Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրական գանձը ոչ թե գետնի տակ է, այլ՝ գետնի վրա»,-ասում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Թումա Չելիքը։
Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը պատասխանել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ՝ ԹԱՄԺ-ի պատգամավոր Թումա Չելիքի հարցապնդմանը, ով Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել էր Մարաշի հայկական և հունական բնակավայրերում պետության թույլտվությամբ գանձ գտնելու նպատակով կատարված պեղումների հարցը։ Այդ մասին հաղորդում է թուրքական Bianet.org լրատվակայքը։
Աղբյուրի համաձայն՝ Թումա Չելիքի հարցմանն ի պատասխան՝ նախարար Էրսոյը նշել է, թե տվյալ բնակավայրերում գանձ լինելու մասին որևէ տեղեկություն կամ փաստ չի գտնվել, և որ պեղումներն իրականացրած հնագետ Հաթիջե Քըլըչասլանն այդ աշխատանքները կատարել է՝ անհրաժեշտ թույլտվությունն ստանալուց հետո։
Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարը նաև հայտնել է, որ ամբողջ Թուրքիայում 2014-2019 թթ․ 523 անգամ գանձ է որոնվել, սակայն որևէ տեղեկություն չկա առ այն, թե նման բան գտնվել է։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավոր Չելիքը Bianet.org-ի հետ հարցազրույցում ընդգծել է գանձ որոնելու՝ Թուրքիայում տարածված մոլուցքն արգելելու անհրաժեշտության մասին, քանի որ դրա հետևանքով խիստ տուժում են պատմական և մշակութային կոթողներ։
Չելիքը նաև նշել է․ «Նախարարությունն իր պատասխան նամակում հայտնում է, թե Մարաշում գրանցված 305 կառույց է առկա, սակայն այդ շինությունների մեջ ոչ մի եկեղեցի կամ սինագոգ չկա։ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից կազմված Մշակութային հարստությունների քարտեզի համաձայն՝ Մարաշում առնվազն 50 հայկական, հունական, ասորական և հրեական մշակութային կոթող կա։
Եթե գանձ որոնելու ուղղությամբ գործադրված այսչափ ջանքերն ուղղվեին այդ շինությունները պահպանելուն, ապա մշակութային ժառանգության մաս կազմող կառույցները պաշտպանելու գիտակցության մակարդակը կբարձրանար։ Դարձյալ նախարարության տրամադրած տվյալների շնորհիվ պարզ է դառնում, որ կատարված պեղումների արդյունքում ոչ մի գտածոյի չեն հանդիպել։ Գանձն իրականում ոչ թե գետնի տակ է, այլ՝ գետնի վրա»։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net