կարգավորման մասին, դա տարբեր բաներ են։ Կարող ենք ասել, որ եթե հիմա ունենք չակերտավոր լուծում (ավաղ՝ ողբերգական), ապա դա ներկա իշխանության շնորհիվ է կատարվել։

-Վարչապետ կոչեցյալը կամ չի հասկացել Մինսկի խմբի առաքելության իմաստը, կամ, որն ավելի հավանական է՝ ժողովրդին մոլորության մեջ է գցում։ Մինսկի խմբի առաքելությունը հակամարտության կողմերին տարբեր  առաջարկություններ ներկայացնելն ու կողմերի միջև բանակցությունների անցկացումով տեսակետների մերձեցումն էր և ամենակարևորը՝ նոր պատերազմի կանխարգելումը։ Իսկ իրականում՝ Արցախի հարցի լուծում, որպես այդպիսին ուներ երկու տարբերակ․ առաջինը՝ մինչ 2020 թվականը, երբ Արցախը հայկական էր և երկրորդը, այն ինչ հիմա ունենք՝ Հայաստանի կողմից լքված, ցեղասպանված Արցախ։ Վարչապետ կոչեցյալը, հատուկ է գործածում «լուծում» եզրը։ Նա դրանով ուզում է ժողովրդին ասել․ « քանի դեռ Արցախի հարցի լուծում չկար, դու՛ ժողովուրդ, լավ չէիր ապրելու»։ Իսկ իրականում, աշխարհում շատ են չլուծված հակամարտությունները, օրինակ՝ Ռուսաստան-Ճապոնիա, Իսրայել-Պաղեստին, Ուզբեկստան-Տաջիկստան, Տաջիկստան-Ղրղստան և այլն։ Թվարկված հակամարտող կողմերից որևէ մեկի մտքով իսկ չի անցնում իր համոզմամբ հանձնել հայրենիքի մասը՝ հանուն «լավ ապրելու»։ Եթե վարչապետ կոչեցյալն անկեղծ խոսեր, ապա այսպես կասեր․ «Այո՛, մենք Ադրբեջանի բարեկիրթ նախագահի հետ համատեղ լուծեցինք Ղարաբաղի հարցը»։

Ինչ վերաբերում է նրա կողմից Արցախը Լեռնային Ղարաբաղ կոչելուն, ապա այն Գորիս-Կապան ճանապարհի հատվածը Էյվազլի, Արարատ լեռն ուրանալու, նույն հոգեբանությունն է, կամ ավելի հավանական է՝ պայմանավորվածության արդյունք։

Հետաքրքիր է, երբ Ադրբեջանը Ստեփանակերտն անվանում է Խանքենդի, Երևանը՝ Էրիվան, Սևանը՝ Գյոկչա և այսպես շարունակ, այդ անվանումները նույնպե՞ս ասվում են, որ միջազգային հանրությանը պարզ լինի։ Մենք ունենք երկրի ղեկավար, որը զուրկ է ազգային արժանապատվության զգացումից։

-Վարչապետի մեկ այլ պնդում է, որ․ «Մի տարբերակ եղել է միայն 1999 թ.-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և ԼՂ փոխանակման տարբերակն էր, որ դրանով կարելի էր ավարտվել, որ հարցը փակվեց: Այսինքն՝ Մեղրիի շրջանը հանձնվում է Ադրբեջանին, ԼՂ-ն միացվում է Հայաստանին»։ Փաշինյանի թիմը պարբերաբար յուրովի և խեղաթյուրված կերպով է մեկնաբանում բանակցային գործընթացի տարբեր դրվագներ։ Հատկապես այս մեկը գո՞ւցե միտված է ներկայացնելու այդ «տարածքների փոխանակումը» որպես դրական պահ։ Գո՞ւցե այդ հարցը դեռ ուժի մեջ է, սակայն և ոչ մի շահ չի պարունակում հայկական պետության և ժողովրդի համար։

-Այն որ եղել է տարածքների փոխանակման տարբերակի առաջարկություն, չեմ վիճում։Առաջարկությունները կարող են տարբեր լինել և դրանց վրա հղումներ անելը, նույնպես ընդամենը էժանագին քարոզչություն է։Եվ բացառվում է, որ Հայաստանի որևէ ղեկավար, ով իսկապես պետական մտածողություն ունի, համաձայնվեր նման տարբերակի, մանավանդ, երբ և Արցախը և Մեղրին հայաբնակ են և նրանց սահմաններում կանգնած է հայ զինվորը։ Ի դեպ, նույն պետական մտածողություն ունեցող երկրի ղեկավարը, ոչ թե օրինակ կբերեր փոխանակման տարբերակ-առաջարկությունը,կամ Մինսկի խմբի տարբեր առաջարկություններ, այլ 1994թվականի Բիշքեքում ստորագրված արձանագրությունը, որով կոչ արվեց կողմերին հրադադար կնքել։ Արձանագրության տակ ստորագրեցին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Ղրղստանի խորհրդարանների նախագահներըն, ինչպես նաև Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչը և ԱՊՀ միջխորհրդանական խորհրդի քարտուղարը։ Այդ արձանագրությամբ դե յուրե և դե ֆակտո,Հայաստանը, Ռուսաստանը՝ որպես միջնորդ, Ղրղստանը, ԱՊՀ երկրները, ինչպես նաև Ադրբեջանը ճանաչեցին Արցախը, որպես առանձին սուբյեկտ պետություն։Արձանագրությանը հետևեց հրադադարի մասին պայմանագիրը, որն էլ արդեն ստորագրեցին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994թվականի մայիսի 11-ին։ Այս պայմանագրով և Հայաստանը և Ադրբեջանը ևս մեկ անգամ ճանաչեցին Արցախը, որպես անկախ պետություն։

Այսօր խոսել տարածքների փոխանակման մասին, որպես առաջարկություն՝ աբսուրդի ժանրից է։ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի ողջ տարածքին, այն անվանելով արևմտյան Ադրբեջան։ Հարմար առիթի դեպքում, ադրբեջանա-թուրքական տանդեմը կգրավի Վայոց ձորն ու Սյունիքը։ Եվ վերջապես չէ՞ որ եղել է մեկ այլ առաջարկություն ևս, որի մասին վարչապետ կոչեցյալը «խոհեմաբար» լռում է։

Հիշեցնեմ, խոսքը 5 միլիարդ դոլարի մասին է,որպես Արցախի գին։

-Պարոն Իշխանյան, ըստ վարչապետի, «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ արեց, որ ԼՂ-ն չհայաթափվի այն առումով, որ անընդհատ առաջ էր մղվում այդ գաղափարը, որ թող դուրս գան մարդիկ, պետք է մարդիկ այնտեղից դուրս գան: Մենք ամեն ինչ անում էինք, որ այդպես չլինի»։ Վարչապետը պնդում է, որ ամենը արել են, որ Արցախը չհայաթափվի։ Արդյո՞ք մեկը Հայաստանում գիտի, թե ի՞նչ են արել այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունները։

-Հերթական փչոցը։ Դեռևս մարտի 29-ին Հ1-ով Պետրոս Ղազարյան-Թաթուլ Հակոբյան երկխոսության ժամանակ Թաթուլ Հակոբյանն առաջարկեց 120 000  արցախցիներին տեղափոխել Հայաստան, դրանով իսկ լուծել Արցախի հարցը՝ https://www.youtube.com/watch?v=EJ8RuHa3TBs&t=13s։ Հ1-ով անհնար է, որ նման խոսք հնչեր, այն էլ Թաթուլ Հակոբյանի կողմից, առանց  վարչապետ կոչեցյալի հրահանգի։ Այն թուրք-ադրբեջանա-հայկական  եռակողմ ծրագիրը, որն անավարտ մնաց 2020 թվականին, նկատի ունեմ՝ պատերազմով «լուծել» Արցախի հարցը, իրականացավ 2023 թվականի սեպտեմբերին։ Այնպես որ, վարչապետ կոչեցյալին կպատասխանեմ․ « Դուք ամեն ինչ արեցիք, որ այդպես լինի»։

