Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճգնաժամերի կառավարման համար անհրաժեշտ պայման է կարգապահությունը: Կարգապահությունն իր մեջ ենթադրում է համատարած և առանց խտրականության կանոնների ու կարգերի կիրառում:
Դեկտեմբերի 12-ից Արցախի շրջափակումը ճգնաժամային կարգավիճակ է ստեղծել երկրում, իսկ դրա կառավարումն առաջնային օրակարգ է իշխանությունների համար:
Շուրջ մեկ ամիս է, որ մարդասիրական օգնություններով և ռուս խաղաղապահների, ինչպես նաև Կարմիր խաչի ներգործուն մասնակցությամբ Արցախում նվազել է շրջափակման հետևանքով առաջացած առաջին անհրաժեշտության ապրանքների սղությունը: Արդեն բնակչությունը վարժվել էր իրողությանը և անտարբերության մթնոլորտ էր տիրում բուն խնդրի՝ շրջափակման նկատմամբ: Այդ անտարբերությանը նպաստեց նաև իշխանությունների որոշումը՝ «խիստ անհրաժեշտ պայմաններում» քաղաքացիների երթևեկության արտոնումը: Սակայն իրադարձությունների զարգացումը թույլ չտվեց, որ դյուրահավատության և միամտության «ցանկալի» մթնոլորտը շարունակվի:
Հունիսի 16-ից Հայաստանի Հանրապետության տարածքում, Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման պատրվակով փոխվեց իրավիճակը:
Ադրբեջանական կողմն արգելափակեց Արցախ մուտք գործող մարդասիրական օգնությունների և դեղորայքի մատակարարումը, մինչև իսկ չթույլատրվեց ծայրահեղ կացության մեջ գտնվող հիվանդների տեղափոխումը մայր Հայաստան: Խոչնդոտներ ստեղծվեցին նաև ռուս խաղաղապահների տեղաշարժի համար:
Այս պայմաններում Արցախում առաջնային խնդիր է խուճապային տրամադրությունների զսպումը: Այդ կարևոր հանգամանքը առաջին հերթին պետք է լինի Արցախի իշխանությունների ամենօրյա օրակարգում: Հանրության հետ բաց, անկաշկանդ զրույցը, ստույգ տեղեկատվությունը և, ինչպես նշվեց, կարգապահությունը այն գործոնները պետք է դառնան, որոնց միջոցով պետք է նվազագույնի հասցնել խուճապային իրավիճակները:
Արցախի իշխանությունները փոխանակ վերջին ամիսներին զորաշարժի ենթարկեն պետական, հանրային և մասնավոր բոլոր կարգի ներուժը, անում են ճիշտ հակառակը՝ ցուցաբերում են անճարակություն և կեղծ պատրվակներով փորձում են արդարացնել իրենց գործողությունները՝ հատելով իրենց կողմից սահմանված կարմիր գծերը:
Պետական կուռ համակարգի պահպանումը չի նշանակում, որ պետք է կատարել անհասկանալի փոփոխություններ պետական կառույցների գործառույթների մեջ, հաճախակի կադրային փոփոխություններով խառնաշփոթ ստեղծել, խորացնել անորոշությունը և այդ ամենի արդյունքում անհուսության տրամադրություններ սերմանել հանրության մեջ:
Հանրությանը պետք է փոխանցել գաղափարական լիցք: Նպատակը դարձնել ոչ թե «լավ ապրուստի» ապահովումը, այլ, դժվար ապրելակերպով հանդերձ, hայրենիքում ազատ ու անկախ ապրելու պայքարի համար պատրաստակամությունը: Ահա այն բանալի գաղափարախոսությունը, որն այսօր պետք է տիրական լինի Արցախում:
«Ապառաժ»-ի խմբագրական
17-ը հունիսի, 2023թ.