կարևոր
5656 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-16 18:18
Հասարակություն

Շուտով կհասնեն պրոֆեսիոնալ լռողների թատրոններին ու հատ-հատ կնվաստացնեն․ Վահրամ Սահակյան

Շուտով կհասնեն  պրոֆեսիոնալ լռողների թատրոններին ու հատ-հատ  կնվաստացնեն․ Վահրամ Սահակյան

«Տպավորություն է, որ ուրիշ անելիք չունենք մեր երկրում, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ կագավորել են, պատերազմի հետքերը վերացրել են, Արցախը հետ ենք բերել, հիմա էլ մնում էր որոշենք՝ մտավորականների կոչումները տանք, թե՝ չէ։ Ասեմ, որ այդ կոչումներն ընդհանրապես անիմաստ բաներ են, բայց ասածս թող չթվա իշխանությունների ջրաղացին ջուր եմ լցնում՝ «Վեոլիա ջուր»»,- նման կերպ արձագանքեց գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը՝ իշխող ուժի հեղինակած ու ընդունած այն որոշմանը, ըստ որի՝  չեղարկվում են պատվավոր կոչումերը։

 Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր  առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը։

Նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները: Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ այն տրվում է ոչ թե անհատին, այլ՝ կոլեկտիվի: Մինչ այս գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումներ:

Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: Ընդդիմությունը դեմ էր նախագծին:

 Վահրամ Սահակյանի խոսքով՝ մարդու ունեցած վաստակը գնահատում է պատմութունը, անգամ, ըստ մեր զրուցակցի, ժողովուրդը չի գնահատում։

 «Մի ծերունազարդ բեմադրիչ, որին հազիվ եմ տեղը բերում՝ երեկ ասաց, որ ոչ միայն իրեն ամբողջ հայությունն ու մարդկությունն է ճանաչում, այլ նաև ինքն անձամբ  200 ներկայացում է բեմադրել։ Տեղեկացնեմ, որ հայ թատրոնի պատմության մեջ, սկսած Արտավազդի ժամանակներից մինչև այսօր՝ 200 ներկայացում չի բեմադրվել։ 200 ներկայացում բեմադրողը պետք է լինի 600 տարեկան, բայց դա ասողը 300 էլ չկար, նա 80-ի մոտ էր, կնշանակի վերջին 50 տարում նա տարին 4 ներկայացում է արել, ամեն եղանակին մի հատ։  Հիմա ո՞նց լուրջ վերաբերես դրան, եթե հենց նույն անձը վերջին տարիներին պաշտանմունքով էր խոսում գործող իշխանությունների մասին և հայհոյում էր նախկիններին։ Որ ի՞նչ։ Ինչի է՞ արվեստագետը հայհոյում նախկին իշխանություններին, դրա մոտիվացիան ո՞րն է։ Ասեմ՝ ցանկանում է տեղավորվել ներկա իշխանությունների աղեխորշային համակարգում։ Բայց իշխանություններն էլ են հասկանում, որ սրանք ծախու միս են ու թքում են դուրս։ Ներկաների օրոք նախկիններին հայհոյոյած կամ հայհոյող ցանկացած արվեստագետ գործածված կամ գործածվող հակաբեղմնավորիչ պահպանակ է, Ես նման բան ասելու իրավունք ունեմ, քանի որ նախկինում ևս այն աստիճանի եմ  քննադատել  իշխանություններին, որ ինձ տեսնում՝ փախչում էին, բայց ես դա արել եմ իրենց իշխանության ժամանակ, ես ընկածին չեմ խփել էս ղզիկների նման»,-ասաց Վահրամ Սահակյանը։

 Ըստ մեր զրուցակցի՝ գործ արած, ստեղծագործական հետք թողած մտավորականն է, որ մնում է պատմության մեջ ու վայելում ժողովրդի սերն ու հարգանքը։

 «Պարզ է, որ Դոստոեվսկին, Թումանյանը, Վիսոցկին կոչում չեն ունեցել , բայց բոլորը սիրել են, իմ հայրիկն էլ (խմբ․ Արամայիս Սահակյան)  կոչում է ունեցել և նույնպես սիրված է եղել բոլորի կողմից։ Այսօր մենք՝ հայերս չունենք էլիտա, այնպիսի մշակութային խմբավորում, արվեստագետներ, որոնք կուղղորդեն ժողովրդին, ընդհակառակը՝ մեղադրում են մարդկանց։

