կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-08 17:14
Հասարակություն

Հույսս էս սայլակն է՝ քշեմ ներքեւ-վերեւ․ 83-ամյա թոշակառուին պարտադրում են լքել տարածքը

Երեւանի քաղաքապետարանը լծվել է քաղաքը «մաքրելու» գործին, բայց ոչ թե աղբից, այլ առեւտրի շրջիկ կետերից։ Տիգրան Մեծի պողոտայում՝ իշխող ՔՊ-ին սատարող հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա մոլ»–ի դիմացի փողոցում տարիներ շարունակ առեւտրով զբաղվող քաղաքացիներին շատ կոնկրետ զգուշացրել են՝ տարածքն ազատել։
 
«Ստիպում են, որ ապրանքը հավաքեմ։ 83 տարեկան կին եմ, 32 հազար դրամ թոշակ եմ ստանում, դեղ եւ ուտելիք եմ առնում, վերջանում է։ Սա լրացուցիչ օգուտ էր։ Խնդրում ենք, որ թողնեն մի կերպ մեր հացի խնդիրը լուծենք։ Հիվանդությունը, պատերազմը, էդքան երիտասարդներ կոտորվեցին, հայերը փախնում են էստեղից, բայց ես ո՞ւր փախնեմ, իմ հայրենիքն այստեղ է»,- Yerkir.am-ի հետ զրույցում  ասում է առեւտրով զբաղվող կանանցից մեկը։
 
Այս վայրում առեւտրի համար բացօթյա նոր տաղավարներ են սարքում, բայց՝ «օլիգարխ» առեւտրականների համար։ «Եկան, մեր ազգանունները գրեցին, որ տեղ տան, հիմա ուրիշին են տալիս։ Ով, որ շատ փող ունի, շատ ապրանք ունի, կարողանալու է տեղի համար մեծ գումարներ վճարել, նրանց կտան, մեզ չեն տա։ Ո՞նց ապրենք, ո՞ւր տանենք, մենք էլ ենք ապրել ուզում։ Իմ ուժը չի պատի՝ տեղի համար այդքան գումար վճարեմ։ Ամուսինս եւ տղաս մահացան, առեւտրով յոլա եմ գնում, հոգիս հանգստանում է, զբաղվում եմ։ Ասում են՝ չդնեք, բա ո՞նց ապրեմ։ Ոչ մեկի հետ հույս չեմ կապում, հույսս էս սայլակն է՝ քշեմ ներքեւ-վերեւ, ներքեւ-վերեւ»,- ասում է տարեց կինը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լ․Ս