կարևոր
2932 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-04 11:30
Քաղաքական

Օրը մեկ հատ կարկանդակի փող է ավելացրել թոշակառուին եւ գլուխ է գովում․ «Հրապարակ»

Օրը մեկ հատ կարկանդակի փող է ավելացրել թոշակառուին եւ գլուխ է գովում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

Հուլիսի 1-ից Հայաստանում մոտ 3 հազար դրամով բարձրանալու են կենսաթոշակները։  Նվազագույն կենսաթոշակը, որն այսօր 31 հազար 600 դրամ է կազմում, կդառնա 36 հազար, իսկ միջինը, այսինքն՝ աշխատանքային կենսաթոշակը, 21 հազար դրամի փոխարեն կդառնա 24 հազար դրամ։ 

Անցյալ շաբաթ՝ կառավարության նիստի ժամանակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը թվեր էր ներկայացնում․ «Միջին կենսաթոշակը կբարձրանա 7.1 տոկոսով՝ 46 հազար 100 դրամից հասնելով 49 հազար 700 դրամի: Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87 հազար 590 դրամից կհասնի 91 հազար 600 դրամի»: 

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Քննչական կոմիտեի քննիչների հանդեպ, որոնք վերջերս առանձնացել են նրանով, որ հաջողությամբ մարդ են խոշտանգում, կառավարությունն անհամեմատ առատաձեռն է։ Նրանց աշխատավարձերին ավելացան հավելումներ՝ դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Եվ ամենացածր աշխատավարձ՝ 300 հազար դրամ ստացող ՔԿ քննիչը հիմա ստանում է 570 հազար դրամ։ Նույն շռայլությունը կառավարությունը դրսեւորեց Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողների, դատախազների նկատմամբ։ Դրա համար դատախազությանը պետբյուջեից լրացուցիչ ուղղեցին մոտ 2,5 միլիարդ դրամ։ Իհարկե, ե՛ւ հակակոռուպցիոնի աշխատողի, ե՛ւ քննիչի, ե՛ւ դատախազի կյանքը կտրուկ կփոխվի դեպի լավը, բայց ի՞նչ է տալու ամսական եկամտի 3-4 հազար դրամի ավելացումը թոշակառուին։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, սա մեծ հաղթանակ է համարում, նա Դատախազության օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է․ «Այսօր Հայաստանում շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունենում՝ նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին, եւ պիտի ընդգծեմ, որ կենսաթոշակի անկանխիկ ծախսման դեպքում հետվճարի համակարգից օգտվողների համար այն նաեւ անցել է նվազագույն սպառողական զամբյուղը»: 

Ինչ խոսք, դրանով թոշակառուները կկարողանան օրական 100-140 դրամ ավելի ծախսել։ Օրինակ, մի-մի հատ կարտոֆիլով կարկանդակ կամ մեկ հատ էժանագին պաղպաղակ կարող են գնել խանութից, ասենք՝ «Թզուկ» տեսակի։ Բայց գլոբալ առումով ի՞նչ է փոխվելու մեր ամենաաղքատ խավի վիճակում, այս 3-4 հազար դրամ ավելացումից ունենալո՞ւ ենք սոցիալական էֆեկտ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքներն օր-օրի թանկանում են, եւ գնաճը շատ արագ է «խժռելու» նրանց այդ հավելյալ 3-4 հազարները։  

Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հաշվարկել է, որ միջին կենսաթոշակը 2018-2022թթ. ընթացքում՝ հնգամյակում, 40 հազար 600 դրամից դարձել է 46 հազար 700 դրամ, ինչը նշանակում է 15 տոկոս անվանական աճ: «Գնաճը եղել է 24 տոկոս, պարենամթերքինը՝ 29 տոկոս. թոշակառուն 5 տարում 14 տոկոս վատ է ապրել»,- գրել է նա իր հայտնի «Արմագեդոններում»: 

Հիշեցնենք․ Հայաստանում մոտ 470 հազար կենսաթոշակառու կա։ Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը հիշեցնում է՝ ոստիկաններին են պարբերաբար պարգեւատրումներ տալիս՝ միլիոնավոր դրամների, իսկ հունվարի 1-ից բարձրացավ ողջ պետական ապարատի աշխատավարձը, ներառյալ նաեւ ոստիկաններինը։ 

Թոշակի բարձրացումը բյուջեի վրա նստելու է 7․5 մլրդ դրամ, Ձեր կարծիքով, կառավարությունը կարո՞ղ էր ավելի մեծ չափով ավելացնել կենսաթոշակները։ «Հրապարակի» հարցին պատասխանելով՝ տնտեսագետն ասաց․ «Եթե «կարողություն» ասելով նկատի ունեք պետական բյուջեի մասով, այո, միանշանակ, որովհետեւ պետբյուջեի լրացուցիչ եկամուտներն ավելացել են։ Ըստ կառավարության հրապարակած թվերի, այս տարի իրենք 10 տոկոսով ավելի եկամուտ են հավաքագրել, քանի որ տնտեսական ակտիվությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, շարունակվում է, եւ դրանով պայմանավորված՝ հավելյալ եկամուտներ են ավելանում։ Բայց իրենք նաեւ լավ են պատկերացնում, որ այս ամբողջ տնտեսական ակտիվության աճն ու եկամուտների բարձր աճն արտաքին պատահական գործոնով է պայմանավորված, ոչ թե մեր տնտեսական ներուժի։ Չունի կայուն բնույթ, եւ իրենք լավ գիտեն, որ հետո ունենալու են լրացուցիչ դժվարություններ ոչ միայն տնտեսական ակտիվություն, այլեւ պետբյուջեի եկամուտները ապահովելու իմաստով»։ 

Ըստ Թադեւոս Ավետիսյանի՝ սրանով է պայմանավորված նաեւ այն, որ կառավարությունը շարունակում է պետական պարտքն ավելացնել։ «Իրենք զգուշավոր կերպով պատրաստվում են նրան, որ այդ գործոնն էլ չի լինելու՝ լավ գիտակցելով, որ այն պատահական է, ժամանակավոր է, կայուն չէ եւ զուտ արտաքին գործոն է»։ Այդ դեպքում ինչպե՞ս է, որ շեշտակի ավելացրին քննիչների, դատախազների, հակակոռուպցիոնի աշխատակիցների, ոստիկանների աշխատավարձերը։ «Բա ինչպե՞ս պահեն իրենց իշխանությունը։ Միջոցները կան, եւ կա հստակ նպատակ։ Իրենք առատաձեռն են այն ուղղություններով, որոնք իրենց պետք են՝ սեփական աթոռը մի կերպ պահելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում