կարևոր
6124 դիտում, 2 ամիս առաջ - 2024-05-24 14:31
Քաղաքական

Ֆրանսիայի համար առաջնային է ո՛չ թե Հայաստանի գոյությունը որպես պետություն, այլ վարչապետ կոչեցյալի կողմից տարվող հակառուսական քաղաքականությունը․ Ավետիք Իշխանյան

Ֆրանսիայի համար առաջնային է ո՛չ թե Հայաստանի գոյությունը որպես պետություն, այլ վարչապետ կոչեցյալի կողմից տարվող հակառուսական քաղաքականությունը․ Ավետիք Իշխանյան

-Պարոն Իշխանյան, Դուք անշուշտ ծանոթ եք վերջին օրերին ֆրանսիական լուրջ և հեղինակավոր օրաթերթերում՝ «ԼըՄոնդում» և «ԼըՖիգարոյում» զետեղված այն վերլուծություններին և արձագանքներին, որոնք, մեղմ ասած, վարկաբեկում են նորընծա «Տավուշը հանուն Հայրենիքի» ազգապաշտպան շարժումը և, մասնավորապես, այն առաջնորդող Բագրատ Սրբազանի անձնավորությունը։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս է բացատրվում այդպիսի, մեզ համար միգուցե անսպասելի, վերաբերմունքը։

-Ձեր կողմից նշած թերթերն արտահայտում են Ֆրանսիայի քաղաքական վերնախավի վերաբերմունքը շարժման նկատմամբ։ Եվ չնայած այն բանին, որ Ֆրանսիան համարվում է Հայաստանի բարեկամ երկիր, այդ հրապարակումները ցույց են տալիս, որ ֆրանսիական քաղաքականությունը չի տարբերվում հավաքական արևմուտքի քաղաքականությունից, այդ թվում նաևՀայաստանի հարցում։ Վարկաբեկելով Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը, Ֆրանսիան, ինչպես և արևմտյան այլ երկրներ, պաշտպանում է 2020 թվականին պատերազմ հրահրած, պարտության պատասխանատու, Արցախն ուրացած, Հայաստանի տարածքներն աճուրդի հանած վարչապետ կոչեցյալին։ Այսինքն, չպետք է ունենանք պատրանքներ, թե Ֆրանսիան Հայաստանի բարեկամերկիր է։ Բարեկամ պետությունը չէր համարի Հայաստանը ժողովրդավարական երկիր և աչք չէր փակի, Հայաստանում մարդու իրավունքների համատարած խախտումների վրա։ Ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, իր դաշնակից երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ֆրանսիայի համար առաջնային է ո՛չ թե Հայաստանի գոյությունը որպես պետություն, այլ վարչապետ կոչեցյալի կողմից տարվող հակառուսական քաղաքականությունը։ Պատկերացնում եմ, թե ինչպես են արևմտյան երկրների ղեկավարները, նաև Մակրոնը, արհամարհում և միաժամանակ օգտագործում Հայաստանի վարչապետ կոչեցյալին իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար։ Եվ արդարացիորեն, այդ արհամարհանքը տարածվում է ողջ հայ ժողովրդի վրա, քանի որ 2020 թվականից հանդուրժում ենք նման իշխանությունը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն դիրքորոշմանը, որը որ ստանձնում է «ԼըՖիգարո» պարբերականը, մեջբերելով մի դիվանագետի՝ անանուն, հետևյալ կարծիքը․ «Գալստանյանը բարձր ժողովրդականություն է վայելում, քանի որ նա հայերին պատրանք է մատուցում առ այն, որ հայը կարող է ինչ-որ պահի վերջ դնել բռնապետ Ալիևի կայսերապաշտական ​​նկրտումներին։ Մինչդեռ առանց Արևմուտքի իրական աջակցության, իշխանության գալուց հետո անհնար է նման դիրքորոշում պահպանել»։

-Նախ, փաստենք, որ Ալիևի կայսերական նկրտումները ողջունում է Արևմուտքը։ Արևմտյան բոլոր պետությունները, այդ թվում Ֆրանսիան աչք փակեցին Արցախի ցեղասպանության վրա, քանի որ Ադրբեջանը նրանց համար կարևոր էներգամատակարար երկիր է։ Երկրորդ, մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ մենք մեր հույսերը չենք կապում այլ երկրների հետ, այլ համախմբվում և պայքարում ենք, ապա հաջողության ենք հասնում։ Օրինակներ՝ Սարդարապատը, Լեռնահայաստանի հերոսամարտը, արցախյան առաջին պատերազմը։ Այս համատեքստում, հիշենք նաև 1921 թվականին թուրք-ֆրանսիական դավադիր համաձայնությունը և Կիլիկիայից ֆրանսիական զորքերի գիշերային դուրսբերումը։ Այնպես որ, Բագրատ Սրբազանի շարժման հաջողության դեպքում, նկատի ունեմ իշխանափոխությունը, նույն Արևմուտքը ավելի հարգանքով կվերաբերվի Հայաստանին և հայ ժողովրդին, որպես արժանապատվություն ունեցող ժողովրդի։

-Ձեզ համար արդյո՞ք զարմանալի չի, որ հայտնի ֆրանսահայ վերլուծաբան Տիգրան Եկավյանը, որին հաճախակի մեջբերում է թե՛ ֆրանսիական մամուլը, թե՛ հեռուստատեսությունը, «ԼըՖիգարոն» վարկաբեկում է Սրբազանին, ասելով, որ Կանադայում որպես թեմի առաջն որդիր «մանդատը դադարեցվել է ֆինանսական չարաշահումների կասկածանքով», և «Զգուշացեք կեղծ մարգարեներից» ենթավերնագրի ներքո նշում, «զգուշացնելով» և մատնանշելով, որ «Հայ առաքելական եկեղեցու և պետության միջև առկա է լուռ հակամարտություն, որը որկարող է ընկած լինել կովկասյան փոքր հանրապետությունում այժմ ծավալվող իրադարձությունների հիմքում», ինչպես նաև Բագրատ արք․ Գալստանյանին իր ճերմակ հանդերձանքով նմանեցնում հնդիկ գուրույի, ֆրանսիացի ընթերցողի աչքում բավականին նսեմացնելով շարժման իրական բնույթը։ Ըստ Ձեզ ինչպե՞ս է պետք հասկանալ այսպիսի՝ շարժմանը ո՛չ բարենպաստ դիրքորոշումը՝ պատահականությո՞ւն, դիտավորությո՞ւն։

-Անկախ այն բանից, որ «ԼըՄոնդ» և «ԼըՖիգարոն»  ֆրանսիական ներքին կյանքում հակադիր դիրքորոշումներ ունեն՝ ազատական և պահպանողական, արտաքին քաղաքականության մեջ, երկուսն էլ նույն գծի վրա են, առաջ տանելով Ֆրանսիայի շահերը։ Իսկ ֆրանսահայ քաղաքագետ Տիգրան Եկավյանը անաչառ վերլուծաբան չի։ Նա շատ լավ հասկանում է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերը և իր «վերլուծություններն» անում է հարմարեցնելով դրանց։ Հակառակ դեպքում, նա չէր լինի Ձեր նշած լրատվամիջոցների ցանկալի հյուրը։ Այդ լրատվամիջոցները մեջբերելով Տիգրան Եկավյանին ստեղծում են անաչառության պատրանք՝ տեսեք, հայ վերլուծաբանի կարծիքը։ Փաստորեն, Տիգրան Եկավյանը վարկաբեկելով Բագրատ Սրբազանին, կրկնում է Հայաստանի իշխանությունների կողմից տարածվող ստերը։ Տիգրան Եկավյանին կուզենայի ասել, որ այն անձինք, ովքեր կատարել են ֆինանսական չարաշահումներ, ընդդիմադիր գործունեություն չեն ծավալում, այլ իշխանության համախոհներն են։ Այդ նույն Տիգրան Եկավյանը 2021թվականի Հայաստանի ընտրություններ կոչվող ֆարսը ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում այսպես որակեց․ «Հայ ժողովուրդն ընտրեց ժողովրդավարությունը»՝ փաստորեն արդարացնելով 2020 թվականի խայտառակ պարտությունը։ Ընդունենք, որ Տիգրան Եկավյանն անտեղյակ էր, ընտրությունների ժամանակ վարչական ահռելի ռեսուրսի կիրառման, քաղաքական հետապնդումների, զինվորների ուղղորդված քվեարկության մասին, համարելով, որ ընտրությունները եղել են արդար։ Այդ դեպքում, անաչառ վերլուծաբան, հատկապես ազգությամբ հայը, այսպես կարտահայտվեր․ «Հայ ժողովուրդն ընտրեց պարտությունը»։ Հաճախ զուգահեռներ են անցկացնում հայերի և հրեաների միջև, նկատի ունենալով ինչպես ցեղասպանությունները, այնպես էլ երկու ժողովուրդների տարածվածությունը աշխարհում։ Երկար կարելի է խոսել երկու ժողովուրդների միջև տարբերությունների մասին։ Բայց բերենք մեկ օրինակ․ հրեական սփյուռքի ցանկացած գործիչ, առաջին հերթին հրեա է և հանդես է գալիս հօգուտ իր պետության՝ Իսրայելի շահերի, իսկ հայկական սփյուռքի ճանաչված գործիչներն առաջին հերթին այն երկրի քաղաքացին են, որտեղ բնակվում են և հանդես են գալիս հօգուտ այդ երկրի շահերի, թեկուզ՝ ի վնաս Հայաստանի։ Նման գործիչներից են ԱՄՆ-ում Ժիրայր Լիպարիտյանը, Ֆրանսիայում՝ Տիգրան Եկավյանը, Ռուսաստանում՝ Կարեն Շահնազարովը։