-Այս ելույթի մեջ ՀՀ վարչապետը կրկին պնդում է, որ հայաստանի ընդդիմությունը խամաճիկ է՝ դրածո և ՌԴ պետական շահերի կամակատար։ Մինչդեռ հասարակության ստվար զանգվածի մոտ արդեն հինգ տարի է կա համոզմունք, որ ինքը՝ վարչապետը, Հայաստանի ազգային շահերին դեմ գործող օտար ուժերի դրածո է։ Որքանո՞վ են վտանգավոր իր պնդումները, որոնք կրկին թարախավորում են ընդդիմությանը և կարծես թե միտված են համոզելու մարդկանց, որ ներկա իշխանությանը չկա այլընտրանք։

-Սա այն դեպքն է, երբ գողն ասում է՝ բռնեք գողին։ Ինքն անձամբ, իր մի քանի հպատակներով՝ արտգործնախարար, ԱԺ փոխխոսնակ, ԱԱԽ քարտուղար և ուրիշներ, լինելով օտար հատուկ ծառայությունների գործակալներ, մեղադրում է ընդդիմությանը, կատարելով իր տերերի հրահանգը։ Ինչ վերաբերում է իշխանության այլընտրանքին, ապա վարչապետ կոչեցյալն ընդհանրապես չի պատկերացնում իր հեռանալն իշխանությունից։ Այդ մասին են վկայում նրա հեռահար ծրագրերը, օրինակ՝ ակադեմիական քաղաքի կառուցումը։ Նա պատրաստ է ամեն ինչ զոհել հանուն իր իշխանության, այդ թվում՝ ոչ միայն Սյունիքը, այլև՝ ողջ Հայաստանը․ « Կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստան չի լինի»։

- Պարոն Իշխանյան, ըստ Ձեզ, այս ելույթը մտածվա՞ծ է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդքան ցածր դասում հայ հասարակությանը վարչապետը՝ այդ մտքերով ձևակերպելով։

-Սա այն դեպքն է, որ ցավոք, համաձայն եմ վարչապետ կոչեցյալի հետ։ Եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ից, 2022 թվականի սեպտեմբերի 11-12-ից, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո նա դեռ իշխանության ղեկին է, ապա այն խոսում է մեր հասարակության որակի մասին։

-Եթե Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ կերպով չփոփոխվի, ի՞նչ արդյունքներով երկիրը կհասնի 2025 թ-ին․ չէ՞ որ մենք պարտավոր ենք այս իրավիճակում առաջ նայել։

-Շատ ցավալի հարց տվեցիք։ 2020 թվականից սկսած, ընդդիմության կողմից իշխանափոխության բոլոր ջանքերն ապարդյուն եղան, և իշխանությունն ավելի ամրապնդվեց։ Այդ մասին է վկայում, որ չնայած Արցախի ցեղասպանությանը, Երևանում հրավառությամբ ամանորյա տոնածառն են լուսավորում։ Ի՞նչ ասեմ, հուսանք, որ 2024 թվականին վերջապես ընդդիմությունը մի կողմ կդնի մարդկային և կուսակցական հավակնությունները, կմիավորվի և վճռականորեն կգնա իշխանափոխության։ Հակառակ դեպքում՝ հերթական տարածքային կորուստներն անխուսափելի են և հարց կառաջանա՝ ընդհանրապես Հայաստանի լինել չլինելը։ Եվ այդ դեպքում, մեղավոր կլինեն ոչ միայն վարչապետ կոչեցյալն ու իր հավատարիմ ՔՊ-ականներն, այլև բոլորս՝ ընդդիմություն, հասարակություն, ժողովուրդ, սփյուռք։