Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
- Մասնակցու՞մ եք, արդյոք, ընտրական գործընթացին:
- Մասնակցում եմ անյքանով, որքանով որ կինը պետք է կանգնի իր ամուսնու կողքին: Ես միշտ իմ ամուսնու կողքին եմ և նրան աջակցում եմ բոլոր բնագավառներում: Ինձ ավելի հոգեհարազատ է հասարակական աշխատանքը: Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես ևս փորձում եմ իրազեկ լինել քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից:
- Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում որևէ առաջարկ եղե՞լ է Ձեր կողմից:
-Ո՛չ, չեմ մասնակցել: Երեկ ընթերցեցի, եթե ավելի վաղ կարդայի՝ գուցե մի երկու բան ասեի, պարզապես այդ հարցում այնքան էլ ուշադիր չէի:
-Շատերը, խոսելով մյուս թեկնածուների մասին, նրանց անուն-ազգանունով են հիշատակում: Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում՝ միայն անունն են գործածում, Դուք չե՞ք նեղսրտում դրանից:
-Ամենևին ո՛չ, այդպես դիմելն ընդհակառակը՝ լավ է: Նախ` ցույց է տալիս, որ Րաֆֆին երիտասարդ է, իրեն անունով դիմելն ավելի շուտ մտերմիկ, բարեկամական է հնչում: Իրեն կարող են անունով դիմել, ո'չ ես և ո'չ նա չենք նեղվում դրանից:
-Կարծիք կա, որ Րաֆֆին թեև բարի է, ազնիվ, սակայն բավականաչափ հզոր չէ երկիրը ղեկավարելու համար:
- Ես համաձայն չեմ այդ կարծիքին, ես համարում եմ, որ ժամանակները փոխվել են, այլևս ուժը չէ, որ պետք է դերակատարում ունենա առաջնորդ դառնալու հարցում: Այժմ պետք է խելացի և ազնիվ քաղաքական գործիչ: Մենք պետք է ընտրենք այն առաջնորդին, ով մարդասեր է, հայրենասեր, ազնիվ: Առաջնորդը պետք է լինի օրինակելի անձ, իր պահվածքով օրինակ ծառայի հասարակությանը: Այդ դեպքում կարևոր է նաև, թե ինչ ընտանիքից է սերում, ինչպիսի կենսագրություն ունի:
- Դուք համամի՞տ եք այն տեսակետին, որ հայաստանյան ընտրություններում ավելի մեծ դերակատարում ունեն վարչական ռեսուրսներն ու գումարը:
- Ես շփվում եմ տարբեր խավի մարդկանց հետ և չեմ ընդունում այն տեսակետը, որ մեր ժողովուրդն իր ձայնը վաճառում է, վախից ընտրություն կատարում: Ես ուզում եմ հավատալ, որ այս անգամ ժողովուրդն, իր 20 տարվա դառը փորձից ելնելով, մեկ անգամ պետք է ճիշտ ընտրություն կատարի, քվեարկի խղճի թելադրանքով: Չէ՞ որ այդ 10 կամ 20 հազար դրամն իսկապես մեկ օրվա ուտելիքի փող է, և դրանից ոչինչ չի փոխվելու մարդու կյանքում: Մեզնից պահանջվում է փետրվարի 18-ին ձայն տալ այն թեկնածուին, ում հավատում ենք:
-Եթե չընտրվի Րաֆֆի Հովհաննիսյանը, կհիասթափվե՞ք:
-Մենք 20 տարի ապրում ենք Հայաստանում, եղել են շատ դժվար պահեր, հիասթափություններ` ևս, բայց միշտ եղել են մարդիկ, ովքեր մի լավ բան են արել և կրկին հուսադրվել ենք: Մենք պատրաստ ենք մնացյալ դժվարությունները կրել մեր ժողովրդի հետ: Ոչ մի իրադարձություն մեզ չի հիասթափեցնի մեր երկրից և մեր հողից: Մենք այստեղ ապրում ենք և այստեղ պետք է մնանք:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Րաֆֆի Հովհանիսյանի շուրջ հյուսվող անեկդոտներին:
- Շատ լավ, հաջողված հումորներ լինում են: Այսօր դրանցից մեկը կարդացի, մարդ ենք՝ պետք է ժպտանք, ուրախ լինենք: Կարծում եմ հումորն օգնում է դժվար պահերին:
-Ինչպիսի՞ն է Րաֆֆին ընտանիքում:
- Րաֆֆին ընտանիքում նույնն է, ինչպես հասարակության մեջ, տանը մի փոքր քչախոս է, անչափ բարի է, երեխաների հետ շատ լավ է, բոլորին ինքն է սովորեցրել գրել և կարդալ: Խիստ հայր է փորձում լինել, բայց, անկեղծ ասած, չի ստացվում (ծիծաղում է):
-Ո՞րն է նրա հիմնական թերությունը:
-Թափթփված է, երբ քայլում է տանը, ստիպված եմ հետևից վազել, որ թափածները հավաքեմ: Սակայն, դրա վերաբերյալ երբ դիտողություն եմ անում, չի ընդունում, շատ համառն է, բայց, միևնույն ժամանակ, ունակ է լսելու:
- Քարոզարշավի ընթացքում հաջողվո՞ւմ է ընտանիքի բոլոր անդամներով հավաքվել:
-Ցավոք` ոչ, շատ դժվար է բոլորին հավաքել, այդպես տարին մեկ-երկու անգամ է լինում, հիմնականում Ամանորին, պարզապես դժվար է 5 երեխաներին համախմբել, մանավանդ, որ երեխաների մի մասն ԱՄՆ-ում է սովորում:
-Ինչպիսի՞ն է Րաֆֆին խոհանոցում, կարո՞ղ եք մտապահել մի դեպք, երբ ինքն ինչ-որ ուտեստ պատրաստի:
-Մենք 27 տարի է, ինչ ամուսնացած ենք, և միայն մեկ դեպք եմ հիշում. իմ տարեդարձի առթիվ՝ Րաֆֆին վարդագույն կարկանդակ էր պատրաստել, շատ համեղ էր ստացվել:
- Ո՞րն է նախագահի թեկնածուի նախընտրած ուտեստը:
-Շատ է սիրում հարիսա, համաշխարհային խոհանոցի ուտեստներից ևս, օրինակ` նախընտրում է սուշի, սիրում է նոր ուտեստներ համտեսել:
Զրուցեց Թագուհի Մելքոնյանը