-Պարոն Իշխանյան, Դուք ծանոթ եք նաև ֆրանսահայ հեղինակավոր «Նուվելդ’ Արմենի» պարբերականին, որում «Մտքի պարտություն» ենթավերնագրի ներքո նույն վերլուծաբանը, որ ի շարսվերո հիշյալ ձևակերպումների, ավելացնում է, ասենք, ավելի կոնկրետ և սկզբունքային դիտարկում․ «Մինչ օրս չկա հստակ, քննարկված և իրատեսական ճանապարհային քարտեզ, որը որ Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնության նկատմամբ վստահությունը կարող է վերականգնել։ Ճանապարհային քարտեզի բացակայությունը վկայում է հայկական վերնախավի կառուցվածքային ճգնաժամի մասին, որի ախտանշանները կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ ընդհանուր հայտարարի անկարողություն, փրկչի պաշտամունք, քննադատական ​​մտածողության բացակայություն, խորհրդակցության բացակայություն և երկխոսության բաց լինելու բացակայություն։ Պետականության իմաստի զգացողության բացակայություն»։ Ինչպե՞ս կպատասխանեք այս քննադատությանը։

-Ֆրանսերենին չեմ տիրապետում, կարդացի հոդվածի թարգմանությունը։ Այնպեսոր, դժվարանում եմ ասել, թե Տիգրան Եկավյանը ցավով է արձանագրում հայ ժողովրդին հատուկ որակները, թե՞՝ չարախնդությամբ։ Հուսանք, որ «Նուվելդ’ Արմենի» պարբերականի վերլուծությունում, արդեն ֆրանսահայ ընթերցողի համար, Տիգրան Եկավյանը անկեծորեն նշում է հայ ժողովրդին հատուկ արատները, որոնց հետ կարելի է համաձայնվել։ Սակայն, այդ դեպքում, Տիգրան Եկավյանը իր քննադատության թիրախ պետք է դարձներ ո՛չ թե Բագրատ Սրբազանին, այլ Հայաստանի իր խոսքերով՝ ժողովրդավարական իշխանությանը, հանձին վարչապետ կոչեցյալի։ Այդ նա է, որ ոչ միայն չի ներկայացնում հստակ ճանապարհային քարտեզ, այլ ժողովրդին ահաբեկելով, փուլ առ փուլ կատարում է Ադրբեջանի նախագահի պահանջները։ Քաղաքական երկխոսությունը նույնպես պետք է նախաձեռնեն իշխանությունները։ Հակառակ դրան, վարչապետ կոչեցյալի հրահանգով, մեղադրանքներ են առաջադրվում և կալանավորվում են ընդդիմադիր գործիչները։

-Եվս մեկ հարց, պարոն Իշխանյան։ «Նուվելդ’ Արմենի» նույն հոդվածում Եկավյանը նշում է, որ «մինչդեռ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ստանում է [հայաստանյան] քաղաքացիական հասարակության և քաղաքական դասի աճողաջակցությունը, սփյուռքն իր հերթին կասկածի տակ է դնում այս շարժման օրինականությունը»։ Պարոն Իշխանյան, ունեք արդյո՞ք, այդպիսի զգացողություն, որ հայկական սփյուռքը կասկածի տակ է դնում այս շարժման օրինականությունը։

-Տիգրան Եկավյանը ճիշտ է նկատել։ Իսկապես, Հայաստանում օրեցօր աճում է Բագրատ Սրբազանին աջակցողների թիվը։ Ինչ վերաբերվում է հայկական սփյուռքին, ապա պարոն Եկավյանին հարցունեմ․ « Ո՞ր սփյուռքը․ արդյո՞ք սփյուռքը միատարր կառույց է, ընդհանուր ղեկավարությամբ»։ Իմ տպավորությամբ, Տիգրան Եկավյանը Բագրատ Սրբազանի շարժման նկատմամբ իր բացասական վերաբերմունքը վերագրում է ողջ սփյուռքին։

Ինձ հետաքրքրում է նաև հետևյալ հարցը, ի՞նչ նկատի ունի Տիգրան Եկավյանը շարժման օրինականություն ասելով։ Իսկ նրա կարծիքով 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունը օրինակա՞ն էր։ Իմ համոզմամբ, ցանկացած՝ օրինական, կամ ոչ օրինական ճանապարհով իշխանափոխությունը Հայաստանում ո՛չ միայն արդարացված է, այլև՝ ուշացած։ Այս իշխանությունը ամեն օրը նոր տարածքային կորուստներ է բերում։

Իմ կարծիքով, 2020 թվականի խայտառակ պարտությունից հետո, հայկական սփյուռքը պետք է մի կողմ դներ տարբեր կուսակցական, կազմակերպությունների միջև եղած հակասությունները և արտասահմանյան ցանկացած ուղևորության դեպքում, հուժկու ցույցերով «դիմավորեր» պարտության խորհրդանիշ-վարչապետ կոչեցյալին։

Հովհաննես Գռուզյան