|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Yerkir.am-ի թղթակցի հարցերին պատասխանել է ԱԺ հանրապետական պատգամավոր, «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանը:
- Պարո'ն Մանուկյան, երկու օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից: Մտավախություն չունե՞ք, որ ապագա խորհրդարան անցնելու` Ձեր շանսերը նվազում են:
- Բայց ես ի՞նչ կապ ունեմ էդ հայտարարության հետ:
- Դուք պատգամավոր եք եւ, որքան մեզ հայտնի է, նաեւ` գործարար:
- Բայց դուք ի՞նչ գիտեք` ես գործարարությամբ զբաղվում ե՞մ, թե՞ ոչ:
- Գիտենք, որ Ձեզ են պատկանում մի շարք հայտնի ընկերություններ:
- Չէ, ես էդ ամբողջը հանձնել եմ կառավարման: Ես հիմա գործարարությամբ չեմ զբաղվում, վաղուց արդեն միմիայն քաղաքական դաշտում եմ: Ասենք, փայատեր եմ մի քանի բաների, բայց ամբողջը տրված է կառավարման, իրանք էլ կառավարում են: Հիմա ես օրենքների դաշտում եմ:
- Այսինքն` Դուք Ձեր ամբողջ ժամանակը նվիրում եք օրենսդիր աշխատանքի՞ն:
- Այո:
- Կարո՞ղ եք մի քանի օրենսդրական նախագիծ նշել, որի համահեղինակը Դուք եք:
- Ես ունեմ նաեւ օրենք, որը հիմա շրջանառության մեջ ենք դրել` «Կոոպերացիայի մասին» օրենքը, շատ լուրջ եւ կարեւոր օրենք է:
- Իսկ ի՞նչ կասեք Ձեր կոլեգաների մասին: Նրա՞նք էլ նախագահի հայտարարությունից անհանգստանալու պատճառներ չունեն:
- Ես գտնում եմ, որ էդ նույն գործարարները, որոնք հիմա լուրջ խավ են ներկայացնում, փորձություն անցած, տնտեսական դաշտում շատ լուրջ, ասենք, գիտելիքներ ձեռք բերած մարդիկ են, որոնցից հրաժարվելը, ինձ թվում ա, շատ ծանր հետեւանքներ կարող ա ունենա:
- Կարո՞ղ եք Ձեզ ծանոթ գործարար պատգամավորներից նշել մի քանիսին, ովքեր օրենսդրական գործունեությամբ են զբաղվում:
- Դե ես չգիտեմ` ովքեր են գործարարներ:
- Չե՞ք ճանաչում գործարար պատգամավորներին:
- Դե, գործարար պատգամավոր ասածը ո՞րն ա: Ինձ էլ են ասում գործարար պատգամավոր, բայց ես Ձեզ բացատրեցի, չէ՞: Հիմա ես ո՞նց մեկի անունը տամ...
- Ցանկություն ունե՞ք կրկին մանդատ ստանալու:
- Դե, մանդատ ստանալը... ախր, ընենց եք ասում, ոնց որ մանդատը վաճառում են, ես էլ պիտի գնամ առնեմ կամ ստանամ: Մանդատը պիտի ձեռք բերել, պիտի ժողովուրդը քվե տա, որպեսզի դու մանդատի տեր դառնաս, հո իմ ուզելո՞վ չի...
Զրուցեց Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Երկիր» օրաթերթի վաղվա համարում: