կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-23 11:35
Հասարակություն

Ուսանողական մշակութային ֆորումի համար փակ դռներ չկան

Ուսանողական մշակութային ֆորումի համար փակ դռներ չկան

Համազգային հայ կրթական և մշակութային միության 18-րդ ուսանողական մշակութային ֆորումի շրջանակներում մասնակիցները լսում են դասախոսություններ, հանդիպում քաղաքական-հասարակական գործիչների հետ, այցելում թատրոններ եւ իրենք էլ ստեղծում միջոցառումներ:

Պատմաբան Խաչիկ Մուրադյանը ֆորումի մասնակիցներին պատմում էր 1915թ. Ցեղասպանության կորուստների մասին` շեշտելով, որ այն ամենին, ինչ այժմ հայերն ունեն, հասել են տքնաջան աշխատանքի շնորհիվ: «Հիանալի խումբ է հավաքված. ուրախ եմ, որ աշխարհում կան նման հայեր, ովքեր իրենցից ուժ են ներկայացնում»,- ասաց պարոն Մուրադյանը:

Դասախոսության վերջում երիտասարդներն անանուն թերթիկով կարող էին գնահատել թեմայի արդիականությունը եւ հետաքրքրությունը, խոսողի` թեմային տիրապետումը եւ ներկայացնել այլ առաջարկներ կամ դիտողություններ:

Ֆորումի շրջանակներում գործում են աշխատանքային խմբեր` լրատու, պարի, թատրոնի, որոնց ընթացքում երիտասարդները ծավալում են համապատասխան գործունեություն:

News Letter-ում մասնակիցները լրատու են ստեղծում, որտեղ տպվում են այցելությունների մասին իրենց տպավորությունները:

Թատրոնի խմբում երեխաները փորձում են փոքր ներկայացումներ բեմադրել, յուրաքանչյուր խմբակ ունի իր ղեկավարը:

Համազգային գրասենյակի ներկայացուցիչ և պարի խմբակի պարուսույց Միքայելյան Նարեն նշեց, որ պարի խմբակում մասնակիցները փորձում են 3-4 պարապմունքի ընթացքում հայկական-ազգագրական պարեր սովորել, օրինակ` քոչարի և նարե: «Իսկ ֆորումի վերջին օրը կայանալիք շոուի ժամանակ մասնակիցները կներկայացնեն այն, ինչ սովորել են խմբային աշխատանքների ընթացքում»,- ավելացրեց նա:

Պարի խմբի մասնակից, Կալիֆոռնիայում բնակվող 16-ամյա Նաիրի Մարտիրոսյանն առաջին անգամ է Հայաստանում, եւ ամենից շատ Նաիրիին դուր է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը: Նա Հայաստանի բնությունը համարում է անուշիկ ու գեղեցիկ` զգալով, որ դա իրենն է: Նաիրին հայ է համարում նրան, ով սիրում է հայերին ու հայրենիքը:

«Կցանկանայի Հայաստանի կազմում տեսնել նաև Արևմտյան Հայաստանը: Մեր հայ լինելը կապում է մեզ և ավելի մտերմացնում քաղաքի հետ: Հայաստանում ավելի շատ հավանեցի այն, որը բոլորը հայերեն են խոսում»,- ասաց Նաիրի Մարտիրոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