Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ռուսական «Իգրա Թի Վի» հեռուստաընկերությունից «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի արտոնագիրը եւս մեկ տարով (2013 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբեր) ձեռք բերելու նպատակով ԿԳՆ-ին 2013 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12 միլիոն դրամ` «Փի-Արտ» ՍՊԸ-ին տրամադրելու համար:
Որոշման նախագիծը ներկայացնում էր ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը: Նա իր կողմից ավելացրեց, որ հաղորդումը մեծ ժողովրդականություն է վայելում, բարձր վարկանիշ ունի, նաեւ` ինտելեկտուալ զարգացման նշանակություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից` ո՞վ մասնակցում է այդ խաղին, կառավարության թիմն ի՞նչ հաջողություններ ունի այդ բնագավառում: Հրայր Թովմասյանը չհայտնեց վերջին խաղի արդյունքները, իսկ երբ վարչապետը հետաքրքրվեց, թե ե՞րբ են այն ցուցադրելու, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Հատուկ` տոներից հետո, որ քիչ մարդ տեսնի...»:
Լրագրողները Կարինե Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ո՞վ է չափել խաղի վարկանիշը, որ համոզմունք կա, թե մեծ ժողովրդականություն է վայելու: Փոխնախարարը պատասխանել չկարողացավ: Թե ինչքանո՞վ է նպատակահարմար Հայաստանի պես աղքատ երկրում նման գնում կատարել մասնավոր ընկերության համար, Կարինե Հարությունյանը կրկնեց, թե այն ունի «բավականին լուրջ ինտելեկտուալ զարգացման եւ կրթական նշանակություն», որը, ըստ նրա, ԿԳՆ-ում հաշվարկել են, բայց համոզված չէ:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ հենց ռուսերենով անցկացվող խաղի արտոնագրի ձեռքբերում է ֆինանսավորում կառավարությունը, ընդ որում` հարկատուների միջոցների հաշվին, ինչին Կարինե Հարությունյանը պատասխանեց, թե դա հաղորդման հեղինակային առանձնահատկություններով է պայմանավորված, այն չի օժանդակում ռուսերենի տարածմանը Հայաստանում: Իսկ լրագրողների դիտարկմանն էլ, թե այդ դեպքում «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» կամ այլ խաղերը ինչո՞ւ չեն հեռարձակվում հեղինակային լեզվով, Կարինե Հարությունյանը դարձյալ չկարողացավ պատասխանել: