կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 18:58
Հասարակություն

20-ամյա տղան մահացել է հիվանդանոցում. գլյուկոզա են ներարկել` չիմանալով, որ շաքարային դիաբետով հիվանդ է

20-ամյա տղան մահացել է հիվանդանոցում. գլյուկոզա են ներարկել` չիմանալով, որ շաքարային դիաբետով հիվանդ է

20-ամյա Մինաս Երեմյանը մոտ մեկ ամիս առաջ էր Հայաստան եկել` հարազատների մոտ հանգստանալու: Ռուսաստանի քաղաքացի էր: Սիբիրում ապրող տղայի համար այստեղի շոգն անտանելի է եղել, սկսել է քիչ ուտել ու ինքնազգացողությունն աստիճանաբար վատացել է: Իսկ երեկ ավելի վատ է զգացել իրեն, տարել են Խարբերդի հիվանդանոց, սակայն այնտեղ չեն ընդունել, ասել են, որ պետք է տեղափոխել Երևան:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Մինասի բարեկամներից Պողոսը պատմեց, որ, ըստ բարեկամների, «Արմենիա» ԲԿ-ում գլյուկոզա են ներարկել` չիմանալով, որ տղան շաքարային դիաբետ ունի: Դրանից հետո տղան վատացել է, այնտեղից տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ էլ մահացել է:

 

Հարցին, թե արդյո՞ք բժիշկները տեղյակ են եղել, որ Մինասը շաքարային դիաբետ ունի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չէ, չեն իմացել, որ ինքը շաքար ունի: Ինքն էլ չի իմացել, որ ինքը շաքար ունի: Բայց դա իրենց (բժիշկների–հեղ.) գործն ա, պետք է իմանան, նոր անեն: «Էրեբունի»-ում էլ հնարավոր ամեն բան  անում էին, ես այնտեղ էի, տեսնում էի, էլի, որ ամեն ինչ անում էին… Ուզում էին էդ գլյուկոզան դուրս բերեին միջից, չդիմացավ»:

 

Դեպքի մանրամասների հետ կապված` Yerkir.am-ը կապվեց «Էրեբունի» ԲԿ ընդունարանի վարիչ Հասմիկ Սաիյանի հետ: Նա հայտնեց, որ տղան իրենց մոտ տեղափոխվել է շատ ծանր, գրգռված վիճակում` արյան մեջ շաքարի պարունակությունը շատ բարձր է եղել, նորմայից ցածր է եղել է օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության միավորը, ջերմություն է ունեցել, թոքերում երկկողմանի խզզոց է եղել:

 

«Գլյուկոզան շատ բարձր է եղել, առաջնակի հայտնաբերված շաքարային դիաբետ է եղել: Հիմա, թե ինքը մեկ տարի, կես տարի, թե տասն օր է տառապել շաքարային դիաբետով, չեմ կարող ասել: Դրա համար հատուկ անալիզներ էր պետք անել պլանային կարգով, բայց էդ պահին դրա մասին մտածելն անլուրջ էր»,- ասաց Հ. Սաիյանը:

 

Իսկ այն ճշգրտմանը, թե արդյո՞ք հենց իրենց մոտ է հայտնաբերվել, որ տղան շաքարային դիաբետ ունի, Հ. Սաիյանը պատասխանեց. «Գուցեև ուրիշ տեղ էլ է հայտնաբերվել, բայց նա այնպիսի վիճակում է եղել` անամնեզ չկար, թոքերը ճպճպում էին, երկու  կողմից խզզում էր, ջերմությունը` բարձր, շաքարը` բարձր, այսինքն` հիվանդը էնպիսի վիճակի մեջ  էր, որ ոչ մեկ չէր կարող կողքից ինֆորմացիա հավաքել»:

 

Բժիշկը հավելեց նաև, որ ամեն դեպքում իրենք ինֆորմացիա չեն ստացել, որ մինչ այդ տղան հակադիաբետիկ դեղորայք է ստացել: Իսկ իրենց մոտ համապատասխան միջոցները ձեռնարկվել են` տղային առողջացնելու համար. «Մեզ մոտ սկսել են ինսուլին անել:  Սկզբում նույնիսկ շաքարը չի որոշվել, էնքան բարձր է եղել` մինչև 30: Փորձել են իջեցնել, որ անտիբիոտիկ տան, չեն հասցրել…»:

 

Yerkir.am-ը կապվեց նաև «Արմենիա» ԲԿ մասնագետների հետ, սակայն որևէ որոշակի պատասխան ստանալ այդպես էլ չստացանք: Նախ` ընդունարանից զանգին պատասխանողը հայտնեց, որ իրավասու չէ մեր հարցերին պատասխանել. «Ես ընդունարանի բուժքույր եմ, իսկ նրան ընդունել են  մեկ օր առաջ: Հերթապահությունն ավարտվել է, գնացել են, միայն կարող եք բաժնից իմանալ»:

 

Նա տվեց վերակենդանացման բաժանմունքի հեռախոսահամարը, սակայն այստեղ էլ ուղղորդեցին մեկ այլ` էնդոկրինոլոգիական բաժանմունք զանգահարել, այնտեղ էլ զանգերին պատասխանող չեղավ:

 

«Էրեբունի» ԲԿ-ից տեղեկացանք նաև, որ նրանք Մինասին ընդունել են երեկ` ժամը 16-ին մոտ, իսկ մահը գրանցվել է այս գիշեր` ժամը 3-ին մոտ