Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախկինում Երասխի վրա չեն կրակել։ Թեժ կռիվների ժամանակ անգամ այստեղ կրակոց չի եղել։ Հիմա ադրբեջանցիներն ասում են՝ «քարտեզով մի քանի պոստ կա, մերն ա, հրամայել են էդ պոստերը վերցնել»․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երասխի բնակիչ Անդրանիկ Սինանյանը։
Ըստ զրուցակցիս՝ ադրբեջանական զորքը տեխնիկա է աշխատեցնում, որ մոտենա Երասխի պոստերին, մեր դիրքապահ տղաները թույլ չեն տալիս։
«Գյուղի ժողովուրդը Երասխից մի սանտիմետր անգամ չի տա։ Իսկ եթե իշխանությունը որոշի քարտեզով գյուղը տալ, ժողովուրդը ոչ մի բան էլ չի կարող անել, դուք էլ լավ գիտեք։ Մենք գյուղացի մարդիկ ենք, մեր հույսը մեր գյուղացին է, մեր դիրքապահ տղերքը։ Երեկ իրավիճակը խառն էր, կրակոցներ շատ եղան, էսօր համեմատաբար նորմալ է»,- ասաց Սինանյանը։
Երասխի բնակչությունը սպասում է պաշտոնական լրահոսին, տներում են, փախուստ չկա, Անդրանիկն ասում է՝ գյուղացին չգիտի՝ ինչ անի, պիտի վերեւից հրաման լինի։ «Գյուղացին իր առօրյա կյանքով ապրում է՝ հույսով, թե, երբ վիճակը կլավանա»։
Երասխեցին ասում է՝ իրենց կողմերում էլ են խոսում, որ Ադրբեջանին նոր տարածքներ պիտի տրվեն։ «Թշնամուն ի՞նչ կա, ասում ա՝ մերն ա, պիտի տաք, քարտեզով մերն ա, տվեք մեզ էս պոստը, բայց հո թշնամու ուզելով չի»,- նշում է Անդրանիկը՝ շեշտելով՝ գյուղի ժողովրդի մոտ անտարբեր վիճակ է։
Երասխի այն դիրքերում, որտեղ վերջին օրերին կրակոցները շատ են եղել, գյուղացիները չեն կարողանում մոտենալ, խոտհունձ անել, անասուններին արածեցնել։ «Վատ է, չես իմանում՝ ոնց գնաս աշխատանքի»,-ասում է երասխեցին։
Ի դեպ, Երասխում Փաշինյանը ընտրություններին դրական արդյունք է ունեցել․ 13/35 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 266 ձայն է հավաքել, «Հայաստան» դաշինքը՝ 23, «Պատիվ ունեմ»-ը՝ 19, ԲՀԿ-ն՝ 13։ Հարցին՝ երասխեցիները ապագա տեսնո՞ւմ են այս իշխանության հետ, ասում է․ «Տեսնում են էլի, որ ընտրել են, ամեն մարդ իր կարծիքն ունի»։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետների կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Գիշերը մի քանի ժամ տեւած ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։ Նա ուսի մասում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում՝ հակառակորդի դիրքերից արձակած կրակոցից:
Լիանա Սարգսյան