Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են շուրջ 362 մլն դրամով, իսկ մենք շարունակաբար ականատես ենք լինում, որ ժողովրդի սոցիալական վիճակը վատթարանում է:
«Եթե մեկը կարող է հակառակը պնդել, ես էլ կարող եմ ասել, որ այդ մարդն այստեղ ոչ թե ապրում է, այլ գտնվում է: Սոցիալական վիճակի օրեցօր վատթարացմանը զուգընթաց` սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսերը նվազում են, այս մոտեցումը չի՞ հակազդում Սահմանադրությանը, քանի որ, ըստ Սահմանադրության, Հայաստանը սոցիալական երկիր է, իսկ մարդը բարձրագույն արժեք է»,- հարցրեց նա ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից:
Պատգամավորը նաև ասաց, որ մենք մի դեպքում պնդում ենք, որ մարդն ու նրա սոցիալական վիճակը կաևորագույն արժեք են, մյուս կողմից նվազեցնում ենք այդ արժեքը պաշտպանելու ծախսերը: «Սա ինձ համար անհասկանալի է»,- նշեց նա:
Ջանջուղազյանը պատասխանեց, որ չի հակասում Սահմանադրությանը: «362 մլն-ով, ճիշտ է, նվազել է, բայց դա կազմում է հատկացումների 0,1 տոկոսը»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ եթե մեր սոցիալական վիճակը լավանալու է միայն սոցիալական ծախսերով, ապա մենք դատապարտված կլինենք ձախողման: «Ասում եք` վատացել է, ես պիտի խնդրեմ ասեք` ինչո՞վ է վատացել, եթե գործազրկությունը նվազել է»,- հարցրեց Ջանջուղազյանը, ապա նշեց, որ միայն այն պնդումը, թե վատացել է, էմոցիա է ընդամենը պարունակում:
Պետրոսյանն էլ հակադարձեց. «Եթե կա գնաճ, աշխատավարձերը չեն բարձրանում, կենսաթոշակը չի բարձրանում, այդ ի՞նչ հնարքով է ժողովրդի վիճակը բարելավվում: Դուք ասում եք` այս բյուջեն ուղղված է կապիտալ ներդրումներին: Կներեք, եթե պետությունը նույնացնում ենք ընտանիքի հետ, ես պետք է մի զուգահեռ բերեմ. սա նույնն է, թե ընտանիքի հայրն ասի` բնակարանը պետք է վերանորոգենք մյուս տարի, հետևաբար` ոչ պետք է հաց ուտենք, ոչ հագուստ գնենք: Սա ի՞նչ մոտեցում է»: Պատգամավորը հավելեց, որ չի կարելի շեշտը դնել մեկ ուղղության վրա, իսկ մյուսը բարձիթողի վիճակում թողնել:
Ջանջուղազյանն ասաց, որ տրամաբանության հետ կարելի է համաձայնել, բայց ոչ` հետևությունների հետ: «Չենք կարող մտածել միայն սոցիալական խնդրի մասին, եթե չունես պատշաճ պաշտպանություն, մեր ընկալումը այսպիսին է»,- նշեց նա: