Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երասխում բնակվող Ղազարյանների բազմազավակ ընտանիքի տունը թշնամական դիրքից ընդամենը 600-800 մետր է հեռու։ Ապրում են սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում 4 երեխայի մայր Ալինա Թադևոսյանն ասում է՝ անցած 1 տարվա ընթացքում սեփական տարածք չեն ունեցել, ապրել են մեկ այլ անձի տրամադրած տարածքում։ Հիմա սեփականատերը վարձակալության գումար է պահանջում՝ 30 հազար դրամ։
«Մինչև այս գումար չէր պահանջում։ Այս ամիս ասաց, որ հիմա արդեն չի կարող գումար չվերցնել։ Մեր ընտանիքն ընդամենը 50 հազ. նպաստ է ստանում։ Եթե 30 հազ.-ը տամ տան համար, տակը մնում է 20 հազ. դրամ։ Դրա ո՞ր մասով կոմունալ պարտք փակեմ, ո՞ր մասով ապրենք»,- վրդովված ասաց սահմանամերձ բնակավայրի բնակիչը։
Ալինայի ամուսինը հիմա մշտական աշխատանք չունի։ Մինչև այս աշխատանքի էր անցել Երասխի տարածքում օտարերկրյա ներդրմամբ կառուցվող գործարանում։ Ադրբեջանական սադրանքների պատճառով այժմ անորոշ ժամանակով զրկված է աշխատանքից։ Օրվա ապրուստն էլ վաստակում է դաշտերում աշխատանք կատարելով, այն էլ ամեն օր չէ, որ լինում է։
«Ամեն անգամ 5000-6000 դրամ են տալիս։ Ամռանը դեռ լավ է՝ դաշտի գործ է լինում երբեմն։ Դուրս ենք գալիս, մի քիչ ապրուստ ենք վաստակում։ Բայց մարդ վախենում էլ է դաշտ դուրս գալ։ Ուղիղ դրանց (ադրբեջանցիների- խմբ.) աչքի առջև ենք լինում։ Ո՞վ իմանա՝ մտքներով որ պահին կարող է անցնել նորից կրակել։ Ամեն ինչում խնդիր կա։ Բայց այլ տարբերակ էլ չունենք։ Ձմռանն այդ հնարավորությունն էլ չկա։ Օրեր են լինում երեխաներս կիսաքաղցած ենք քնում»,- պատմեց Ալինա Թադևոսյանը։
Ղազարյանների ընտանիքում մեծացող երեխաները 6- 12 տարեկան են։ Ալինան ասում է՝ աղջիկներն արդեն մեծանում են։ Ցանկանում են գեղեցիկ հագնվել, չտարբերվել համադասարանցիներից։ Ապրուստի միջոցները, սակայն, չեն բավարարում նրանց համար անհրաժեշտ պարագաներ ու հագուստ գնելու համար։ Վաստակած գումարի հիմնական մասը ծախսվում է սննդի համար, այն էլ չի բավականացնում։
«Հիմա ահավոր պարտքեր էլ ունենք։ Երեխաներին դպրոց ուղարկելու, սննդի ու այլ մինիմալ պահանջների համար խանութներից ապրանք ենք վերցրել, չենք կարողանում վճարել։ Հարևանից գումար ենք վերցրել՝ դա էլ ծանրացել է մեզ վրա։ Հնարավորություն չունենք փակելու։
Արդեն ամաչում էլ եմ խանութ մտնել կամ որևէ մեկից որևէ բան վերցնել»,- անկեղծանում է բազմազավակ մայրը։
Այս ամենի հետ մեկտեղ, Ղազարյանների տանը խոնավությունից պատերն աստիճանաբար փլվում ու բարակում են։ Մեր զրուցակիցն ասում է՝ ամռանը դեռ հնարվոր է լինում մի կերպ ապրել։ Ձմռանն առհասարակ վախենում է երեխաների առողջության համար։ Ո՛չ նորմալ ջեռուցում են կարողանում ապահովել, ոչ անգամ մինիմալ պայմաններ կան՝ որպեսզի անչափահասներին կարողանան արժանավայել մեծացնել։
«Մենակ մի սենյակն ենք թեթևակի վերականգնել, որ կարողանանք ապրել։ Մյուս սենյակներում դատարկություն է, պատերն ամբողջությամբ վնասված են։ Տանն անգամ նորմալ անկողին չունենք։ Երեխաներս գետնին են քնում կամ վնասված բազմոցին։ Բաղնիք չունենք։ Ջուրը տաքացնում ենք, մի տեղում լողանում ենք»,- ասաց նա։
Ընտանիքը վերջին տարիներին որևէ օգնություն չի ստացել։ Ալինան ասում է՝ միայն տարիներ առաջ են իրենց սոցիալական որոշակի օգնություն տրամադրել։ Հիմա էլ օրվա վաստակածը ծախսում են այդ օրվա սննդի վրա։ Իր խոսքով՝ իր հասունացող աղջիկների հագուստը լվանալու համար անգամ նորմալ աշխատող լվացքի մեքենա չունեն։
«Երեխա են էլի, ուզում են ամեն ինչ ունենալ։ Ձեռքս գումար չկա, որ գնամ հաց առնեմ, ուր մնաց հագուստ։ Մամ, ասում է, բա ինչի՞ մենք չունենք։ Ասում եմ՝ դե հիմա ի՞նչ անեմ։ Ամենամինիմալ բաներն ենք վերցնում՝ բրինձ, վերմիշիլ։ Ավելին չենք էլ կարողանում։ Երեխա են, մի անգամ ուզում են քաղցր ուտել։ Հնարավորություն չկա։ Ինչի՞ գոնե էդ մինիմալ բաները չկարողանաս անել երեխայիդ համար»,- ասաց Ալինան։