կարևոր
3139 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-07 23:58
Հասարակություն

Տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական ֆորումի բացման արարողությունը

Տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական ֆորումի բացման արարողությունը

Հուլիսի 7-ին Երևանի «Եվրոպա» հյուրանոցի դահլիճում կայացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական ֆորումի բացման արարողությունը։

Բացման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Համազգայինի կենտրոնական վարչության անդամներ Արտաշես Շահբազյանը, Արևիկ Գաբրիելյանը, Արա Գեւորգյանը, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը, Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, Ռուսաստանի Դաշնությունում Համազգայինի մասնաճյուղի ատենապետ Արթուր Փայտյանը և նույն մասնաճյուղի անդամ Բալիկ Գալէմքերեանը։

Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական Ֆորումը Համազգայինի ավանդական ծրագրերից է։ Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու, ազգային հանձնառություններ ներարկելու ձեռնարկ է։

Այս տարի Համազգայինի ուսանողական ֆորումը տեղի է ունենալու հուլիսի 7-ից հուլիսի 19-ը։ Ֆորումին իրենց մասնակցությունն են բերել Սփյուռքի տարբեր գաղթօջախներից (ԱՄՆ, Լիբանան, Սիրիա, Ֆրանսիա...) ներկայացնող 17 հայ երիտասարդներ, ինչպես նաև մասնակիցներ Հայաստանից և Արցախից։

Ծրագրի 11 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայրենի մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կլսեն պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, իրենց հասակակիցների հետ կքննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ։

Համահավաքի օրերին Սփյուռքահայ ուսանողները կհյուրընկալվեն Երևանի պետական համալսարանում, Մատենադարանում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Թումոյում, տարբեր թանգարաններում, կլսեն դասախոսություններ «Հայկական ճարտարապետություն» , «Ազգային նվագարաններ» և այլ թեմաներով։

Ֆորումը մասնակիցները կայցելեն նաև Գյումրի՝ ճանաչելու Հայաստանի մշակութային քաղաքն իր տեսարժան ու պատմամշակութային վայրերով։

Hamazkayin Forum

Hamazkayin Central