Օրինակ՝ «Գոյ» թատրոնի փակման թեմայով հարց ունեմ․ երբ «Գոյ»-ը փակում են, ինչպես գիտենք դրանից առաջ էլ թատրոններ փակեցին, մյուս թատերական գործիչները, Թատերական գործիչների  միությունը, այլ թատրոնների ստեղծագործական անձնակազմը, բեմադրիչներն ինչո՞ւ ձայն չեն հանում։ Հիմա իրենք կոչում ունեն, թե՝ չունեն փուչ ու դատարկ մարդիկ են, մտավորականի անունը զրոյացնում են։  Հարց ունեմ իրենց․ վաղը, որ գան ձեր թատրոնը փակեն, ձայն չե՞ք հանելու․ ամեն մեկիդ ձեր բներում ոչնչացնելու են»,-ասաց Վահրամ Սահակյանը՝ հավելելով․ «Ես իրենց անվանում են «70-հազարնոցներ», որոնք պետությունից 70 հազար փող են ստանում (միգուցե ավել, բայց իրենք 70.000 են սիրում)  և ոչինչ չեն խոսում երկրի վիճակի, կորուստների,  զոհերի, վշտի մասին, որովհետև  վախենում են հանկարծ չզրկվեն այդ 70 հազարից։ Եթե ես լինեմ Հայաստանի թագավոր՝ «король Армении» բոլոր այդ համակարգերը կջախջախեմ ու դրանց կասեմ՝ փող ե՞ք ուզում, ուրեմն գնացեք թատրոն բացեք, դերասաններ հավաքեք, դահլիճի վարձը տվեք, տոմս ծախեք ու ապրեք։ Հանդիսատեսը կդիտի՞ ձեր ներկայացումները՝ հաց կառնեք կուտեք։ Չի դիտի՝ ուրեմն ձեզ կտանջի ցինգան… Ինչպե՞ս կարելի է․ ախր էդ  որովհետև այդ 70 հազար դրամով բոլոր արվեստագետներին սարքել են անձայն, ամուլ խրտվիլակ»։

 Հարցին, թե՝ ինչպե՞ս է վերաբերվում արդարադատության փոխնախարարի արած երեկվա  հայտարարությանը, ըստ որի՝ պատվավոր կոչումներ ունեցողներին, այդ թվում՝ Վլադիլեն Բալյանին, Փարավոն Միրզոյանին և այլոց մարդիկ չեն ճանաչում, մեր զրուցակիցն ասաց,-

 «Արդարադատության փոխնախարարն ինձ վերաբերում է՞, որ ես էլ նրան վերաբերեմ։ Ընդհանրապես չինովնիկն ո՞վ է, որ իրավունք ունենա անգամ մի ծպտուն հանել արվեստագետի մասին՝ լինի դա հարգարժան Վլադիլեն Բալյանը կամ ուրիշ արվեստագետ։ Չինովնիկը ծառայող է, ծառա է, ճորտ է, նա պիտի մնա իր չափերի մեջ։

 Մեր այն դիտարկմանը, որ թատրոնները փակելուց, պատվավոր կոչումները վերացնելուց հետո հաջորդը ի՞նչ սպասել այս իշխանությունից, որն ասես մշակութային ջարդ է սկսել, Վահրամ Սահակյանը դարձյալ խոսքն ուղղեց լռող և անտարբեր մշակութային գործիչներին։

 « Շատ շուտով կհասնեն այդ պրոֆեսիոնալ լռողների թատրոններին, կսկսեն մասնատել, միացնել, կիսել, ավելացնել՝ մի խոսքով նրանց ամեն մեկին հատ-հատ կբռնեն ու կնվաստացնեն, ինչն էլ ուրախալի կլինի։ Բայց ինչ էլ լինի՝ նրանք իրենց 70.000 դրամը կստանան՝ անկախ նրանից, թե ինչ կոչում ունեն։ Անձամբ ես նրանց կտայի եկեղեցական կոչում՝ ասենք ծայրագույն վարդապետներ, բայց քանի որ «վարդապետ» բառը վիրավորական է եկեղեցու համար՝ մենք նրանց կանվանենք «Ծայրագույններ» ու բոլորը դա շատ լավ կհասկանան»,-խոսքը եզրափակեց Վահրամ Սահակյանը։

Հերմինե Զեյնալյան